Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ու ներկա վարչապետները նամակներ են գրում միմյանց. Արամ Սարգսյանը՝ «Առաջին դեմքից»

Մարտ 10,2019 15:00

«Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր պատճառը, որ եղբոր՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը ինքը նախընտրեց նշել Արցախում: Դերակատարություն չունեցա՞վ այն հանգամանքը, որ ծննդյան օրվանից ընդամենը 4 օր առաջ՝ մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Եվ ԶԼՄ-ները նկատեցին, որ ոչ ԱԺ նախագահը, ոչ վարչապետը շնորհավորանքի խոսքով հանդես չեկան, «Իմ քայլի» 88 պատգամավորներից միայն 3 հոգի էին եկել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետի հիշատակին։ «Բացարձակապես ոչ: Խնդիրն այդ հարթության մեջ չի եղել»,- ասաց պրն Սարգսյանը եւ մանրամասն ներկայացրեց կազմակերպական խնդիրները, որոնց հետեւանքով ինքը այդ օրը գնաց Արցախ. «Եվ շատ ուրախ եմ, որ գնացի: Իսկապես հրաշալի միջոցառում էին կազմակերպել: Արցախն այն եզակի տեղերից է, որտեղ չկա որեւէ մարդ, որը Վազգենի մասին փորձի վատ բան հիշել, նույնիսկ փորձի մտքով այդպիսի բան անցկացնել: Վազգենը Արցախում բացառիկ հերոս է: Ու Վազգենի թեմաներով Արցախում լինելն ինձ միայն հպարտություն է պարգեւում: Եվ ես սիրով էլի մյուսին՝ պետական հանձնաժողով կլինի, իրենք անձամբ կգան, թե չեն գա, մի ամիս առաջ դա կկազմակերպեն, թե ոչ՝ գնալու եմ Արցախ»:

Սերժ Սարգսյանը նույնպես Արցախում ներկա էր Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Հարցին՝ շփումներ եղա՞ն, «Հանրապետություն» կուսակցության նախագահը դրական պատասխանեց. «Սովորական, մարդկային շփում էր»: Հայտնեց, որ քաղաքական թեմաներ չեն քննարկվել:

Օրերս անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը՝ Արամ Սարգսյանն ասել էր. «Ես Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ներել եմ»: «Նախ՝ Մեծ Պահքի շրջան է,- մեր խնդրանքով անդրադառնալով իր այդ հայտարարությանը՝ ասաց պրն Սարգսյանը:- Պահքի գլխավոր իմաստն է կարողանալ ներել, որպեսզի ներվես: Երկրորդը՝ չեմ կարծում, թե նրանք իմ ներելու կարիքն ունեն: Եվ չգիտեմ՝ կարող է նույնիսկ իրենց կողմից վիրավորանք ընդունվի, որ ես նման բան եմ ասում, քանի որ կարող են ասել՝ մենք ի՞նչ են արել, որ մեզ ների էլ, կամ ինքն ո՞վ է, որ մեզ ների: Խնդիրը մարդկային հոգեվիճակն է, քանի որ եթե չես կարողանում ներել, քո մեջ պահում ես թշնամանքը՝ այն կործանում է: Թշնամանքով ոչինչ չես ստեղծի: Իսկ ներելն ինձ համար բացարձակապես չի նշանակում արդարացնել»:

Հետաքրքրվեցինք, թե անցած տարիների ընթացքում երբեւէ իր եղբոր նախկին զինակիցներից՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից առիթ եղե՞լ է հարցնելու, թե ի՞նչ են արել իրենք կամ ի՞նչ չեն արել, որ չլիներ «հոկտեմբերի 27»-ը: «Այդ հարցերը եղել են միայն մամուլով՝ իմ կողմից: Երբեմն նաեւ չափն անցնող քննադատություն եմ արել, որի համար փոշմանել եմ, քանի որ կարծում եմ՝ քաղաքականության մեջ չի կարելի անցնել մարդկայինի սահմանը: Եվ եթե դիմացինդ վատն է՝ չի նշանակում, թե պիտի նմանվես իրեն: Որեւէ շփում չի եղել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ վարչապետի պաշտոնից իմ ազատվելուց հետո: Նույնիսկ հեռվից իրար չենք տեսել»: Մինչդեռ Սերժ Սարգսյանն այցելում էր Վազգեն Սարգսյանի ծնողներին՝ մեր այս դիտարկմանը Արամ Սարգսյանն արձագանքեց. «Որեւէ այցելության ժամանակ ես ներկա չեմ եղել: Տեղյակ էին պահում, որ Սերժ Սարգսյանը գալու է եւ, ոչ իրեն անհարմար վիճակի, ոչ ինձ վատ վիճակի մեջ դնելու համար՝ այդ օրը տնից բացակայում էի, քանի որ ինքը գալիս էր Վազգենի տուն, ոչ թե իմ տուն… Վազգենի տան դռներն այսօր էլ բաց են իր բոլոր ընկերների համար, որոնք հարկ կհամարեն այդ տուն մտնել: Ճիշտ կաներ՝ Ռոբերտ Քոչարյանն էլ գար-գնար: Ես էլի տանը չէի լինի, ու դա չէր նշանակի, որ ես քաղաքական առումով իրեն չեմ քննադատելու կամ չեմ ասելու, թե ինչու հոկտեմբերի 27-ի դատավարությունը հապշտապ արվեց կամ Սերժ Սարգսյանին չեմ ասելու, թե Ազգային անվտանգության նախարար լինելով հանդերձ՝ ինչո՞ւ չկարողացաք պետության սրբության սրբոցը՝ Ազգային ժողովն այնպես պաշտպանված պահել, որ ցանկացած մարդ՝ 5-6 հոգով, զենքով, զինամթերքով կարող էր մտնել այնտեղ: Դա նաեւ պաշտոնական անգործություն է, չէ՞ որոշակի առումով»:

Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանի վերանշանակումից առաջ «Հանրապետություն» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության զարգացման և բարեփոխումների խնդրում «Հանրապետություն» կուսակցությունը աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը»: Հարցին՝ կարելի՞ է արդյոք ասել, թե իրենց կուսակցությանը փաստացի իշխանական կոալիցիայի մեջ է՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, կարելի է նաեւ այդպես ասել: Ես հակված չեմ դրանից խուսափել… «Հանրապետություն» կուսակցությունը եւ անձամբ ես «Ելք» դաշինքը համարում ենք լավագույն ձեւաչափը՝ գոնե վերջին տարիներին: Այդտեղ գործող դեմքերը (խոսքն իմ մասին չի) փոխլրացնող էին իրար: Եվ ես այսօր էլ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքի թիմում տեսնում եմ Էդմոն Մարուքյանի նման քաղաքական գործչի բացը: Ես տեսնում եմ՝ որեւէ մեկը դա չի լրացնում»:

Խոսելով «Քաղաքացիական պայմանագրի» իր գործընկերների հետ հարաբերությունների մասին՝ Արամ Սարգսյանը բացահայտեց. «Այսօր գրավոր կապ եմ պահպանում Նիկոլ Փաշինյանի հետ: Այո, նամակներ եմ գրում: Ես սիրում եմ գրավոր խոսքը»: Նախկին վարչապետը մեր խնդրանքով պատմեց, թե ինչ է գրում ներկա վարչապետին. նամակներում իր դիտարկումներն են՝ հիմնականում նկատած թերությունները՝ կառավարության կազմի, ծրագրի, հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ ԱԺ-ում հնչեցված տեսակետների, արտաքին քաղաքական խնդիրների մասին. «Ամեն ինչի մասին իմ կարծիքը, մոտեցումը գրում եմ: Քիչ դեպքեր կան, որ գովում եմ, քանի որ կարծում եմ՝ դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ նամակների հետեւանքով լինո՞ւմ են փոփոխություններ՝ Փաշինյանը լսո՞ւմ է քննադատությունը: «Կան դեպքեր, որ լսում է: Կան դեպքեր, որ բանավիճում է ինձ հետ: Կան դեպքեր, որ չի ընդունում»,- պատասխանեց Արամ Սարգսյանը եւ հաստատեց մեր կռահումը, որ Նիկոլ Փաշինյանն էլ իրեն պատասխան նամակներ է գրում:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Արամ Սարգսյանը հրապարակավ էր քննադատություն հնչեցնում «Քաղաքացիական պայմանագրի» հասցեին: Մասնավորապես ասում էր, թե Փաշինյանն ու ՀՀԿ-ն գաղափարախոսության առումով այնքան նույն հարթության վրա են, որ կարող են նույնիսկ դաշինք կազմել: «Այո, ես ասել եմ, որ ՀՀԿ-ն չի կարող Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինել, քանի որ գաղափարական առումով իրենք իրար ավելի մոտ են, քան մեզ: Գաղափարական առումով ՀՀԿ-ն գտնում է, որ ԵՏՄ-ն իրապես տնտեսական միություն է, եւ այդտեղից օգուտներ կան: Իսկ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ինքն էլ է այդպես գտնում եւ այսօր էլ հայտարարում է առավել սերտացնելու եւ այլնի մասին»- իր պնդումը վերահաստատեց պրն Սարգսյանը եւ բերեց այլ օրինակներ էլ:

«Հանրապետություն» կուսակցությունը օրերս հայտարարությամբ ողջունեց վարչապետի Բրյուսել այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված քայլերը. «Համոզված ենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։ «Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հարցազրույցում հայտնած դիրքորոշումը` ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական տարածք տեսնելու և էներգակիրների մեկ ընդհանուր, հավասար գին սահմանելու առումով։ ՀՀ վարչապետի մոտեցումը չընդունելու պարագայում ԵԱՏՄ-ն կհիմնավորի, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշինք է` դրանից բխող բոլոր հետևանքներով»: Հարցին՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների առնչությամբ ողջույնի այս խոսքերը նշանակո՞ւմ են արդյոք, որ կրճատվում են արտաքին քաղաքական հարցերում իրենց հակադրությունները, նա պատասխանեց. «Բացարձակապես ոչ»: Եվ մասնավորապես հիմնավորեց. «Մենք ողջունել ենք ոչ թե խորացումը, այլ վարչապետի հայտնած տեսակետը ԵՏՄ մասին: Ինքն ասել է՝ եթե սա մի տնտեսական միություն է, որի անդամ երկրները տարբեր գներով են էներգառեսուրս գնում՝ այդ միությունում հավասարություն չկա»: Ըստ Արամ Սարգսյանի՝ այս պնդումը հաստատում է իրենց ճշմարտացիությունը, թե ԵՏՄ-ն ոչ թե տնտեսական միություն է, այլ քաղաքական:

Արամ Սարգսյանի հետ հանգամանալից զրուցեցինք նաեւ այն մասին, թե ինչ էր նախորդել փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում հավաքին, երբ ինքը հայտարարեց, թե Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարում է ավարտված ու բացառեց ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը: Ի դեպ, նա բացահայտեց, որ մինչեւ ԵԿՄ նախագահի առաջադրումը զրուցել է վարչապետի հետ. «Սա այն դեպքն է, որ ես հանդիպում եմ ուզել Նիկոլ Փաշինյանից՝ չեմ գրել»: Եվ պատմեց, թե ինչ է իրեն ասել Փաշինյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե հավատո՞ւմ է արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի պնդմանը. «Եթե ես ընտրվեմ, Երկրապահը ոչ մի իշխանության հետ ոչ մի համագործակցություն չի ունենա»: Արամ Սարգսյանն ի պատասխան մասնավորապես մի ուշագրավ ակնարկ արեց. «Այս ընթացքում ես տեսել եմ Սասուն Միքայելյանի եւ ՔՊ-ի ներքին փոխհարաբերությունները, որոնք այդ դաշտում միշտ չէ, որ հարթ են եղել, քանի որ պատերազմն անցած մարդկանց եւ այս նոր եկած իշխանությունների որոշակի թե տարիքային, թե ժամանակային խնդիր կա: Ես էլ եմ մնացել այդ ժամանակների մեջ»: (Միջանկյալ՝ ստացվում է, որ մնացել եք «հին Հայաստանում» կեսկատակ դիտարկմանն էլ մասնավորապես արձագանքեց. «Հենց դժբախտությունն այն է, որ ես հին Հայաստանից չեմ: Ես այնտեղ էլ եմ օտար, այստեղ էլ իրենցը չեմ»: Ու ծիծաղեց): Իսկ հարցին պատասխանեց. «Երկրապահը չի կարող չհամագործակցել իշխանությունների հետ: Երկրապահը պարտավոր է համագործակցել իշխանությունների հետ, քանի որ նրանք ներկայացնում են տվյալ օրվա պետությունը, իսկ պատերազմի ժամանակ պետության ղեկավարն է դառնում գերագույն գլխավոր հրամանատար: Այդպես էլ եկեղեցին չի կարող չհամագործակցել իշխանությունների հետ: Պարտավոր է համագործակցել»:

Արամ Սարգսյանի հետ զրուցել ենք նաեւ այն մասին, թե ինչու թեեւ անցած 20 տարիների ընթացքում միշտ ակնկալիք կար, թե հոկտեմբերի 27-ին կատարվածը լիարժեք բացահայտում կունենա միայն իշխանափոխությունից հետո, այժմ էլ ինքն ասում է, թե «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կբացահայտվի, եթե Ռուսաստանում իշխանափոխություն լինի»: Նրա մեկնաբանությունը խնդրեցինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարության մասին, թե Հոկտեմբերի 27–ի գործն իրավական առումով ավարտված է, և այդ դատական ակտը կարող է վերանայվել բացառապես նոր երևան եկած հանգամանքների արդյունքում։ Այս եւ բազմաթիվ այլ հարցերի մասին Արամ Սարգսյանի ամբողջական պատասխանները՝ տեսանյութում:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031