Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չընտրված տնօրենին. «Ուզում եք ասել քաղաքում մի լավ տնօրեն կա, մյուսները վա՞տն են»

Դեկտեմբեր 12,2018 13:22

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ շարունակվում է  դասադուլը:

«2005-ից եմ աշխատում, դպրոցը վերցրել եմ քանդված վիճակում, որը հետագայում կապիտալ վերանորոգվել է»,-ասաց տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանը: Նա շեշտեց, որ իր պաշտոնավարման շրջանում վերացրել են դրամահավաքները. «Այստեղ սեպտեմբերի 1 չկա, մարտի 8 չկա, քննություններին աշակերտները գալիս են մեկ գրիչով, ընդունել ենք նոր աշխատողներ: Վերջին անգամ 2013-ին եմ վերընտրվել»:

Լուսինե Կարապետյանն ասաց նաեւ, որ ի տարբերություն քաղաքի այլ դպրոցների, իրենց մոտ աշակերտների թիվը չի պակասել: Նրա ասելով, իրենց աշակերտները վարվելակերպում էլ տարբերվում են այլ դպրոցների աշակերտներից:

«Այսինքն, ուզում եք ասել քաղաքում մի լավ տնօրեն կա, մյուսները վա՞տն են»,-զարմացավ Նիկոլ Փաշինյանը:

«Չէ, մյուսները վատը չեն…Բայց մեր դպրոցում սովորում են սոցիալապես ամենաանապահով ընտանիքների աշակերտները»,- «պաշտպանվեց» տնօրենի պաշտոնակատարը:

Ապա հավելեց. «Խնդիրն այն է, որ ընտրությունների ժամանակ տնօրենի պայմանագրի ժամկետը լրացել էր, հայտարարվել է մրցույթ…Մրցույթի հետ կապված առերես ես բան չունեմ ասելու, այստեղ խնդիրը խորհրդի անդամների հետ է կապված»: Նա ասաց, որ մարզպետի նշանակած թեկնածուների հետ է խնդիրը, նրանցից մեկը դպրոցի նախկին աշակերտ է, որը Չարենցավանի թիվ 3 դպրոցում չի կարողացել ավարտել իր ցանկացած գնահատականներով եւ այլ դպրոցում է «լավ ատեստատ» ձեռք բերել:

Տնօրենի պաշտոնակատարը հայտարարեց, որ խորհրդի այդ անդամը նախատրամադրված է եղել. «Ինքն այդ տրամադրվածությունը, որ ուներ իմ հանդեպ, պահել էր, մյուս թեկնածուն էլ մարզպետարանի կողմից նշանակված այդ աշակերտի ընկերոջ կինն էր»:

Ի դեպ, դպրոցի խորհրդի հետ Փաշինյանի քննարկումն ուղեկցվում էր աղմուկով, եւ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն էլ հիշեց. «Հենց այսպիսի քննարկում էլ նախարարությունում էր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31