Գագիկ Ծառուկյանի եւ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը ձեւավորվել է մեկ ամիս առաջ։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը այսօր հրավիրված հերթական ասուլիսում նշեց, որ այն ի սկզբանե ձեւավորվել էր «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհուրդ» կարգախոսի ներքո, սակայն Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ եւ առաջարկով ընդլայնեց իր գործունեության սահմանները եւ այսօր արդեն զբաղվում է անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների, ինչպես նաեւ Բաքվում պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ։
«Մենք այս հանդիպումները պարբերական ենք դարձրել, որովհետեւ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը դառնում է պաշտպանության կարիք ունեցող թիվ մեկ առաջնահերթություն։ Եվ մարդու իրավունքների ոտնահարումը, ցավոք սրտի, այլևս դարձել է սովորական գործելաոճ։ Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ մենք տեսնում ենք, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում տարբեր քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի առաջնորդների նկատմամբ։ Եվ բոլոր այս խնդիրների բարձրաձայնումը դառնում է բացարձակ առաջնահերթություն։
Ես հակիրճ անդրադառնամ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացներին, որովհետեւ նախորդ ասուլիսին հաջորդած ժամանակահատվածում որոշակի պրոցեսներ են տեղի ունեցել։ Ինչպես նաեւ կմասնավորեցնեմ խորհրդի աշխատանքի մի քանի ուղղություններ, որոնք վերջին 20 օրերի ընթացքում իրականացվել են։
Առաջին հերթին պետք է ասեմ, որ այս ժամանակահատվածում խորհրդի անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային կառույցների, գործընկեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացվել են զեկույցներ, որոնք արտացոլում են Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ տնտեսական անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման վերաբերյալ փաստեր։
Կարդացեք նաև
Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք ընկերություններ արդեն երեք ամիս կապարակնքված են եւ դրանց գործունեությունը պարալիզացված է, ինչի հաշվին տասնյակ հազարավոր մարդիկ զրկված են աշխատելու եւ իրենց հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունից։ 21-րդ դարում տնտեսական այս տեռորը, որ իրականացվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի հետքերով, կոնկրետ վնասում է մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին եւ նրանց ընտանիքներին։
Այս ժամանակահատվածում մեզ համար շատ կարեւոր է եղել հանրային այն աջակցությունը, որը Գագիկ Ծառուկյանը, նրա ընտանիքի անդամները ստացել են մեր հայրենակիցներից, սփյուռքի մեր քույրերից ու եղբայրներից։ Եվ կոնկրետ պատկառելի կազմով այս խորհուրդը, որ ձեւավորվել է, դրա ցայտուն վկայություններից մեկն է ու ապացույցը, որ Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում, նրա սահմաններից դուրս նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեկ կառույցի շրջանակներում համախմբել է մարդկանց, որոնց առաջնահերթությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն է։
Վերջին ամիսների ընթացքում, եթե մի քանի ուղղություններով անդրադառնալու լինենք տարբեր գործընթացների, պետք է ասել, որ բացի տեղեկատվական մանիպուլյացիոն տեռորից, իշխանությունը որեւէ ակնառու գործընթացով հանդես չի եկել։ Սա շեշտում եմ, որովհետեւ կոնկրետ եթե վերցնելու լինենք «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունների հետ կապված այն չհիմնավորված տեղեկատվությունը, որ նետվում է մամուլ եւ ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գործող կայքերի միջոցով գեներացվում են, եթե մեր ժամանակը տրամադրենք դրանցից յուրաքանչյուրը հերքելուն, ապա զբաղված պետք է լինենք միայն դրանով։
Ուզում եմ շատ կարճ անդրադառնալ կոնկրետ «Արարատ Ցեմենտ» գործարանի հետ կապված տեղեկատվական մանիպուլյացիոն ինֆոտեռորին։ Պարբերաբար շրջանառության մեջ է դրվում այն թեզը, որ «Արարատ Ցեմենտ» գործարանը Գագիկ Ծառուկյանը կամ նրա հետ փոխկապակցված կազմակերպությունները սեփականաշնորհել են ընդամենը $ 200 հազարով։ Այս միտքն անընդհատ գեներացվում է՝ տպավորություն ստեղծելով, թե շատ մատչելի գնով՝ կոպեկներով է սեփականաշնորհվել։ Սակայն ինչպես ցանկացած այլ դեպքում, այս դեպքում եւս դա իրականության հետ բացարձակ առնչություն չունի։ Կոնկրետ «Արարատ Ցեմենտ» գործարանը, որի բաժնեմասերը, այո, ձեռք են բերվել այդ գնով, սակայն կոնկրետ Գագիկ Ծառուկյանը ունեցել է պարտավորություն՝ տասնյակ միլիոնավոր դոլարների պարտքերը մարելու, որոնցից մասնավորապես միայն էլեկտրաէներգիայի պարտքի գումարը կազմել է $ 7մլն, որը, բնականաբար, վճարվել է։ Բացի դա, այս տարիների ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարվել, նաեւ գործարանը բարեկարգվել է եւ մշտապես հազարից ավելի աշխատատեղ է ունեցել»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Խոսնակը նաեւ հիշեցրեց ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին։ «Մեր այս ասուլիսը տեղի է ունենում 44-օրյա պատերազմի տարելիցի նախաշեմին, որի արդյունքը եղավ նաեւ Արցախի կորուստը։
Այս մասին այսօր հիշում եմ, որովհետեւ 2020 թ. հունիս ամսին Գագիկ Ծառուկյանը սկսեց խոսել արտաքին սպառնալիքների, Արցախի կորստի մասին եւ սեպտեմբերին կալանավորվեց։ Կալանավորվելուց եւ մեկուսարան մտնելուց րոպեներ առաջ նրա վերջին հարցազրույցը հենց այդ սպառնալիքների մասին էր։ Եվ երբ Գագիկ Ծառուկյանը խոսում էր այդ վտանգների մասին,, նրան պարզապես կալանավորեցին։
2026 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը նորից խոսում էր արտաքին սպառնալիքների, տնտեսական վտանգների եւ բոլոր հնարավոր պարտությունների մասին, որոնք պատուհասի նման կախված են Հայաստանի գլխին, այս անգամ եւս Գագիկ Ծառուկյանին կալանավորեցին։ Եվ այն դեպքում, երբ որ Գագիկ Ծառուկյանի հրապարակային խոսքի մեխը եւ շեշտը մշտապես եղել է ներքին համերաշխությունը, հանդուրժողականությունը եւ առողջ երկխոսության առաջնահերթությունը։
2020 թվականից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումը, վեց տարի շարունակվող դատավարությունը ավարտվեց նրանով, որ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց։ Հիմա հերթական փորձությունն է։ Այս դեպքում եւս գործ ունենք առանց փաստի քրեական գործի հետ, որը վաղ թե ուշ ունենալու է իր հանգուցալուծումը։
Արդարությունը հաղթելու է եւ Գագիկ Ծառուկյանը լինելու է ազատության մեջ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային



















































