Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան»․ Միխաել Հարմս

Փետրվար 02,2019 11:34 Share

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում և նշել. «Շնորհավորում ենք Ձեզ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի և հստակ մանդատի կապակցությամբ, որը Ձեզ տվել է Հայաստանի ժողովուրդը: Մենք ողջունում ենք բարեփոխումների Ձեր ծրագիրը:

Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Այսօր ստորագրելու ենք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

Հայաստանը նաև շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է և’ Եվրոպական միությանը, և’ Եվրասիական տնտեսական միությանը: Դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը»:

Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար` վարչապետ Փաշինյանը կարևորել է գերմանական տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ներկայացրել Հայաստանի տնտեսական օրակարգը: «Մեր առաջիկա օրակարգի կարևոր հատվածը հենց տնտեսությանն է վերաբերում, որովհետև քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել: Մենք ցանկանում ենք Հայաստանի տնտեսության կառուցվածքում լուրջ փոփոխություններ անել. նախատեսում ենք հանքարդյունաբերության ոլորտում մեր չափանիշները բարձրացնել և տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա, ջրամբարաշինություն, սննդի վերամշակում, տեքստիլ և թեթև արդյունաբերություն, գինեգործություն և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` այսօր Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ ներդրումներ իրականացնելու ցանկության դեպքում որևէ խոչընդոտ լինի, և չկա սեփականության վերաբաշխման որևէ օրինակ. քաղաքական փոփոխություններից հետո սրանք տնտեսական ամենակարևոր արձանագրումներն են: «Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված և պաշտպանված է: Մեր ուղերձը հետևյալն է` դուք ազատված եք բոլոր հնարավոր կոռուպցիոն պարտավորություններից, որ եղել են նախկինում: Բոլոր ներդրողների նկատմամբ ունենք նույն վերաբերմունքը և ասում ենք` եկեք Հայաստան, ներդրումներ արեք, հարստացեք և հարստացրեք», – նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Քննարկվել են տարբեր` այդ թվում նաև ՏՏ, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, աղբահանության, փոխադրումների բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

Գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ վերջին շրջանում հաճախ այցելել են Հայաստան և կարող են արձանագրել` մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները դրական մթնոլորտ են ձևավորել Հայաստանի շուրջ. բարձրացել է ՀՀ ներդրումային գրավչությունը, մեծացել է օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը երկրում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծվող հնարավորությունների նկատմամբ:

Համագործակցության հնարավորությունների շուրջ մտքերի փոխանակության ամփոփման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումներ ծավալել և գերմանական տնտեսական պատվիրակության` ապրիլին կայանալիք այցից առաջ ուրվագծել կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որոնց շուրջ արդեն Հայաստանում առարկայական քննարկում կլինի:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր` տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան և գերմանական բիզնես ասոցիացիաների միջև համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը: Հուշագրով նախատեսվում է խորացնել ՏՏ բնագավառում փոխգործակցությունը, սերտացնել ոլորտի ընկերությունների միջև կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր: Փաստաթղթի համաձայն` կողմերը կհամագործակցեն նաև Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում:

Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շա՜տ լաւ է։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի 😊
    Գերմանիան հարուստ, ժողովրդավարական երկիր է, որը մեզ նման անցել է պատերազմի ու տնտեսական դժուարութիւնների միջով։ Ես վստահ եմ, որ այդքանը ըմբռնելով, Գերմանիան իսկապէս ուզում է մեզ օգնել, որովհետեւ ժամանակին էլ Գերմանիային օգնեցին («Մարշալի պլան») եւ շնորհիւ աշխատասէր ու նպատակասլաց գերմանացի ժողովրդի, այսօր ունենք այն, ինչ ունենք։ Պատմութիւնը կրկնւում է։ Մեր բարեկամ պետութիւնների օժանդակութեամբ եւ մեր ժողովրդի յամառ ջանքերով, Հայաստանը ոտքի կը կանգնի։

    Մի փոքր տխրեցնում է, որ առայժմ կաղում է գիտակրթական համագործակցութիւնը։
    Տարեկան հազարաւոր ուսանողներ կոպեկներով գալիս են Գերմանիայում սովորելու (Չինաստանից, Հնդկաստանից, Պակիստանից) ու այդ հսկայական գիտելիքներն ու փորձը տանում իրենց երկիր։ Հայաստանը եւս պիտի ակտիւացնի գիտակրթական կապերը Գերմանիայի հետ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728