Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական որ մարզպետն՝ որքան ձայն է բերել «Իմ քայլին»

Դեկտեմբեր 10,2018 19:07

ԲՀԿ-ից թիվ 12 ընտրատարածքում՝ (Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր) վարկանիշային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը վարչական լծակներ է օգտագործել՝ հօգուտ «Իմ քայլը» դաշինքի:

Հունան Պողոսյանն էլ ի պատասխան, հերքել է այս հայտարարությունը, վստահեցնելով՝ ընտրողներին չեն ուղղորդել: Հասկանալու համար, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ մարզպետերն իրենց ընտրատարածքներում ըստ քվեների, Aravot.am-ը ի մի բերեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ մարզպետերի հավաքած ձայներն ու այդ մարզերում «Իմ քայլը» դաշինքի ձայները:

Ըստ այդմ, ՀՀ Արարատի մարզպետ  Գարիկ Սարգսյանը թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ) վարկանիշային թեկնածուններից մեկն էր: Գարիկ Սարգսյանն այս ընտրատարածքում առաջադրված վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայներն է ստացել՝  22,604: Թիվ 5 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 81,111 ձայն:

Թիվ 6 ընտրական տարածքն ընդգրկում է Արմավիրի մարզը: Այս մարզի մարզպետն  անկուսակցական Համբարձում Մաթեւոսյանը չի առաջադրվել: Այս ընտրատարածքում  ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Արգիշտի Մեխակյանը՝ 13,122, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ 69,512:

Արագածոտնի մարզպետը եւս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Այս մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում վարկանիշային ընտրակարգով առաջադրված «ՔՊ» անդամ, մարզպետ Դավիթ Գեւորգյանն, ի տարբերություն այս ընտրատարածքի այլ թեկնածուների, ամենաշատ ձայնն է հավաքել՝ 16,708: Թիվ 7 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 42,084 քվե:

Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) մարզպետ Գնել Սանոսյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, եւս ռեյտինգային թեկնածուներից է, նա ստացել է 12,095 ձայն, սակայն այս նույն ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածուներից  Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանը մարզպետից շատ ձայն է հավաքել՝ 14,616: Թիվ 8 ընտրական տարածքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 68,021 քվե:

Թիվ 9 ընտրատարածքն ընդգրկում է Լոռու մարզը, այստեղ մարզպետը Անդրեյ Ղուկասյանը եւս ՔՊ անդամ է եւ առաջադրվել է վարկանիշային ընտրակարգով: Ղուկասյանը այս մարզում ստացել է 4,296 ձայն: Այս ընտրատարածքում «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուներից  ամենաշատ ձայնը հավաքել է Արամ Խաչատրյանը, նա ավելի շատ ձայն է ստացել, քան տարածքային կառավարման եւ զարգացման նախարար ՔՊ անդամ եւ այս նույն ընտրատարածքում ռեյտինգայինով առաջադրված Սուրեն Պապիկյանը: Արամ Խաչատրյանը ստացել է 15,038 ձայն, Սուրեն Պապիկյանը՝ 14,885 ձայն:  Թիվ 9 ընտրատարածքում՝ Լոռու մարզում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 78,038 ձայն:

Թիվ 10 ընտրատարածքում ՝ (Կոտայքի մարզ)  վարկանիշային թեկնածու, ՔՊ վարչության անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ստացել է 20934 ձայն: Այս ընտրատարածքում ամենաշատ քվեն ստացել է ՔՊ անդամ Սասուն Միքայելյանը՝ 31,738 ձայն: Իսկ «Իմ քայլը» դաշինքը Կոտայքի մարզում ստացել է 79,257 ձայն: Կոտայքի մարզում գրեթե բոլոր ընտրություններում ամենաշատ քվեն «ավանդաբար» ստանում էր ԲՀԿ-ն: Այս անգամ ԲՀԿ-ն թիվ 10 ընտրատարածքում՝ Կոտայքի մարզում ստացել է 19,275 քվե:

Թիվ 11 ընտրատարածքն ընդգրկում է Շիրակի մարզը, որի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը եւս ՔՊ անդամ է, առաջադրվել է որպես վարկանիշային թեկնածու եւ հավաքել է 6,271 ձայն: Այս ընտրատարածքում վարկանիշային թեկնածու է նաեւ ԱԻ նախարար  Ֆելիքս Ցոլակյանը: Նա վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայնն է հավաքել՝ 24,172: Թիվ 11 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 68,056 ձայն:

Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու է նաեւ  Վայոց ձորի մարզպետ, ՔՊ անդամ  Տրդատ Սարգսյանը: Այս ընտրատարածքում ամենաշատ քվեն ստացել է մարզպետը, 10, 042 ընտրող իր  ձայնը տվել է Տրդատ Սարգսյանին: Իսկ «Իմ քայլը» դաշինքն այս ընտրատարածքում հավաքել է 65,470 ձայն:

Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում վարկանիշային թեկնածուներից է նաեւ ՔՊ անդամ, մարզպետ Վահե Ղալումյանը, որը ստացել է 8,985 ձայն: Այս մարզում վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայն է ստացել Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝  Սիփան Փաշինյանը: Նա ստացել է 17,155 քվե:

Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Տավուշի մարզում «Իմ քայլը» դաշինքն, ի տարբերություն այլ մարզերի, բացառությամբ Արագածոտնի(42,084 քվե), քիչ ձայն է հավաքել՝  42,532:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31