Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվել է Հետախույզի օրը

Նոյեմբեր 10,2018 18:14

Նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում նշվել է Հետախույզի օրը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան սպաներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ:

Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմական հետախուզության դերն ու նշանակությունը թե Արցախյան հերոսամարտի օրերին, թե ժամանակակից մարտի վարման պայմաններում: «Վաղ ազդարարման համակարգի եզակի առաքելություն, հրամանատարությանը և մյուս զորատեսակներին ճշգրիտ տեղեկություններ ոչ միայն հակառակորդի ուժերի, միջոցների ու  դրանց տեղաբաշխման, այլև մտադրությունների ու պլանների մասին, պատժիչ կամ կանխարգելիչ գործողություններ հակառակորդի թիկունքում՝ այսպիսի անելիքներ ունի հետախույզը: Վերջին տարիները հայկական բանակի համար առանձնանում են մեծ ծավալներով ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձր տեխնոլոգիական սպառազինության համալրմամբ: Բնական է, որ նման միջոցները առաջին հերթին հատկացվում են հետախուզական ստորաբաժանումներին: Եվ հպարտության մեծ առիթ է, որ այդ միջոցներից շատերը մշակվել կամ արտադրվել են Հայաստանում»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Միջոցառման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին է հանձնել հետախուզության վարչության ռազմադրոշը: Տարբեր զորամասերի մի խումբ հետախույզներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, խրախուսվել շնորհակալագրերով, պատվոգրերով և նվերներով։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930