Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցալուծման միտումներ՝ կառավարության ծրագրի շրջանակներում

Հոկտեմբեր 09,2018 23:33

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միտումներ են դրսեւորվում։ Անկախ խորհրդարանական խմբակցությունների միջեւ կայացման ընթացքում եղած բանակցությունների հավանական դրական ելքի ուրվագծումից, արժի վերանայել կառավարության ծրագիրը։ Այլ կերպ ասած՝ լուսարձակի տակ առնել այն հիմնադրույթները, որի շուրջ համաձայնել են գործող խորհրդարանի բոլոր խմբակցությունները։ Համաձայնել են եւ՝ ձեռք բերել պայմանավորվածություն։

Այսպես.

– Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,

– Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների  մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,

– Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և

վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող

ժամերին,

– Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,

-Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը  երաշխավորող այլ փոփոխություններ։

-Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

Այժմ, որ ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, ենթադրել է տալիս, որ կա հստակ միտում մինչեւ դեկտեմբեր մշակելու եւ հաստատելու օրենքը, որի հիման վրա պիտի կայացվեն արտահերթ խորհրդակցական ընտրությունները։

Այսպես՝ հայեցակարգի հիմնադրույթների կարեւորագույն կետերը.

– Ընտրությունները պիտի անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ճշտված ցուցակներով: Ռեյտինգային ընտրակարգը ամբողջությամբ պիտի վերանա։

– Կուսակցությունների համար անցողիկ շեմը կսահմանվի 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս:

– Հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն նվազագույնը 4 քաղաքական ուժ։

– Որոշ փոփոխությունների կենթարկվեն նախընտրական քարոզչության խաղի կանոնները: Կտրվեն ավելի լայն հնարավորություններ՝ քարոզչություն իրականացնելու, բանավեճեր կազմակերպելու եւ բանավեճերին ընտրացուցակները գլխավորող դեմքերի մասնակցությունը ամրագրելու եւ ընդհանրապես ընտրություններին հավասար հնարավորություններ ձեւավորելու։

Եթե մի կողմից կա շտապողականություն արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելու, մյուս կողմից կա նաեւ որոշակի նախաձեռնություն՝ կառավարության ծրագրով կայացած պայմանավորվածությունները չշրջանցելու։

Ծրագրի իրականացման օրինական երաշխիքները անհրաժեշտ է անպայման ամրագրել։ Այդ հիմնադրույթները  նպատակադրում են, ըստ էության, ժողովրդի կամարտահայտության խորհրդարանում համարժեք արտացոլումը։ Վարկանիշային ընտրակարգի բացառումը, անցողիկ շեմի նվազեցումը եւ ներկայացված կուսակցությունների թվի մեկ միավորով բարձրացումը հանրապետության ժողովրդավարացման նպաստող կարեւորագույն գործոններ են։ Խոհրդարանական համակարգով ղեկավարվող Հանրապետությունում խորհրդարանի կայացրած որոշումները գերակշիռ են եւ դրանց ամբողջական իրականացումը բխում է գործող Սահմանադրության ոգուց եւ տառից։ Համակարգային փոփոխության իրականացման նախադրյալներն են՝ նորացված Սահմանադրությունը, խորհրդարանական կառավարման համակարգն ու ընտրական նոր օրենսգիրքը։ Իսկ ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ կայացումը հավելյալ նշաձող կապահովի մեր երկրի ու պետության միջազգային հեղինակությանը։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031