Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. Կրեմլը պարզ գործարք է արել Փաշինյանին՝ գազի գինը Քոչարյանի դիմաց, որը չի էլ թաքցնում

Դեկտեմբեր 30,2018 18:25

Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ 2019 թ-ին Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, որը մեծ խնդիրներ կարող է առաջացնել Երևանի համար, քանի որ Հայաստանին ոչ ոք չի երաշխավորել, որ ապագայում գնի ճշգրտման, ասինքն, եթե գազի գինը թանկանա, այն հետին թվով չի լինելու, որի արդյունքում Հայաստանը մեծ պարտքեր կկուտակի «Գազպրոմ»-ի առաջ:

Պաշտոնական Մոսկվան Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ցույց տվեց, որ ՌԴ նախագահը գազի գինը Հայաստանի համար պայմանավորում է իր ընկերոջ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի, իսկ ավելի ճիշտ է ասել, ազատության հետ: Դա է վկայում Ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքները և բարեմաղթանքները Քոչարյանին, որը Պուտինն արեց Փաշինյանի հետ հանդիպումից մի քանի ժամ անց: Դա մեսիջ էր Հայաստանի իշխանություններին, որ Մոսկվան իր «ընկերներին» դժվարության մեջ չի թողնում:

Կրեմլը պարզ գործարք է արել Փաշինյանին՝ գազի գինը Քոչարյանի դիմաց, որը չի էլ թաքցնում: Մոսկվան մինչև հիմա ըմբռնումով է մոտեցել Փաշինյանի հակաքոչարյանական քայլերին, քանի որ Հայաստանի գործող իշխանություններին պետք էր հասարակությանը ցույց տալ իր «դուխով» լինելը հեղափոխությունից հետո՝ և՛ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից, և՛ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ: Փաշինյանի համար անհրաժեշտ այդ երկու կարևոր գործընթացներն ավարտվել են և պաշտոնական Մոսկվան սպասում է Փաշինյանից կոնկրետ քայլեր, որոնք կգոհացնեն նաև իրեն, քանի որ մինչև հիմա գոհ է մնացել միայն Փաշինյանը:

Չի բացառվում, որ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպման ժամանակ ՌԴ իշխանությունները ժամանակ են տվել Հայաստանի իշխանություններին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո կոնկրետություն մտցնել Քոչարյանի կարգավիճակի վերաբերյալ, քանի որ Մոսկվայի համբերությունն անսահման չէ: Հենց դրանով էր պայմանավորված Քոչարյանի պաշտպանների բողոքի նշանակումը Վճռաբեկ դատարանում 2019 թ-ի հունվարի 9-ին: Վճռաբեկ դատարանի այդ օրվա որոշումից շատ բան է կախված հայ-ռուսական հարաբերություններում, հատկապես Հայաստանին 2019 թ-ին մատակարարվող գազի գնի վերաբերյալ:

Ռուսաստանը մինչև հիմա Փաշինյանի հետ բանակցություններում օգտագործում էր դիվանագիտական «լեզուն», սակայն վերջին հանդիպմանը կիրառեց նաև «փափուկ ուժի» քաղաքականությունը:

Հ.Գ. Համացանցում մեծ թիվ են կազմում «Թող գազը թանկացնեն,բայց մենք ինքնիշխան կմնանք» կարգախոսով առաջնորդվողները: Հետաքրքիր է, ի՞նչ են հասկանում ինքնիշխան ասելով: Եթե այն, որ Ռուսաստանից լիակատար անկախ լինելն է,ապա վայ հայրենասեր «դուխովիկներին» ասեմ, որ դա ուտոպիա է: Ցավով պետք է նշեմ, որ 1991 թ-ից ի վեր Հայաստանն ինքնիշխան չի եղել: Միայն այն, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը մեր հանրապետության տարածքում տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմաբազան է, դրա վառ օրինակն է: Այդ բազայի կարևորությունը միշտ ընդգծել են Հայաստանի բոլոր նախագահները և ներկայիս վարչապետը:

Կրկին ցավով նշեմ, որ Մոսկվան ավելի մեծ լծակներ ևս ունի Հայաստանի վրա ներգործելու համար: Միայն ՌԴ-ում բնակվող և արտագնա աշխատանքի մեկնող մեր մի քանի միլիոն հայրենակիցների համար խնդիրներ ստեղծելը սոցիալական պայթյուն կարող է առաջացնել Հայաստանում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

քաղաքագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31