Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսել առանց նախապայմանների, բայց ոչ միայնակ տանգո պարել. Զոհրաբ Մնացականյան

Դեկտեմբեր 12,2018 17:18

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, բայց այն, ինչ եղել է մինչ այժմ, նման էր միայնակ տանգոյի: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թուրքական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում:

«Ես կարծում եմ, որ մենք շատ հստակ ենք եղել և ցույց ենք տվել… որ պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների: Այնուամենայնիվ, մենք նման ենք մի կողմի, որը միայնակ տանգո է պարում: Այժմ հայ-թուրքական հարաբերությունները սեփական նշանակության հարց է: Այն այլ հարցերի հետ կապելը արդեն նախապայման է: Հիմա դուք հասկանում եք, որ երբ խոսքը վերաբերում է նախապայմաններին, մյուս կողմի համար էլ նախապայմանների պակաս չի կարող լինել: Հետևաբար, սա լավ ճանապարհ չէ հարևանների միջև հարաբերություններ կառուցելու համար»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերություններն ունեն իրենց տրամաբանական բացատրությունը և պետք է դիտարկվեն առանձին: «Սա է ամբողջ փիլիսոփայությունը այն շատ բարդ գործընթացի, որը դրված է Ցյուրիխի արձանագրություններում: Ես տեսել եմ բոլոր տեսակի մեկնաբանությունները: Պետք է շատ հստակ լինել: Մենք անցել ենք մեր բաժին մղոնը, Հայաստանն անցել է իր մղոնը»,- ասել է Մնացականյանը:

Լրագրողի հարցին՝ արդյոք այլ մղոն չկա անցնելու՝ Մնացականյանը պատասխանել է, որ հայկական կողմը Ցյուրիխյան արձանագրությունները բերել է խորհրդարան՝ սպասելով նույն քայլը թուրքական կողմից, որն այդպես էլ չի եղել:

«Մենք դրանք մտցրել ենք խորհրդարան՝ սպասելով, որ մյուս կողմը կանի նույնը՝ մի կողմ կդնի նախապայմանները, որոնք նախկինում չեն էլ եղել փաստաթղթում: Նախապայման, որը ձևակերպված էր ճիշտ այնպես, ինչպես որ ձեր հարցը: Եկեք պարզ խոսենք: Եվ մենք այն կողմն ենք, որն անցել է շատ ցավոտ գործընթացի միջոցով կառուցելու, ներդնելու, այս հարցում հսկայական քաղաքական ներդրում անելու գործընթացի միջոցով, որպեսզի ապահովի ճանապարհ դեպի Ցյուրիխ»,- ասել է Մնացականյանը՝ ափսոսանք հայտնելով, որ մյուս կողմը նույն տրամաբանությամբ չի առաջնորդվել:

Մնացականյանը նշել է, որ այդ արձանագրությունները համբերատար կերպով ինը տարի մնացել են սեղանին՝ չնայած հայ հասարակության մեջ եղած մեծ քննարկումներին: Նա նաև անդրադարձել է Թուրքիայում առկա այն հանրային դիսկուրսին, որ Հայաստանը ցանկանում է լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց «վատ սփյուռքը» թունավորում է այդ գործընթացը: Հետևաբար Մնացականյանը խորհուրդ է տվել «չսխալվել այդ հարցում»:

«Լավ կլիներ ավելի լավ հասկանալ, թե ինչպես են հայերը կառուցում իրենց կյանքը, և կատարյալ սխալ կլիներ [հայ-թուրքական հարաբերությունները] բերել այդքան պարզունակ մակարդակի,- ասել է Մնացականյանը:- Դա շատ ծանր ներքին հարց է մեզ համար, այնքան, որ մտահոգում է Հայաստան պետությանը: Բայց դուք հասկանում եք, որ հայ ժողովուրդը շատ ավելի շատ է, քան նրանք, որոնք ապրում են Հայաստանում: Դուք կարող եք քայլել Երևանի փողոցներով և հանդիպել մեծ թվով մարդկանց այստեղ՝ Հայաստանում, որոնք կրում են Ցեղասպանության ցավը: Ես ինքս վերապրածների ընտանիքից եմ՝ պապիս կողմից: Ես պարզապես ցանկանում եմ ընդգծել խնդրի բարդությունն ու խորությունը»:

Մնացականյանի խոսքով՝ Ցյուրիխյան արձանագրությունները չեղարկվել են ո՛չ հայկական կողմի մեղքով: Նա նկատել է, որ դրանք «առ ոչինչ» են դարձել, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սերժ Սարգսյանը, մյուս կողմի պատճառով, երբ դեռ «թղթի վրա թանաքն էլ չէր չորացել»:

«Այսպիսով, ինը տարի շարունակ՝ 2009-2018թթ. այն եղել է մեր սեղանին, այժմ, ես կարծում եմ, մենք վերադարձել ենք սկզբնակետին: Հատկապես այն պայմաններում, երբ այն հռետորաբանությունը, որ մենք լսում ենք մյուս կողմից, չի նպաստում դրական մթնոլորտի»,- ասել է Մնացականյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31