Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ հրաժարականից առաջ Լեւոն Տեր Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ասել էր. «Տեսնում եմ՝ ինձ մոտ ոչինչ չի ստացվում»

Դեկտեմբեր 31,2018 16:19
levon

Շարունակելով առաջ մղել իր որոշումը՝ Տեր-Պետրոսյանը հունվարի 8-ին այն քննարկման դրեց Հայաստանի անվտանգության խորհրդում: Մեկ անգամ չէ, որ այդ թեմայով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել, և նիստերն այն ժամանակ անցկացվում էին հենց Տեր-Պետրոսյանի աշխատասենյակում: Նախագահական վարչակազմի մեծ շենքի սրահների մի մասը, որոնք հարմար էին այդպիսի նիստերի համար, բարձիթողի վիճակում էր, ուստի ուստի չէր օգտագործվում. հանդիպումների մեծ մասը Տեր-Պետրոսյանն անցկացնում էր իր մոտ: Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված էին Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամներ և Հայոց համազգային շարժման առանցքային դեմքերը՝ հավանաբար, ղարաբաղյան խմբակցությանը հակակշռելու համար:

Ընդհանուր առմամբ տասնհինգ մարդ էր հավաքվել:

Ամեն անգամ Արցախի ճակատագրի շուրջ վեճերն ավելի ու ավելի թեժ էին դառնում, և այդ օրն էլ քննարկման տոնը հենց սկզբից բնավ հանդարտ չէր: Իրավիճակը ծայրահեղ լուրջ էր: Տեր-Պետրոսյանի որոշման պատճառով մենք կարող էինք կորցնել այն ամենը, ինչի համար Ղարաբաղում պայքարում էինք արդեն մի քանի տարի: Ես, իհարկե, լարված էի ու չափից դուրս կտրուկ: Ինձ և իմ գաղափարակիցների համար Ղարաբաղը դարձել էր կյանքի գործ, իսկ նիստի բազմաթիվ ներկաների համար պարզապես ձանձրացրած գլխացավանք էր: Եվ ինչո՞ւ հիմա այդ մարդիկ պիտի որոշեն Ղարաբաղի ճակատագիրը: Ես երևի չափից դուրս կոպիտ էի ընդհատում նրանց՝ առաջարկելով չխցկվել մի խնդրի մեջ, որը չեն հասկանում ու չեն զգում: Բախման չէի գնում, պարզապես թեման այնքան ցավոտ էր ինձ համար, որ դրա մասին հանգիստ խոսել չէի կարող:

Այդ թեժ քննարկումների ընթացքում ինձ ակտիվորեն պաշտպանում էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և, իհարկե, Ղարաբաղի ղեկավարությունը: Տեսնում էի, թե որքան բարդ էր Վազգենի համար առաջին անգամ հակաճառել մի մարդու, որի առաջնորդ լինելը տարիներ շարունակ ընդունել էր առանց առարկության, ինչպիսի ներքին ջանքեր էին պահանջվում նրանից, որ հաղթահարի Տեր-Պետրոսյանի խարիզմայի ազդեցությունը: Բնավորությամբ շատ զգացմունքային և աշխարհընկալմամբ խորապես ազգային Վազգեն Սարգսյանը սրտին այնքան մոտ էր ընդունում Ղարաբաղի շահը, որ նրան այլընտրանք չէր մնում: Ինչ-որ իմաստով ինձ համար ավելի հեշտ էր. ինձ Տեր-Պետրոսյանի հետ չէր կապում անձնական ընկերությունը: Ես ապրում էի Ղարաբաղում, նա՝ Հայաստանում, մենք հանդիպում էինք միայն կարևոր հարցեր լուծելու համար: Հարգանքով էինք վերաբերվում իրար, համագործակցում՝ ինչպես հավասարը հավասարի հետ: Ինձ համար նա միշտ գործընկեր էր մնում, բայց ոչ պետ, առավել ևս՝ կուռք:

Անվտանգության խորհրդի այդ նիստն այդ օրերի առանցքային իրադարձությունը դարձավ, հստակություն մտցրեց ստեղծված իրավիճակում: Ակնհայտ էր, որ նախագահը չի հրաժարվի իր մտադրությունից, ու որ մենք նրան չենք աջակցի: Անվտանգության խորհրդի նիստը վերջնականապես մեզ բաժանեց տարբեր ճամբարների՝ փշրելով դիրքորոշումների մոտեցման հնարավորության վերջին պատրանքները:

Բախումը տեղափոխվեց բաց փուլ:

Հունվարի 23-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ առաջին անգամ հրապարակավ հայտարարեց նախագահի դիրքորոշմանը իր կտրուկ անհամաձայնության մասին: Սարգսյանը հանդես եկավ շատ զգացմունքային, բայց միևնույն ժամանակ բովանդակալից ելույթով: Ասում էր, որ «մենք չենք կարող գնալ այդ քայլին», խոսում էր զայրացած ու կրքոտ, ու ես տեսնում էի, որ շատ է ցավում տեղի ունեցողի համար:

Ներքաղաքական ճգնաժամն ակնհայտ էր: Վարչապետը, պաշտպանության նախարարն ու ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը դեմ արտահայտվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ ստորագրելու նախագահի մտադրությանը: Տեր-Պետրոսյանը, որ շատ իշխանատենչ մարդ էր,- պետք է արժանին մատուցել,- երբեք չէր միջամտում միկրոմենեջմենթին՝ իրեն դրանից վեր դասելով, բայց եթե մեծ հարցերով որոշում էր կայացնում, երբեք չէր փոխում որոշումը:

Ամբողջ երկիրը քարացել էր՝ սպասելով հանգուցալուծմանը: Դա կարող էր կա՛մ նախագահի հետ համաձայնության չեկածների հրաժարականը լինել, կա՛մ  հենց նախագահի հեռանալը: Քայլը նրանն էր:

Տեր-Պետրոսյանի համար ծայրահեղ բարդ իրավիճակ էր ստեղծվել: Նման ներքաղաքական ճգնաժամի պայմաններում Մինսկի խմբի ծրագրի իրագործման գնալ նա չէր կարող. թեման չափազանց զգայուն էր, պետք էր ներքին լայն համախմբում: Պաշտոնանկ անել վարչապետին և ուժայինների՞ն: Չափազանց ռիսկային էր: Այդ ժամանակ ես արդեն ամբողջովին վերահսկում էի գործադիր իշխանությունը: Բացի դրանից՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը «Երկրապահի»՝ պատերազմից անմիջապես հետո ստեղծված վետերանների շարժման անվիճելի առաջնորդն էր: «Երկրապահն» այն ժամանակ բավական ծանրակշիռ ուժ էր: Պատերազմը նոր էր ավարտվել, և վետերանների կազմակերպությունը, որը, ի դեպ,բավական կառուցիկ մարմին էր, ահռելի ազդեցություն ուներ, այդ թվում և ընտրական գործընթացների վրա:

Ղարաբաղի ղեկավարությունը նույնպես չէր աջակցում Տեր-Պետրոսյանին:

Պետք է հասկանալ, որ այս իրադարձությունները ծավալվում էին 1996 թվականի խնդրահարույց ընտրություններից հետո, և դրանից հետո սկիզբ առած զանգվածային դժգոհությունն այն ժամանակ հարթվեց իմ Հայաստան տեղափոխվելով: Բայց նախագահի սուր հակասությունը քաղաքական ընդդիմախոսների հետ պահպանվել էր, և մեր՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը կհանգեցներ հենց Տեր-Պետրոսյանի անխուսափելի հրաժարականին:

Այն ժամանակ բոլորս ապրում էինք կառավարական ամառանոցներում: Այնտեղ սքանչելի ծառուղիներ կային, ու երեկոյան՝ աշխատանքից հետո, հաճախ դուրս էինք գալիս զբոսնելու և զրուցելու: Հիմա մեր զրույցների հիմնական թեման Ղարաբաղի խնդրի շուրջ տարաձայնություններն էին Տեր-Պետրոսյանի հետ: Այդ ժամանակ իմ շփումը նախագահի հետ արդեն լրիվ դադարել էր: Նրա հետ վերջին հանդիպումը միայն սրեց փոխադարձ դժգոհությունները: Այն ժամանակ ես նրան ասացի.

-Լևո՛ն, ես ոչ մի դեպքում չեմ գնա նրան, ինչ առաջարկում ես: Հակառակը, ամբողջ ուժով կհակազդեմ դրան: Ես Ղարաբաղում վերընտրվել եմ նախագահ և ընտրություններից ընդամենը երեք ամիս անց եկել եմ այստեղ՝ բացառապես քո խնդրանքով: Դու կարող ես պաշտոնանկ անել ինձ. թեկուզ հենց հիմա հրամանագիր ստորագրիր, ու ես կհեռանամ: Բայց ինքս դիմում չեմ գրի: Իսկ Սահմանադրությունը քեզ թույլ չի տալիս նախարարներին հեռացնել առանց ինձ:

Ինչպես Վազգենը պատմեց՝ ինքն էլ նախագահի հետ նմանատիպ խոսակցություն էր ունեցել:

Դրանից հետո Տեր-Պետրոսյանի հետ կապի միակ ալիքը Սերժ Սարգսյանն էր. նրա միջոցով նախագահին էինք փոխանցում մեր հարցերն ու առաջարկները: Պահպանվել էր շփումը նաև Բաբկեն Արարքցյանի հետ, որի հետ հատուկ ջերմ հարաբերություններ էին հաստատվել: Նա անկեղծորեն ցավում էր տեղի ունեցող իրադարձությունների համար և փորձում էր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ հարթել, բայց՝ ապարդյուն:

Իսկ այդ ընթացքում երկիրն անհանգիստ սպասման մեջ էր: Ինչպիսի՞ն կլինի հանգուցալուծումը՝ խաղա՞ղ, թե՞ բախումն անխուսափելի է: Ո՞վ հաղթող դուրս կգա, և ի՞նչ հետևանքների կհանգեցնի դա: Օդում կախված անորոշությունը, իշխանության հնարավոր վերաբաժանման կանխազգացումն ազդում էր ամեն ինչի վրա՝ պետական ապարատի աշխատանքից մինչև հանցավորության մակարդակ: Բոլորը հասկանում էին, որ պետք է շտապ շտկել իրավիճակը:

Հունվարի վերջին մենք Տեր-Պետրոսյանից անսպասելի առաջարկ ստացանք: Նա իր մոտ հրավիրեց Սերժ Սարգսյանին ու ասաց. «Տեսնում եմ՝ ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Լավ: Ինքներդ որոշեք: Փոխանցիր Ռոբերտին ու Վազգենին, որ ես կարող եմ ֆորմալ նախագահ մնալ ու ոչնչի չմիջամտել, «անգլիական թագուհու» պես: Արեք՝ ինչ ճիշտ եք համարում, կնայենք՝ դրանից ինչ դուրս կգա: Թող պատմությունը դատի՝ մեզնից ով էր ճիշտ»:

Ես կտրականապես դեմ արտահայտվեցի այդ տարբերակին: Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները չափազանց մեծ էին՝ ի տարբերություն անգլիական թագուհու: Բացի դրանից՝ բոլորը գիտեին, որ Տեր-Պետրոսյանը պարտվել չի սիրումու երբեք չի մոռանում վիրավորանքը:

Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքից՝ ըստ «Հրապարակի» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31