Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են վարչապետի ընտանիքից ստանալ նորմալ, ստանդարտ, թալանչի, գյոռմամիշ կերպար». Նիկոլ Փաշինյան

Հունվար 15,2019 11:41

«Մեր կառավարությունից փորձում են կերտել իշխանության իմիջ` բառիս վատ իմաստով, քանի որ հասկանում ենք, ՀՀ-ում լավ իշխանություն երբեք չի եղել: Հիմա փորձում է արվում իշխանական վարչապետի ընտանիքից ստանալ նորմալ, ստանդարտ, թալանչի գյոռմամիշ կերպար: Նայեք` սրանք ծնունդ են անում, գետինը մտնեք, սրանք շոր են հագնում, սրանք ՀՀԿ-ից ավելի վատ են»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ «զրույց քաղաքացու հետ» ձևաչափով ամիսը մեկ կշփվի քաղաքացիների հետ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը դարձյալ քննադատեց ԶԼՄ-ներին. «Լրատվական դաշտում տեղի է ունենում այն գործընթացը, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կամ լրատվական դաշտը տանում են հետևյալ թեզը՝ փորձ է արվում մեր իշխանությունը հանրապետականացնել և ցույց տալ, թե երկրում ոչինչ չի փոխվել: Ահա, ասում են՝ այս իշխանությունը նույնպիսինն է, ինչպիսին նախորդ՝ Հանրապետականը: Սրա համար բերվում է փաստարկ՝ տեսեք ՀՀԿ-ականները երկու աչք, երկու ականջ, երկու ոտք, երկու ձեռք, երկու ականջ ունեն, տեսեք, այս իշխանությունը նույնպես նախորդի պես ունի մի քիթ, մեկ բերան: Ուրեմն՝ ՀՀԿ-ականներից ոչ մի տարբերություն: Ուրեմն թալանչի են»:

Վարչապետը վստահեցրեց՝ թույլ չի տալու սրա-նրա ձեռքից խլելով՝ ԶԼՄ-ներին վերահսկողության տակ առել, այլ գնալու է ժողովրդի հետ ուղիղ խոսակցության մեջ մտնելու ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ԶԼՄ դաշտի իննսուն տոկոսը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին կամ այժմ իրենց ընդդիմադիր ուժերին, նրանց տիրապետության տակ է: Ըստ վարչապետի՝ ուրախալի է, որ ՀՀ իշխանությունները ըստ էության և՛ ֆինանսական, և՛ լրատվական ռեսուրսների չեն տիրապետում:

Այն կարծիքներին, թե երկրում բան չի փոխվել, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Եթե երկրում բան չի փոխվել, չի փոխվել այն խանութի սեփականատիրոջ և աշխատողի համար, որ ՀՀ վարչապետին, որ մտնում է խանութ ու ինչ-որ բան առնում, շարունակում է ՀԴՄ չտալ: Չի փոխվել նրանց համար, որոնք տեսնում են՝ ՀԴՄ չեն տալիս, ասում են՝ մեր ի՞նչ գործն է, նրանց համար, ովքեր շարունակում են միլիոնների վարկ վճարողներին ներգրավել փարոսի մեջ, որոնք բազմոցին պառկած սպասում էին փոփոխությունների. հիմա էլ շարունակում են պառկած մնալ»:

Վարչապետը վրդովված էր, որ իր որդու՝ զինված ուժերից արձակուրդ գալը, իր ընտանիքի գնումները հայտնվում են լրատվամիջոցներում այնպիսի վերնագրերով, ինչպես, օրինակ՝ վարչապետի ընտանիքի աննախադեպ առևտուրը և այլն:

Ասում են՝ ՀՀԿ-ից ոչ մի տարբերություն՝ նույնիսկ խաշ են ուտում այս իշխանության ներկայացուցիչները, ոչ մի տարբերություն, այսօրվա վարչապետն էլ է զրահապատ մեքենա նստում, ուղղաթիռ, բա էշով պիտի գնա վարչապետը, որովհետև էշն ավելի արագ է, ձին էլ: Ըստ վարչապետի՝ սա հուսահատության քարոզչություն է:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ՀՀ կառավարությունը ՀՀ ժողովրդին, երկիրը չի թալանում: Ըստ նրա՝ սա փոփոխությունների փոփոխությունն է: Մյուս փոփոխությունն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը ձևավորված է ժողովրդի կողմից, և ոչ ոք չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը. «Մենք եղունգներով ճանկռելով իշխանությունը չենք պահելու: Եթե պետք լինի, որ մենք լինենք այս կարգավիճակում լինենք, կլինենք, պետք չի լինի՝ չենք լինի: Ինձ համար կլինի ամենամեծ ողբերգությունը և ամենաընդունելի վիճակը, որ պարզվի՝ իմ՝ ՀՀ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ և ոչ թե ՀՀ քաղաքացիներին»:

Նիկոլ Փաշինյանն ամփոփելով թեման՝ ասաց. «Կյանքը փոխվելու է աշխատանքով, նա, ով բազմոցին պառկած ասում է, որ կառավարությունն է իր կյանքը փոխելու, նրա կյանքը չի փոխվելու: Մենք Գյումրիից վեր կացանք ու քայլելով եկանք Երևան, այն ժամանակ, երբ մարդիկ որոշեցին, որ քայլ անեն, մենք փոխեցինք իրականությունը: Մենք այժմ հին տնտեսական համակարգից քայլելով գնում ենք նոր քաղաքական համակարգ, քաղաքականությունից հեղափոխական քայլելով գնում ենք դեպի տնտեսական հեղափոխություն: Եթե մեզ հետ քաղաքացիները քայլեն, այդ հեղափոխությունը տեղի կունենա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Sergey says:

    Պարոն, ներեցեք բայց դժվար է չօգտագործել գեղեցիկ թուրքական բառեր? Եթե հնարավոր է բարեհաճեք ավելի շատ հայերեն բառեր օգտագործել: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում թուրք ժողովրդին բայց մենք թուրք չենք

  2. Հ.Շ. says:

    «Եթե մեզ հետ քաղաքացիները քայլեն, այդ հեղափոխությունը տեղի կունենա »
    …………………………………………………………………………………………………….
    արդար ըլլալու համար, պէտք է ընդունիլ որ ինք, սկիզբէն ի վեր, պարբերաբար, այս միտքը արտայայտում էր

    իր խօսքերու այս բաժինը, սակայն, չուզեց լսել իր «ժողովուրդը»… մինչդեռ ամենակարեւորն էր…

    այս մէկ կէտին վրայ ուրեմն, կարելի չէ զինք մեղաւոր նկատել

    ո՞ւր են հիմա առաջին ամիսների իր բոլոր զօրակիցները, զինք քաջալերողները, ներառեալ Սփիւռքի մէջ

    անոնք որ իրմով երբեւիցէ խանդավառուած չէին, իրաւունք ունին նստելու եւ սպասելու

    անոնք որ սակայն հիացած էին, ծափահարում էին, հիմա թող բարեհաճին գործնական բան մը կատարել, մասնակցելու համար իր յայտնած նպատակների իրականացման

    յալլա, նայինք

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031