Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Առողջապահության նավապետերը»

Դեկտեմբեր 21,2018 22:50

Բոլոր կառավարությունները իրենց ծրագրերում նախատեսում էին բուժօգնության ծավալի և որակի բարելավում՝ չմանրամասնելով այդ ցանկության իրագործման   ֆինանսական աղբյուրը: Արդյունքում առողջապահության բյուջեի թերֆինանսավորման պայմաններում նրանք սեփական հանրային պատասխանատվության  բեռի մի մասը  թողնում էին բուժօգնություն իրականացնող օղակի վրա, որը բաղկացած է բուժաշխատողներից և կազմակերպիչներից:

Վերջիններս ֆետիշացնելով սեփական անձն ու  բուժհիմնարկի  պատերը, զուգահեռաբար նվազեցնելով անգամ անվանի բժիշկների դերը,  հիմնավորում էին բուժանձնակազմի եկամուտների իջեցումը: Կազմակերպիչները ինքնապաշտպանության բնազդով  ձևավորում էին «գլխավորների օթյակ», որ փոխհամաձայնեցված իրականացնեին կառավարության ծրագրերը բուժանձնակազմի հաշվին: «Օթյակի» շնորհիվ է, որ բուժաշխատողների արհմիությունը  ցայսօր բացակայում է: Նրանք անգամ իրենց հովանու ներքո ստեղծեցին բազում մասնագիտական ասոցիացիաներ՝ հետագա հարցադրումներից խուսափելու համար:

Այս «օթյակի» ամենահաջողված «ասպետները», որոնք հուշում էին նաև թե ինչպես առանց  ծախսի ավելացնել լոյալ ընտրողների (պետպատվերի և սոցփաթեթի շահառուների) քանակը, նշանակվում էին առողջապահության «նավապետեր»: Քանի որ ոչ բոլորն էին նման բախտի արժանանում և իրենց հիմնարկների համար ապահովում արտոնություններ, որոշները դիմում էին անգամ կրիմինալի:

Կազմակերպիչների մյուս մասը մանևրելով հենց իրենց կողմից դեֆորմացված շուկայում մինչ այսօր բուժաշխատողների վրա հիվանդների արտաքին և ներքին վերաուղեգրումների պարտականություններ, անգամ «կլիենտուրայի պլան» են դնում: Իզուր չէ, որ հիվանդն արդեն որպես «կլիենտ» է դիտվում:

Եզակի բացառությամբ այսօր միայն «պաշտոնաթող նավապետերը» կարող են թույլ տալ իրենց գնել նոր սարքավորում: Մեծ մասն ապավինում է ինչ-որ մեկի նվիրատվությանը: Նվերն ստանալուն պես նրանք մխրճվում են շուկա և սահմանում դեմպինգային գներ, որոնք հետագայում ծառայում են պետպատվերի և սոցփաթեթի փոխհատուցման համար որպես հիմք: Մինչդեռ ոչ ոք  չի վերանայում այդ խայտառակ գները և չի փորձում կարգավորել դեֆորմացված  և փլուզվող  շուկան՝ ուղղելով բարեգործներին դեպի մարզեր, արգելելով  նվիրատվությունների հաշվին աշխատող բուժհիմնարկներին շուկայականից ցածր գին սահմանել, ստիպել հաշվարկել ինքնարժեք կամ պրեֆերենցիան  հարկել, որ փոփոխությունների սպասող նոր ներդրողները և գործող ՓՄՁ-ները կրկին չտուժեն:

Ապահովագրականներին  և պոտենցիալ ընտրողներին գոհացնելու արտառոց  միջոց որպես, նախորդ «նավապետը»   առաջ բերեց ապահովագրության  «հայկական տարբերակը»: Այդ յուրահատուկ «աութսորսինգի» արդյունքում բուժօգնություն իրականացնող օղակին ցայսօր ստիպում են  վճարել ոչ միայն այդ նորամուծությունը  կյանքի կոչելու համար, այլև փոխհատուցել ապահովագրական ընկերությունների շահույթը:

Ինչ անի նոր մասնավոր բուժհիմնարկի կազմակերպիչը, ով կարծել է թե աշխատատեղերի ստեղծումը և ներդրումները խրախուսվում են նաև առողջապահության ոլորտում, մինչդեռ շուկան գնալով ավիրվում է, իսկ նախարարությունը դառնում է ավելի անկանխատեսելի գործընկեր: Չլինելով «օթյակի» անդամ, բայց երիտասարդ, նա գործում է  «կրեատիվ»: Առաջին հերթին տեղացի «Մալիշևա»-ների հաղորդումների միջոցով սկսում է վարկաբեկել մրցակիցներին: Իսկ քանի որ «կլիենտն արդեն հասունացել է» նա ներ է մուծում օտարածին մոլորեցնող գնագոյացում՝ կիրառելով դա սեփական ազգաբնակչության հանդեպ:  Արդյունքում հիվանդը կարծելով, որ տվյալ հիմնարկում գներն ավելի ցածր են, հայտնվում է  ծուղակում և ստիպված շուկայականից մի քանի անգամ ավել վճարում: «Էֆեկտիվ» և ուրեմն «օրինակելի» այս մեթոդների հեղինակը կարգվում է նոր «նավապետ» և մի հրամանով հարվածում իր կնոջ  մրցակից ՓՄՁ-ներին՝ անգամ արգելում նրանց աշխատանքը:

Ի՞նչ է, տանում ենք  դաշտը մոնոպոլիզացիայի:  Պատկերացնու՞մ ենք թե որքան ռեսուրս է անհրաժեշտ փորձառու ու լավ բժիշկ պատրաստելու համար: Արդյոք  լատենտ գործադուլի դրսևորում չէ՞, երբ բարձրակարգ բժիշկը հրաժարվում է պետպատվերով և սոցփաթեթով հիվանդին բուժել ու միջամտում է միայն, երբ անփորձ կոլլեգան առաջացնում է կատաստրոֆա: Տեղյա՞կ ենք, որ անվանի բժիշկները սկսել են մեկնել արտերկիր բժշկելու:

Բոլորս հայտնվել ենք մի նավակում, որը կողաշրջման եզրին է, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում չի դիտարկվել կազմակերպիչներին այլընտրանք: Բանը նրանում չէ, որ կազմակերպիչները վատն են:  Նրանք ուղղակի այլ կերպ են մտածում ու գործում, քանի որ վաղուց դադարել են բժիշկ լինել և այլևս ամեն օր չեն ապրում  «մի՛ վնասիր» սկզբունքով:

Առողջապահությունում բալանսը վերականգնելուց հետո պետք է ներդրվեն հստակ և կանխատեսելի խաղի կանոններ ու այդ դեպքում ինչի՞ հետ էլ նրան միաձուլեն, ովքե՞ր էլ դառնան ղեկավարներ՝ էական չի լինի: Հիմա պետք է համակարգը շտապ բերել «թարազուի»։ Այսօր այն պետք է ղեկավարի անվանի բժիշկ և ինչու° ոչ կին:

Մինչ որոշում կկայացնեն, խնդրենք ՏՄՊՊՀ-ի նախագահ պարոն Շաբոյանին   պարզաբանել.

 

  1. Պահպանել են արդյոք առողջապահության նախարարությունը և ապահովագրական ընկերությունները Տնտեսական Մրցակցության Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 2-րդ գլխի, հոդված 5-ի, 7-րդ կետը 2016-2018թ.թ. Պետպատվերի և Սոցփաթեթի պայմանագրերի № 06780000-2 և ԾՁԲ-160-1 լրացումները տնտեսվարող սուբյեկտներին պարտադրելուց առաջ:
  2. Կան արդյոք վերը նշված պայմանագրերում և դրանց լրացումներում նույն օրենքի հոդված 5-ի, 5-րդ կետի խախտման տարրեր:
  • Պարունակում են արդյոք բուժհիմնարկներին պարտադրված նույնաբովանդակ և քննարկում չենթադրող, Պետպատվերի հետ հետադարձ կապով կախվածության մեջ դնող այդ պայմանագրերը և համաձայնագրերը նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետին, 2- կետի ա․, բ․, ը․ և թ․ ենթակետերին, 3 –րդ կետի ա․ և բ․ ենթակետերին, ինչպես նաև 4-րդ  կետի ա․ և բ․ ենթակետերին համապատասխանող դրույթներ:

 

Արամ Քոչարյան, բ.գ.թ.

Բժիշկ-ռադիոլոգ, ՀՀ ՄՌՏ մեթոդի հիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31