Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն գնով նախկին ղեկավարների հետ հաշիվների մաքրումը ճիշտ չէ և հեռու է մեր ընդհանուր պատկերացումներից». Կոնստանտին Զատուլին

Հոկտեմբեր 29,2018 20:55

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսամիացման ընթացքում ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը դժգոհություն հայտնեց, որ հոկտեմբերի 7-ի իր՝ Հայաստան կարճաժամկետ այցն անվանում են այցելություն ու մանրամասնեց. «Բավականին բարձրագոչ է իմ՝ հոկտեմբերի 7-ի կարճաժամկետ այցը համարել այցելություն, բայց եթե ամերիկացի պաշտոնյայի՝ նկատի ունեմ Բոլթոնին, նույն կարճաժամկետ այցը կոչում եք այցելություն, ապա իմն էլ կարող եք կոչել»:

Կոնստանտին Զատուլինը վստահեցրեց՝ ընդհանուր առմամբ ՌԴ-ն մեծ ուշադրությամբ հետևում է այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում և նշեց. «Ռուսաստանն, ընդհանուր առմամբ ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին։ Մենք տրամադրված ենք երկկողմ հարաբերությունների զարգացման ցանկացած կառավարության օրոք։ Հուսով եմ` նույն տրամադրվածությունը կա նաև Հայաստանում»:

Կոնստանտին Զատուլինը հույս հայտնեց, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա և հիշեցրեց՝ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի միակ «լիամասշտաբ» դաշնակիցն է։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահը հուսով է՝ երկիրը կհաղթահարի ներքին բոլոր մարտահրավերներն ու կշարունակի զարգանալ:

Նա նաև բարձր գնահատեց այն, որ ՀՀ-ում ստեղծվում է Լազարյան ակումբը, որտեղ պարբերաբար կհավաքվեն փորձագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ և կքննարկեն երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր:

Դառնալով Բոլթոնի՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցին՝ Կոնստանտին Զատուլինն ասաց. «Նրա այցը ԱՄՆ վարչակազմի գովազդով էր ուղեկցվում: Տարօրինակ կլիներ կարծել, որ Բոլթոնը գալու է ՀՀ ռուս-հայկական հարաբերությունների մասին խոսելու: Նա իր ապրանքն առաջարկեց: Հայաստանի գործն է ընդունել այդ առաջարկը, թե ոչ, բայց հիշեցնեմ՝ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում հատուկ պայմաններով: Ինքս մեծ հեռանկար չեմ տեսնում՝ Հայաստանի՝ ամերիկյան զենք գնելու առումով: Դա չեմ տեսնում և ֆինանսական, և քաղաքական առումով: Քաղաքական առումով Ամերիկայից զենք ձեռք բերելու դեպքում Հայաստանը դիրքավորում է ստանում: Վատ կլիներ, որ Հայաստանը տրվեր այդ ամենին և Իրանի հետ հակամարտության մեջ մտներ ու հայ-իրանական սահմանին լարվածություն ստեղծեր»:

Կոնստանտին Զատուլինը հիշեցրեց, որ Բոլթոնը հորդորել էր՝ անցյալի բոլոր նախապաշարմունքները մոռանալ: Այս առիթով նա ասաց. «Դա նշանակում է մոռանալ Հայոց ցեղասպանությունը: Եվ սա ամենը չէ. Բոլթոնը նաև նշեց, որ բավականին բարձր վարկանիշ ունեցող իշխանությունը կարող են իրենց թույլ տալ ղարաբաղյան հակամարտության ոլորտում խնդիրները լուծել այլ որոշումներով ու տարբերակներով: Ինչպես գիտենք ՀՀ ներկայիս իշխանությունները վայելում են հասարակության մեծամասնության վստահությունը, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այս հարցով: Դուք ինքներդ պիտի որոշեք, թե ինչ չափով կարելի է լսել ամերիկյան ազդանշանները, որոնք ձեզ տրվում են»:

Դառնալով ՀԱՊԿ գլխավոր Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքներին՝ Կոնստանտին Զատուլինն ասաց. «Ինձ դուր չի գալիս այն իրավիճակը, որ ներքին խնդիրներն արտացոլվում են արտաքին քաղաքականության մեջ և ՀԱՊԿ-ի քարտուղարությանը կասկածի տակ են դնում, որը ղեկավարում է Յուրի Խաչատուրովը: Ամեն գնով նախկին ղեկավարների հետ հաշիվների մաքրումը իմ կարծիքով ճիշտ չէ և հեռու է մեր ընդհանուր պատկերացումներից: Կարծում եմ՝ դա մարդկային առումով բացատրելի է և հենց դրա համար էլ պետք է չդառնա քաղաքական գիծ: Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է քաղաքական գործիք, բայց պետք է տարբերել քաղաքական հետապնդումները կոռուպցիայի դեմ պայքարից: Եթե շարունակի նույն ոգով ՀՀ-ն իր վարկանիշը կկորցնի ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներում, այլև ողջ միջազգային հանրության աչքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031