Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված ոստիկանի մայր. «Սասնա ծռերին» քաղաքականություն մտցնողներն իմ բախտին արժանանան»

Նոյեմբեր 25,2018 13:48

Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով՝ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ Արցախում ունեցած ելույթին, որտեղ պարոն Գրիգորյանն ասում է, թե «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հերոս են եւ պետք է բոլորն ազատ արձակվեն (ըստ այդմ՝ ներառյալ սպանության մեջ մեղադրվողները), ՊՊԾ գնդի գրոհի ժամանակ ծանր վիրավորում ստացած եւ մեկ ամիս անց մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանն ասաց. «Շատ սխալ են խոսում, նրանք հերոսներ չեն, ահաբեկիչներ ու մարդասպաններ են: Հերոսն իմ տղան է: Ստեփան Գրիգորյանը թող խորը մտածի, նոր խոսի: Չեն հասկանո՞ւմ, թե ինչ ցավ է միակ տղային կորցնելը մարդասպանների ձեռքով, ախր դա անիմաստ մահ էր»:

Տիկին Անահիտը հավելեց, որ թեեւ Ժիրայր Սեֆիլյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է, թե ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրենց արգելել է հանդիպել Սեֆիլյանի եւ «Սասնա ծռերի» հետ, սակայն դա զոհված ոստիկանների հարազատների որոշումն է:

«Ինչ է, մենք թասիբ չունե՞նք, զգացմունք, սիրտ ու հոգի չունե՞նք, որ էդ խեղճ մարդուն (Վալերիյ Օսիպյանին-Գ.Հ) են մեջտեղ գցում….Շատ սխալ են անում, թող իզուր տեղը հեքիաթներ չհորինեն, թող իրական հեքիաթ հորինեն, թե չէ ինչ ֆանտազիա ունեն, խոսում են: Ամոթ իրենց, որ նման բաներ են ասում: Մենք ինքներս չենք ուզում Սեֆիլյանի հետ հանդիպել, մեր թշնամու հետ ո՞նց հանդիպենք, դա լինելու բան չի…Շատ իզուր, որ մեզ հետ հանդիպում են փնտրում:

Ես բազմիցս հարցազրույցներում ասել եմ՝ ովքեր «Սասնա ծռերին» աջակցում են, հովանավորում են, թող իմ բախտին արժանանան: Նաեւ նրանք, որոնք հովանավորեցին, որ «Սասնա ծռերը» մտնեն քաղաքական դաշտ:

Իրենք չպետք է ազատ արձակվեն, պետք է ցմահ դատապարտվեն: Ուզում եմ ասել, որ սխալ արտահայտություններ չանեն: Իբր ուրախ եմ, որ մտնում են քաղաքական դաշտ այդպիսի ագրեսիվ մարդիկ, մի հատ էլ ուզում են հերոս ձեւանա՞ն: Նրանք ագրեսիվ դահիճ մարդասպաններ են, որոնց պատճառով իմ տղան զոհվեց»,- ասաց Անահիտ Մկրտչյանը:

ՊՊԾ գնդի գրավման առաջին զոհի՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի որդին՝ Ժորան ընդհանրապես չցանկացավ մեկնաբանել Ստեփան Գրիգորյանի հայտարարությունը:

Հավելենք, որ Ստեփան Գրիգորյանն Արցախում նաեւ հայտարարել էր, որ «Սասնա ծռերը», դեսպան Արա Պապյանը եւ ինքը միասին լուրջ դաշինքը են, եւ ինքը որպես քաղաքագետ խոստում է տալիս, որ բանտում գտնվողներն էլ ազատ կարձակվեն, քանի որ «Սասնա ծռերը» եւ Ժիրայր Սեֆիլյանը հերոս են:

Ստեփան Գրիգորյանի ելույթը Արցախում

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու, համամասնական ցուցակի երկրորդ համարը ներկայացնող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ելույթը՝ նոյեմբերի 17-ին Շուշիում կայացած Սասնա Ծռեր Արցախյան կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ

Gepostet von Սասնա Ծռեր Համահայկական Կուսակցություն am Dienstag, 20. November 2018

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    էհ, գոնէ վերջապէս Մամուլի մէջ ձայն մըն ալ տուիք զոհերուն
     
    խնդրոյ առարկայ խումբը, շուտով, ամենամեծ եւ ամենալուրջ գլխացաւն է դառնալու զայն «քաղաքականություն մտցնողներուն»
     
    մինչ այդ, այդ անձինքը պէտք է որ մտածեն՝ լուրջ ու հարազատ զղջում յայտնելու, իրենց արարքի ընթացքին մահացածներուն համար. հաւանաբար կը կարծեն թէ ատիկա տկարութեան նշան է, կամ ալ կրնայ մեկնաբանուիլ որպէս զղջում ընդհանուր արարքին նկատմամբ. այդպիսի մարտավարական նկատառումներ պէտք է որ մէկդի դրուին, առ ի նուազագոյն մարդասիրութիւն, առ ի տարրական յարգանք՝ անմեղ մեռեալներուն վշտաբեկ ընտանիքներուն հանդէպ.
     
    այն ինչ որ  իրենց պիտի ըսէին, եթէ առանձնաբար հանդիպէին, թող քաջութիւնը ունենան ըսելու հանրային կերպով. այդ պատճառով բան չի փոխուիր, բացի՝ ի նպաստ իրենց. քանզի զիրենք չաստուածացնողները կը շարունակեն ամէն դէպքում զիրենք այդպէս խնկարկել ու փառաբանել, սակայն… մնացեալներէն ոմանք, կրնան թերեւս քիչ մը բարեացակամ դառնալ իրենց նկատմամբ.

    մինչեւ հիմա, ընդհակառակն, իրենք եւ իրենց համակիրները կը ջանան տեւաբար «արդարացնել» այդ գործողութեան արիւնալի եւ մահացու հետեւանքները.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930