Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Երբ ինձ բազմաթիվ կանայք եւ տղամարդիկ ասում են՝ հալալ ա քեզ, քո նման տղամարդ 132 պատգամավորների մեջ չկա, իրենց թվում է՝ կոմպլիմենտ են անում»

Մարտ 08,2019 19:30

Այսօր մարտի 8-ին՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների եւ Ազգային ժողովի միջեւ հուշագիր ստորագրվեց:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց.«Ես չեմ սիրում մարտի 8-ը, քանի որ մեր մենթալիտետում դա կանանց հանդեպ խտրականության օր է»:

Զոհրաբյանի խոսքերով՝ «Ես շատ լավ հասկանում եմ, թե մեր երկրում որքան շատ են կանանց, երեխաների խնդիրները, եւ դրանք լուծելը շատ դեպքերում որքան դժվար է՝ հաշվի առնելով որոշակի ավանդույթներ, որոնք խոչընդոտում են, որ կանայք իրենց իրավունքների մասին խոսեն բաց եւ հրապարակային»:

Պատգամավորը մի դեպք հիշեց՝  երբ իրեն մի կին պատմել էր, որ ամուսինը տարիներ շարունակ հանգցնում էր ծխախոտը, այս կինը պատրաստ էր հանձնաժողովում բաց քննարկման ժամանակ այդ մասին խոսել, սակայն այդ կնոջ մայրը զանգահարել էր պատգամավորին եւ ասել՝չհամարձակվեք այդպիսի բան անել, դա իրենց ընտանիքի ներքին գործն է:

Հիշելով ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը, պատգամավորն ասաց՝ օրենքը չի գործում. «Քանի որ դեռեւս մեր մեջ չենք կարողացել հաղթահարել բազմաթիվ բարդույթներ»: Ապա` մեջբերելով իր հարցազրույցը Զոհրաբյանն ասաց՝ կանանց խորհուրդ է տալիս պետք է հաղթահարել 3 «չ»՝  չվախենալ,   չափսոսալ եւ  չնախանձել. «Չվախենալ կարծրատիպեր կոտրելուց, չվախենալ առաջինը լինել: Չնախանձել, որովհետեւ ես դա համարում եմ հոգու հաշմանդամություն: Չափսոսալ եւ անընդհատ չքչփորել անցյալը»:

Զոհրաբյանի խոսքերով՝ «Երեկ մասնակցել է ամերիկացի գրող, բլոգեր Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի շնորհանդեսին: Ես ինձ շատ վաղուց եմ այդ նախադասությունն ասել, երեւի 17 տարեկանում: Ես շատ շուտ եմ ամուսնացել եւ երբ ինձ հարցնում են՝ արդյոք դա խանգարում է կնոջը հետագայում դառնալ քաղաքական գործիչ, ես ասում եմ՝ ոչ, դա չի խանգարում, դա օգնում է: Բայց եթե ես մնում եմ այն համոզմանը, որ կինը ընտանիքում երջանիկ չէ, եթե ընտանիքում չկա այդ ներդաշնակություն, ապա ես չեմ հավատում, որ այդպիսի կինը կարող է դառնալ լավ քաղաքական գործիչ, լավ կոնֆետ արտադրող»:

Պատգամավորի կարծիքով՝ այդ կարծրատիպերը կոտրելու համար ամենքը պետք է կարողանա  խնդիրները նաեւ իր մեջ տեսնել եւ հենց իրենք պետք է կարծրատիպը՝ քաղաքականությունը տղամարդու գործ է, կոտրել.«Երբ ինձ փողոցում ինձ բազմաթիվ կանայք եւ տղամարդիկ ասում են՝ հալալ ա քեզ, քո նման տղամարդ 132 պատգամավորների մեջ չկա, իրենց իսկապես թվում է, թե ինձ մեծագույն կոմպլիմենտն են անում, որովհետեւ այդ կարծրատիպերը մենք չենք կարողացել կոտրել: Օրենքներով չի կոտրվելու»:

Մանրամասներն՝ տեսանյութում

Զոհրաբյանի կարծիքով՝ եթե կինը չունի ինքնագնահատական, ապա հազար օրենք էլ ընդունվի, հազար նման լսումներ, քննարկումներ էլ կազմակերպվեն, միեւնույն է՝ իրականության մեջ ոչինչ չենք կարողանալու փոխել.« Մենք փոքր հաջողություններ ենք արձանագրելու, բայց հետո երկու քայլ հետ ենք գնալու: Ես ուզում եմ, որ քննարկումները  գալչկայի համար չլինեն, որ դրանց արդյունքում կարողանանք փոքր հաջողության պատմություն արձանագրենք»:

Մանրամասներն՝ տեսանյութում 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031