Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Խոսքը միջազգային մաֆիայի մասին է». Արարատ Միրզոյանը՝ երեխաների օրգանների վաճառքի մասին

Հունվար 15,2019 18:01

ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրված թեկնածուների անունները հայտնի են: Պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու թեկնածուներին ու նրանց մոտեցումը ճշտելու ոլորտային հարցերի հետ կապված:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանին Էդմոն Մարուքյանն ասաց՝ ԱԺ կանոնակարգն այնպես է գրված, որ եթե հանձնաժողովի նախագահը չլինի բարեխիղճ, շատ լուրջ պրոբլեմներ են լինում, որ հետո է հայտնաբերվում, օրինակ, կանոնակարգը թույլ է տալիս, որ կոնկրետ նախագծի քննարկման ժամանակ բանավոր առաջարկություն մտցնեն քվեարկությամբ ու բերել մեծ օրակարգ՝ մարդիկ չիմանան: Մարուքյանը հարցրեց, թե ապագայում ի՞նչ մոտեցում է ունենալու այս հանձնաժողովի նախագահը՝ Վարդանյանը պատասխանեց, որ պետք է սովորեն կոլեգիալ որոշումներ ընդունելու մշակույթը: Նա ասաց, որ հանձնաժողովն է ԱԺ մարմինը, ոչ թե հանձնաժողովի նախագահը ու այստեղ ծածուկ ինչ-որ բաների, «պառլամենտական ծովահենության տեղ չի»: Մարուքյանն ասաց, որ կարեւոր է, որ այսպես հրապարակային խոստումներ տրվեն. «Ինչպես ամերիկյան ֆիլմերում է ասվում՝ այն, ինչ դուք կասեք՝ կօգտագործվի ձեր դեմ հետագայում դատարանում, հիմա կարեւոր է, որ հրապարակային խոստումներ տրվեն»:

Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նարեկ Զեյնալյանը կարեւորեց դեղերի շուկայի խնդիրը՝ դեղերի ապօրինի շրջանառության, կասկածելի գնագոյացման, դեղերի ներկրման հարցերը. «Հստակ պետք է օրենսդրորեն կարգավորվի այս ոլորտը»: Նա ասաց, որ ընտանեկան բժշկության համակարգը պետք է համընդհանուր ներդրվի: Զեյնալյանը խոսեց ժողովրդագրական խնդիրների մասին, փարոսի մասին, ասաց, որ կոռուպցիոն ռիսկերը սոցիալական նպաստի համակարգում բավականին մեծ են: Սոցիալական աշխատողի ու բնակչի անմիջական շփումը պետք է տարանջատեն:

«Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Կոնջորյանն ասաց, որ մեր երկրում վերջին տարիներին ոչ թե առողջապահություն է եղել, այլ՝ հիվանդապահություն, ով փող է ունեցել, առողջ է եղել, կամ գոնե շանս է ունեցել առողջ լինելու, իսկ ով փող չի ունեցել՝ զրկվել է նաեւ այդ շանսից:

«Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանն էլ Զեյնալյանին հարցրեց՝ դուք արդյոք ճշտել եք Արարատ Միրզոյանից օդում կախված լուրերի ակունքներն ու ճշտությունը երեխաների օրգանների վաճառքի հետ կապված ու դիմե՞լ եք իրավապահ մարմիններին: Զեյնալյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում դրա մասին, տեղեկություն չունի:

Արարատ Միրզոյանն իր կողմից պարզաբանեց, որ խոսքը միջազգային մաֆիայի մասին է այդ ոլորտում ու Հայաստանի՝ այդ ռիսկերից խուսափելու քայլերի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031