Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ պաշտոնապես բացված Աշոցքի դահուկավազքի կենտրոնում այսօր տրվեցին առաջին մեկնարկները  (ֆոտոշարք)

Հունվար 27,2019 22:47

Դահուկավազքի եւ առողջ ապրելակերպի տասնյակ սիրահարներ, որոնք եկել էին Երեւանից, Չարենցավանից, Հրազդանից, Գյումրիից, անգամ՝ Ռուսաստանից, այսօր աշոցքցիների հետ միասին  ամբողջ օրն անցկացրին դահուկների վրա:

Սիրողական դահուկավազքերում դահուկուղիներն առաջինը փորձարկեցին մինչեւ 14 տարեկան պատանիներն ու աղջնակները, այնուհետեւ մեկնարկի հրավիրվեցին կանայք, հետո՝ տղամարդիկ, իսկ միջոցառումը եզրափակեցին Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ իր գրասենյակի աշխատակիցների, Հայաստանում գործող միջազգային կառույցների եւ իշխանության ներկայացուցիչներ: Իսկ այդ ընթացքում ձյան համաշխարհային օրվա առիթով մանուկները ձմեռային տարբեր խաղերի էին մասնակցում:

Կազմակերպիչները՝ ԵՄ հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան, առանձնահատուկ նշանակություն էին տվել նաեւ ներառական սպորտին: Մեկնարկի ելան նաեւ պարաօլիմպիկ մարզիկները:

Միջոցառումների ավարտին հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով, դահուկային պարագաներով եւ  հուշանվերներով:

Հայաստանի դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը Aravot.am-ին ասաց. «Վերջապես կատարվեց Աշոցքում դահուկավազքի իսկական կենտրոն ունենալու իմ եւ աշոցքցիների 40 տարվա երազանքը: Այստեղ դահուկային սպորտը շատ խորը արմատներ ունի, ընտանիքներ կան, որտեղ դահուկավազքը պապից անցել է հորը, հորից՝ զավակներին, զավակներից՝ թոռներին: Ժամանակին Աշոցքում պաշտոնապես մարզվում էին 500-ից ավել դահուկորդներ: Հիմա նրանց թիվը կտրուկ նվազել է: Այստեղ մարզադպրոց չկա եւ մեր ընտանիքը մեր տունն է օգտագործում որպես հանդերձարան, գույքի սպասարկման ու նորոգման արհեստանոց եւ այլն: Ես դեռ մանուկ էի, երբ մարզչիս հետ այստեղ էինք պարապում: Դեռ այն ժամանակվանից մտածում էի, թե կլինի՞ այստեղ գոնե մեկ տաքուկ տնակ, որտեղ կկարողանանք զգեստափոխվել, մարզումներից հետո լոգանք ընդունել: Հավատացած եմ, որ պարոն Պյոտր Սվիտալսկու եւ դահուկային սպորտի ֆեդերացիայի համատեղ ջանքերով հիմնված այս բազան կնպաստի շատ արագ վերականգնել բոլոր բարի ավանդույթները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031