Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է իրականացնել մասշտաբային ծրագիր, որի մեջ ներգրավված կլինեն և´ համայնքը, և´ կառավարությունը, և´ նվիրատուները

Մարտ 16,2019 21:33
hamaynq

Անչափ գնահատելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձգտումը այցելել համայնքներ և տեղում ծանոթանալ առկա խնդիրներին, իսկ խնդիրները, ինչպես տեսնում ենք, բազմաթիվ են։

Եթե փորձենք քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները խմբավորել, ապա դրանք կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ անձնական բնույթի և հանրային նշանակության հարցեր։

Անձնական բնույթի խնդիրներ են ուսման վարձի, բուժման գումարի, ընտանիքին ֆինանսական օգնություն ցույց տալու և շատ այլ հարցեր, որոնց լուծումը,  իհարկե շատ կարևոր է, բայց ես ավելի շատ ուշադրություն եմ ցանկանում հրավիրել հանրային նշանակության հարցերի վրա, որոնք առկա են մեր համայնքներում, և որոնք, օբյեկտիվորեն, ամբողջովին չեն կարող լուծվել ո´չ համայնքի, ո´չ կառավարության միջոցներով։

Արագ զարգացող, գլոբալացող աշխարհում, որտեղ մարդու կարիքներն օրեցօր ավելանում են, գյուղական կամ քաղաքային համայնքներում ապրող մեր հայրենակիցները, հատկապես երիտասարդները, գնալով ավելի ու ավելի դժվար են հաշտվում այն մտքի հետ, որ չունեն խմելու և ոռոգման ջուր, բարեկարգ ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի և ապրելու համար այլ մինիմալ պայմաններ,  և դա անխուսափելիորեն հանգեցնելու է այդպիսի համայնքների դատարկմանը։

Միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա գյուղացուն պահել գյուղում և կբերի կյանքի որակի բարձրացմանը, դա ենթակառուցվածքների զարգացումն ու արժանավայել ապրելու համար համապատասխան պայմանների ապահովումն է, և սա իրականացնելու համար մենք շատ երկար ժամանակ չունենք։

Բացի կառավարություն-համայնքներ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից, անհրաժեշտ է զուգահեռ իրականացնել ևս մեկ մասշտաբային ծրագիր, որի մեջ ներգրավված կլինեն և´ համայնքը, և´ կառավարությունը,  և´ նվիրատուները։

Առաջարկում եմ կառավարությանն իրականացնել ուսումնասիրություն և յուրաքանչյուր համայնքի համար գույքագրել մեկ առաջնային խնդիր, կազմել նախահաշիվ, բացել հատուկ հիմնադրամ, այդ խնդիրների ցանկը հրապարակել ինտերնետային հարթակում և փորձել դրանք լուծել այդ հիմնադրամին արված՝ կառավարության, համայնքի և նվիրատվություններից գոյացած միջոցների հաշվին։

Հիմնադրամին ֆիզիկական և իրավաբանական անձանց կատարած նվիրատվությունները կարող են լինել և հասցեական՝ որևէ կոնկրետ համայնքի խնդրի լուծման համար և ընդհանուր, որը հավասար կբաշխվի բոլոր համայնքների խնդիրների լուծման համար։

Այս հիմնադրամին կառավարությունը գումար կհատկացնի իր հնարավորության չափով՝ գյուղական և քաղաքային համայնքների համար իր կողմից որոշված համամասնությամբ և տրամաբանությանը համահունչ։

Երբ որևէ համայնքի խնդրի լուծման համար հիմնադրամում համապատասխան գումարը կհավաքվի կամ որևէ այլ կերպ խնդիրը կլուծվի, ապա թիրախում կհայտնվի համայնքի հաջորդ կարևոր խնդիրը։

Բոլորի համար առցանց պետք է հասանելի լինեն համայնքի անունը, խնդիրը, խնդրի լուծման համար անհրաժեշտ գումարի չափը, արդեն հավաքված գումարի չափը և դրա կառուցվածքը, ինչպես նաև այլ անհրաժեշտ տվյալներ։

Այսպիսով, կստեղծվի մի հարթակ, որը հնարավորություն կտա համայնքային խնդիրները լուծելու, համայնքային ենթակառուցվածքները զարգացնելու համար միավորել և՛ համայնքի, և՛ կառավարության, և՛ հասարակության ջանքերը։

Համոզված եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած քաղաքական կապիտալը, հանրային վստահության և աջակցության պաշարը, Հայաստանում և Սփյուռքում ունեցած հեղինակությունը հնարավորություն կտան միավորել ջանքերը՝  Հայաստանի համայնքների շարունակական զարգացման մեխանիզմ ստեղծելու և գործարկելու համար։

Հայկ ԱՐԱՄՅԱՆ

քաղաքագետ, իրավագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031