Իրանական կողմը բարեկամական քայլ չի համարում Ադրբեջանում 14 Իրանի քաղաքացու հռչակումը անցանկալի անձ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Ընդհանուր առմամբ 14 Իրանի քաղաքացու անցանկալի անձ հռչակումը իմաստ չունի, քանի որ այդ անձանցից ոչ ոք դիվանագետ չէ և չի գտնվել Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Սակայն այդ քայլը չի կարելի անվանել բարեկամական», – ընդգծել է Բաղային:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ այդ կապակցությամբ ադրբեջանական կողմին պաշտոնական բողոք է փոխանցվել. – «Մենք բացահայտորեն մեր բողոքն ենք արտահայտել: Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ նրան ներկայացրել են մեր բողոքի դիրքորոշումը: Հետագայում մենք նաև քայլեր կձեռնարկենք, որոնք անհրաժեշտ կհամարենք, և կտեղեկացնենք այդ մասին»:
Նոյեմբերի 3-ին ադրբեջանական APA-ն հաղորդել էր «լրատվամիջոցներում և սոցցանցերում Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցնող և թշնամանք հրահրող» 14 իրանցու անցանկալի անձ հռչակելու մասին՝ առանց մանրամասներ հրապարակելու: Այդ անձանց, որոնց թվում կան կրոնական գործիչներ, գիտնականներ, պաշտոնյաներ, թերթի խմբագիր և դերասան, արգելվել է մուտք գործել Ադրբեջան:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն



















































