Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե չենք ուզում կրկնել մեր պատմության դառը էջերը, խորհրդարանում պիտի ունենանք վերահսկող ուժ»․ Արա Պապյան

Դեկտեմբեր 02,2018 22:49

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար,
Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն այսօր Գյումրիում պարզաբանեց, թե ինչու իր ողջ կյանքում չլինելով կուսակցական՝ որոշեց աջակցել «Սասնա ծռերին»։

Ըստ նրա, «Սասնա ծռերն» ազգային գաղափարախոսության կուսակցություն է, ունի թե՛ առաջիկա տարիների ծրագիր, և թե՛  հեռագնաց ծրագիր։

«Աջակցում եմ, որովհետև կարծում եմ Արցախի հարցում ամենասկզբունքային դիրքորոշում ունեցող կուսակցությունն է, սա խիստ կարևոր է։ Աջակցում եմ նաև, որ սկզբունքային լինելով հանդերձ՝ կարողանում է երևույթների ներսում տեսնել այնպիսի զարգացումներ, որոնք շատ, այսպես ասած, ավանդական կուսակցություններ չեն տեսնում։ Այսօր մենք առավոտվանից շրջում էինք Շիրակի մարզի տարբեր գյուղեր և քաղաքներ և իմ տպավորությունն իրարամերժ էր․ մի կողմից ուրախանալու առիթ կար, որ մարդիկ պատրաստ են գալ, քննարկելու, իրապես վախի մթնոլորտն էապես իջել է, չէի ասի ամբողջովին վերացել է, կա, այսպես ասած, հնից մնացած զգուշավորություն, բայց մարդիկ գալիս են, հանդիպում են, սկսում են քննարկել»,-ասաց Արա Պապյանը։

Նա նշեց, որ բնակիչների մոտ թյուր և կեղծված տեղեկություններ կան տարածված «Սասնա ծռերի» մասին, այնպիսի բաներ են վերագրում, որոնցով էապես աղճատում են կուսակցության սկզբունքային դիրքորոշումը։

«Կայի ծայրահեղ տեսակետներ, տեսակետներ, որոնք խիստ ոգևորիչ էին, և մարդիկ հստակորեն արտահայտվում էին, բայց կային տեսակետներ, որոնք 2018 թվականի համար, իմ կարծիքով, մի փոքր հնացած էին արդեն։ Ազնվորեն պիտի ասեմ, դա ավելի տարեց սերունդի մոտ էր և հիմնականում կապված էր Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ։ Մարդիկ  չեն պատկերացնում հաճախ, որ պետությունները փոխադարձ շահի վրա  են խարսխում իրենց հարաբերություններն, այնտեղ չկան սիրային հարաբերություններ։ Կա շահ, և այն, երբ պետությունը ընկալում է,անկախ նրանից մեծ կամ փոքր պետություն ես, ինքը քեզ ավելի բարձր է գնահատում։ Բայց ուրախալի է, որ այդ նույն գյուղում երիտասարդ սերունդն ավելի հստակ էր պատկերացնում շատ իրավիճակներ և քննարկում էր։ Այ, սրանք են հուսադրողները»,-ասաց քաղաքագետը;

Նա կարևորեց այն հանգամանքը, որ « Սասնա ծռերը», խորհրդարան մտնելով, վերահսկողական դերակատարություն կունենան։

«Այս վերահսկող գործառույթը ստանձնելու կարիք կա, որովհետև մի քիչ անհեթեթ իրավիճակ է ստացվում, երբ որ նույն կուսակցությունը լինում է գործադիրը և այդ գործադիրին վերահսկող ուժը էլի նույն կուսակցությունն է։ Իսկ մենք տեսել ենք․ չէ՞, երբ որ նույն կուսակցությունը հանդիսանում է և՛ գործադիրի և օրենսդիրի մեծամասնություն, ինչ է լինում։ Այսինքն` այդ վերահսկողությունը շատ կարևոր հանգամանք է, եթե մենք չենք ուզում կրկնել մեր պատմության շատ դառը էջեր»,- ասաց Արա Պապյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31