Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանն ու Լիլիթ Մակունցը Հյուսիսային պողոտայում էին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 30,2018 22:40

«Տեսանյութը, որը  տեսել եմ, կասեի, որ դուք էլ սկզբում ձեզ լավ չեք պահել: Իրենք, որպես ոստիկաններ, նկատողություն են արել, իսկ դուք օրինական հորդորին չեք հետեւել, ոչ ադեկվատ վիճակում եք եղել»,- այսպես դիմեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում մոտենալով բերման ենթարկված երաժշտին:

Ոստիկանապետն իր մտահոգությունը հայտնեց համացանցում շրջանառվող տեսագրության մասով, որից տպավորությունն այնպիսին է, թե երաժիշտը ճիշտ է, իսկ ոստիկանները սխալ են եղել: Վալերի Օսիպյանն ասաց, որ ալկոհոլ չի կարելի օգտագործել: Ըստ նրա, երաժիշտները գինովցած են եղել: Երաժիշտներից մեկն էլ արդարացավ`հարբած չեն եղել, մի քանի բաժակ հայկական գինի են խմել:

Հիշեցնենք, այսօր երեկոյան, Հյուսիսային պողոտայում «Երաժշտությունն ընդդեմ բռնության» խորագրով ակցիա է իրականացվում:  Ակցիայի հեղինակները Ուկրաինայից եւ Վրաստանից ժամանած երաժիշտներ են: Ակցիան պատասխան է մոտակայքի շենքերի բնակիչների դժգոհություններին, որ երաժիշտները խանգարում են իրենց երեկոյան անդորրը: Երկու օր առաջ նաեւ ոստիկանների եւ երաժիշտների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել: Ավելի վաղ, ոստիկանապետը հայտարարել էր, որ փողոցային երաժիշտների գործունեությունը կսահմանափակվի, քանի որ բնակիչներից բողոքներ ունեն:

Իսկ երաժիշտների եւ ոստիկանների միջադեպի մասին ահազանգել էր հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը` ֆեյսբուքյան գրառմամբ. «Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ պետք է կանգնեիր, որ լսեիր։ Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանի ու իմ բանավեճից հետո Հյուսիսային պողոտայի երաժիշտներին հանգիստ թողեցին»: Նա նաեւ տեսանյութ էր հրապարակել, ինչը համացանցում տարատեսակ դժգոհությունների առիթ տվեց`կապված ոստիկանության աշխատանքի հետ:

Այսօր,  Հյուսիսային պողոտայում ընթացող ակցիայի ժամանակ, շատերի համար անսպասելի, «դեպքի վայր» եկավ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ասաց`եկել է համոզվելու, որ միջադեպից հետո իրավիճակը հանդարտվել է եւ ամեն ինչ նորմալ է: Լրագրողների հետ զրույցում, ոստիկանապետն իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ կան մարդիկ, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակում ստվեր գցել ոստիկանության վրա. «Բայց ոստիկանությունն իր գործառույթն է իրականացնում»:

Ի դեպ, անձը, ում հետ երաժիշտները կոնֆլիկտ են ունեցել, ըստ ոստիկանապետի, անձամբ է ներկայացել ոստիկանություն:
Երաժիշտներից մեկը հետաքրքրվեց` կարո՞ղ են ազատ նվագել: Ոստիկանապետը դրական պատասխան տվեց:

Հյուսիսային պողոտայում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Վերջինս նույնպես ցանկանում էր համոզվել, որ ամեն ինչ կարգին է: Ասաց`մինչ պատրաստվում էին միջադեպին անդրադառնալ հայտարարությամբ, ոստիկանությունն արդեն հայտարարություն արեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031