Մենք բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին, քանի որ եթե նա ձախողի, դա իսկական աղետ կլինի հայ ժողովրդի համար: Նման կարծիք է հայտնել գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանը՝ հյուրընկալվելով Deutche Welle-ում:
«Ոչ մեկ չգիտի՝ ով է իրական անձը, որ կարող է առաջնորդել տնտեսական տրանսֆորմացիան այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, քանի որ մեր առջև բազմաթիվ մարտահրավերներ են կանգնած: Երկիրը բարեփոխումների և արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում,- ասել է Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Փաշինյանն իսկապես կարող է ղեկավարել երկրի տնտեսական տրանսֆորմացիան- Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է օգնենք նրան, քանի որ եթե նա ձախողի, դա իսկական աղետ կլինի հայ ազգի համար: Մարդիկ նրան մեծ մանդատ են տվել, և մենք հույս ունենք, որ նա կարող է արդարացնել այդ սպասումները, իսկ սպասումները շատ բարձր են: Նա իսկապես փորձ չունի տնտեսական տրանսֆորմացիայի, բայց եթե նա կարողանա համախմբել պրոֆեսիոնալ և ազատամիտ մարդկանց, նա հնարավորություն կունենա հաջողելու»:
Խոսելով Հայաստանի՝ արևմտյան և ռուսական ուղղվածության մասին՝ Վարդանյանը նշել է, որ Հայաստանը պետք է կամուրջ լինի երկու կողմերի միջև, և ոչ թե ընտրի ուղղություններից մեկը: Ավելին, նա նկատել է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի Հայաստանի տնտեսության մեջ:
«Դա հայկական ապրանքների համար ամենամեծ շուկան է: Եկեք անկեղծ լինենք. եթե վաղը Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ, հայկական շատ ապրանքներ դուրս կմնան մրցակցությունից,- ասել է նա:- Ռուսաստանը նաև Հայաստանում խոշոր ներդրող է և աշխատատեղեր ստեղծող շատ հայերի համար, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել հայրենիքում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































