Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավանում 10 օր է դասադուլ է, հույսներն էլ` Նիկոլ Փաշինյանն է

Դեկտեմբեր 11,2018 16:58

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում կրքերը շարունակում են լարված մնալ: Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի ուսուցիչներից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, հայտնեց, որ դպրոցում արդեն 10-րդ օրն է դասադուլ է` ի պաշտպանություն տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, որը կայացած մրցույթում չի ընտրվել:

Դպրոցի կոլեկտիվի անդամներից շատերը կարծում են, որ ընտրության այն հատվածում, որտեղ օրենքը վերահսկում է, ընթացակարգային խախտում չի եղել, սակայն կասկածի տակ է դպրոցի կառավարման խորհրդի կոմպետենտությունը, որն ըստ իրենց, ի վիճակի չի եղել ճիշտ ընտրություն կատարել:

«Խոստացել են, որ անձամբ Փաշինյանն է գալու ու այդ հարցով զբաղվի, ամենայն հավանականությամբ վաղը կայցելի մեր դպրոց»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը: Ծնողներն էլ տեղեկացրին, որ դասադուլը շարունակվում է, իսկ տնօրենի պաշտոնակատարն ամեն օր դպրոց է գալիս:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից: Պարոն Արշակյանն ասաց, որ խնդրով զբաղվում է ՀՀ ԿԳ նախարարության կրթության տեսչական մարմինը:

ԿԳ նախարարության կրթության տեսչական մարմնի պետ Ալեքսանդր Շագաֆյանն Aravot.am- ին հայտնեց հետեւյալը. «Մենք մամուլից տեղյակ ենք խնդրին, միաժամանակ տեղյակ ենք, որ բողոքող կողմը նշել է, թե իրավական, ընթացակարգային խնդիր չկա, ուստի այդ իմաստով անելիք չունենք: Եթե մեզ մոտ իրավական անհամապատասխանության վերաբերյալ բողոք լիներ, իհարկե կզբաղվեինք»: Պարոն Շագաֆյանը շեշտեց, որ ամեն դեպքում խնդրի հասցեատերը հենց ԿԳ նախարարությունն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին քարոզարշավի շրջանակներում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում էր, դպրոցի ծնողներն ու ուսուցիչները խնդրել էին հարցին լուծում տալ, անգամ հորդորել էին իջնել բեմից եւ լսել իրենց, Փաշինյանն էլ խոստացել էր, որ օբյեկտիվ լուծում կտա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31