Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես, կամ՝ անցյալի դառը փորձը

Նոյեմբեր 27,2018 22:30

Քաղաքական գործչի պատասխանատվությունը չի սահմանափակվում ժողովրդի պատվերը կատարելով։ Քաղաքական գործչի առաքելությունը հանրային պատվերի ձևավորման առաջամարտիկ լինելն է։ Սա վերաբերում է ինքնիշխան երկրներին։ Գաղութացված երկրներում իրավիճակն այլ է։

Գաղութարարը չի հանդուրժում գաղութում ազատ խոսք, առավել եւս, երբ այդ խոսքն իր հիմքում կրում է անկախության արժեքներ: Այդ պատճառով քաղաքական ղեկի հավակնորդները խուսափում են գաղութարարի շահերին հակասող քայլերից՝ այդքանով ապահովելով նրա համակրանքը կամ աջակցությունը: Այդպես եղավ նաև ապրիլ-մայիսյան դեպքերի ժամանակ, երբ վարչապետի թեկնածուն հանրահավաքի հարթակից, այնուհետև ԱԺ ամբիոնից խոստացավ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շարժեր չանել և շարունակել նախորդ ուղեգիծը:

Սակայն հասարակության մի մասի, մասնավորապես՝ լրագրողների հիշողության մեջ թարմ են անցած տարվա ընտրությունների ժամանակ «Ելք»-եցիների ելույթներն արտաքին քաղաքական փոփոխությունների, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ: Ուստի բնական է, որ այս շրջանում  նրանց հաճախ են տրվում ԵԱՏՄ-ից դուրս գալու, ինչպես նաև արտաքին քաղաքականության փոփոխության վերաբերյալ հարցեր: Եվ սպասելի է, որ նման հարցերը շրջանցվելու են՝ հանրության կողմից արտաքին քաղաքական գիծ փոխելու պատվերի բացակայության պատճառաբանությամբ:

Այստեղ կարելի է արձանագրել, որ ժողովուրդը նման պատվեր չի տալիս, քանի որ սթափ տարբերակում է քաղաքականություն որդեգրելու և փոխելու ռիսկերը։ Քաղաքականություն կարող է փոխել սուվերենը՝ ինքնիշխանը, իսկ գաղութացված վիճակում գտնվողի կողմից քաղաքականություն փոխելու ցանկացած ճիգ որակվելու է դավաճանություն և, ըստ այդմ՝ պատժի արժանի։ Այդպես եղել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին, երբ ժողովուրդը անփորձ ու անձեռնահաս քաղաքական ուժերի առաջնորդությամբ փորձում էր մի կայսրության հպատակությունը փոխել մյուսով. հետևանքների 100-ամյակը վերջերս նշեցինք։

Ներկայում, ավելի քան քառորդդարյա պետականությունը համտեսած ժողովուրդը կամ ավելի ճիշտ՝ նրա մեծ մասը չի տալիս չեղած, կամ ուրիշին պատկանող քաղաքականությունը փոխելու համայնքայինի պատվեր, որովհետև զգում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը որոշվում է Հայաստանից դուրս, Հայաստանից անկախ: Այսինքն՝ զգում է, որ Հայաստանը դեռ գտնվում է գաղութացված վիճակում և իրապես անկախ չէ: Եվ սա է պատճառը, որ ձևակերպում է իրական ազատություն և անկախություն ձեռք բերելու հստակ պատվեր՝ իր չդադարող Ազատ-Անկախ-Հայաստան կոչով, ինչն արհամարհելը կամ նենգափոխելը կոչմանը դավաճանություն է նշանակում։

Ժողովրդի այս պարզ պատվերը շահարակումներից պաշտպանելու համար կարելի է աշխարհում ընդունված բնորոշումներով տարանջատել հասարակական պատվերը կատարողին, չընկալողին, արհամարհողին և սահմանողին: Ժողովուրդն իր ձևակերպած պատվերը կատարողին անվանում է չինովնիկ, չընկալողին՝ տգետ, չընդունողին՝ դավաճան, սահմանողին՝ առաջնորդ։ Եվ հաշվի առնելով այն, որ ժողովրդի պատվերի վերաբերյալ շահարկումն ընդգրկում է նաև միջոցի ընտրության հարցը, կարելի է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ժողովրդի պատվերը կատարելու ձևը, եղանակը, ճամփան ընտրողը մեկ մարդ է: Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես։

 

ՀԱՅԿ  ՄԻՐԶՈՅԱՆ

Պահպանողական կուսակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930