Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ով Ներքին զորքերն են կրակել». Վիտալի Բալասանյանն ամոթանք տվեց Սասուն Խաչատրյանին՝ «փիս փիս վիճակի մեջ են ընկնելու»

Հունվար 28,2019 13:44

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ ասաց. «Գիտեք, էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Ոնց եք բան անում, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ինքը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է, էլի, ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել է: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանության չի, իշխանությունում գտնվող մարդը ինչի՞ է սահմանադրական կարգը տապալում»:

Դիտարկմանը, որ իշխանությունը պահելու համար էին տապալում՝ Վիտալի Բալասանյանն արձագանքեց. «Բայց իշխանություն եղել է, ի՞նչ է նշանակում, ես չեմ հասկանում այդ հոդվածը: Բանակը ես չեմ տեսնում, որ մասնակցել է ներքաղաքական իրադարձություններին, միգուցե մասնակցել են ոմանք, բայց այդ հրամանները, ինչի մասին դուք ժամանակ առ ժամանակ ասում եք, այդ 0038 հրամանը, ժամանակը կգա, դուք բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային իրավիճակի, որը ցանկացած երկրում լինում է: Զորքը չի մասնակցել ներքաղաքական իրավիճակին, դուք զորք տեսե՞լ եք էն ժամանակ, որ կրակել են»:

Մեր հարցին՝ բա «Չերյոմուխա-7»-ով ովքե՞ր են կրակել՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Ներքին զորքերը»: Մեր հարցին՝ բանակը չի՞ կրակել՝ նա պատասխանեց. «Բանակը չունի այդպիսի զինատեսակներ, այդպիսի զինամթերք էլ չունի, երբեւիցե չի ունեցել, դա Ներքին զորքերինն է»:

Դիտարկմանը, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասում է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան՝ Վիտալի Բալասանյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում, ամո՛թ է ճիշտն ասած, չի՛ կարելի այդպիսի բաներ: Մանավանդ վերջին ժամանակներս մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են այդպիսի ծանր վիճակի մեջ, ամոթ է, ի՞նչ է նշանակում սպանել են, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Գիտեք, ովքեր արտահայտում են այդպիսի բաները, կարճ ժամանակ հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու, ամոթ է: Նրանք, ովքեր սխալ ինֆորմացիաներ են ասում ժողովրդին, փիս վիճակի մեջ են ընկնելու»:

Հարցին՝ ասում եք՝ ծիծաղելի է սահմանադրական կարգի տապալման հոդվածը, այսինքն, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն է՞լ է ծիծաղելի, Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրա՞նքն էլ՝ Վիտալի Բալասանյանն արձագանքեց. «Բերեք բոլորին կալանավորենք, էնտեղ նստենք, հետո ՀՔԾ-ն որոշի՝ ով է մեղավոր, ով մեղավոր չի: Ասենք, կալանքը…Երբ որ այսօր վճիռ չկա, ես ինչպե՞ս կարող եմ մարդու վրա մեղք դնել, ասել՝ դուք հատուկ կրակել եք Տիգրան Աբգարյանի վրա, որպեսզի արտակարգ դրություն մտցնեք, մի քիչ ծիծաղելի է իմ համար»:

Մենք հարցրեցինք՝ բա Մարտի 1-ի 10 զոհերի մեղքն ո՞ւմ վրա է՝ նա պատասխանեց. «Դատարանը կորոշի: Եկեք առաջ չընկնենք, սպասենք դատարանը որոշում կայացնի: Օդից չի կարելի մարդկանց վրա մեղք գցել, պետք չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031