Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Թուրքիայում Կարո Փայլանին ցանկանում են դատել տխրահռչակ 301-րդ հոդվածով. Ermenihaber.am

Հունվար 10,2019 19:30

Դիարբեքիրի դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով:

Թուրքական քրեական օրենսդրության 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։ 2008 թ. ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են արվել նշյալ հոդվածում, սրանց թվում նաև մի լրացում, որն պարտավորեցնում է արդարադատության նախարարության թույլտվության ստացումը քրեական գործի հարուցման համար։

Դատախազությունն արդեն Փայլանի վերաբերյալ գործ է կազմել, որի հիման վրա միջնորդագիր է ուղարկել խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Դատախազությունը հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության թույլտվությունը:

Փայլանի վերաբերյալ գործը կազմվել է՝ հիմնվելով 2018 թվականի հուլիսի 25-ին մեջլիսում տեղի ունեցած ԺԴԿ-ի խմբակցության ժողովից հետո Փայլանի ունեցած ելույթում, ինչպես նաև դրանից 2 օր հետո տված հարցազրույցում հնչեցրած արտահայտությունների վրա:

Փայլանն արձագանքել է իր վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու դատախազության պահանջին՝ ասելով, որ գործի համար հիմք հանդիսացած ելույթներում ինքը ներկայացրել է Դիարբեքիրում տիրող իրավիճակը:

«Ես տեսածներս եմ պատմել: Ամեն անկյունում ջրցան ու զրահամեքենա կա, և այս վիճակը Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանն է հիշեցնում: Դատախազը վերցնում է իմ այդ արտահայտությունն ու ասում՝ Թուրքիայի Հանրապետությունը նսեմացրել է, ցանկանում եմ, որ 301-րդ հոդվածով դատապարտվի: Որոշումն ուղարկում է արդարադատության նախարարին, որն էլ ասում է՝ այո՛, Կարո Փայլանն ինձ վիրավորել է և թույլ է տալիս հետաքննություն սկսել 301-րդ հոդվածի հատկանիշներով: Սա իրավական առումով սկանդալային վիճակ է: Սա ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը 301-րդ հոդվածն օգտագործում է ընդդիմությանը լռեցնելու համար:  Այդ հոդվածը շատ քննարկվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այն ժամանակ կառավարությունն ասաց, որ հոդվածը չի հանում, բայց դրա կիրառությունը կսահամանափակի, հավաստիացրեց, որ այդ հոդվածը փաստացի չի գործի: Մինչդեռ տեսնում ենք, որ սկսել են գործադրել»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի  տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով բազմաթիվ գործեր էին ընթանում «Ագօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031