Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հեղափոխության առիթով

Մարտ 17,2019 12:00

Երիտասարդ հեղափոխականներին չհաջողվեց «ազատվել» Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից: Առայժմ չհաջողվեց: Ասում ենք «առայժմ», որովհետև տեսնում ենք, որ Պետական համալսարանի դեմ պայքարող հեղափոխականները կարծես թե չեն հաշտվում և մտադիր էլ չեն հաշտվել իրենց պարտության հետ: Մինչդեռ չէր խանգարի, եթե նրանք իրենց այս անսպասելի պարտությունից փորձեին դասեր քաղել: Կյանքը առջևում է, և նման իրավիճակները կարող են կրկնվել:

Ինչ վերաբերում է ռեկտոր Արամ Սիմոնյանին, իր ու իր կողմնակիցների «հաղթանակը» նույնիսկ իրենց համար էր անսպասելի: Սա եզակի դեպք էր, երբ հեղափոխությունից հետո նոր ղեկավարության հորդորով «հին կադրերը» չեն հեռանում իրենց զբաղեցրած պաշտոնից: Եթե, իհարկե, չեն ուզում, որ իրենց վրա էլ «գործ սարքեն»: Ռեկտոր Արամ Սիմոնյանը ոչ միայն չի վախենում, որ իր վրա էլ գործ կսարքեն, այլև համարձակ հայտարարում է, որ իր վրա չեն կարող քրեական գործ սարքել:

Հեղափոխականների ու Արամ Սիմոնյանի ընդհարումից պարզ դարձավ, որ ռեկտորն էլ կողմնակիցներ ունի, ընդ որում՝ բավական շատ: Ընդ որում, կողմնակիցները ոչ թե կոռուպցիոն կարգի են, այլ՝ իսկական մտավորականներ:
Եթե Պետական համալսարանի հեղափոխական երիտասարդությունը դեմ է ռեկտոր Արամ Սիմոնյանին, ըստ ամենայնի՝ Նոր Հայաստանի իշխանություններն էլ դեմ կլինեն տվյալ ռեկտորին, իսկ եթե իշխանություններն են դեմ, պիտի որ տվյալ ռեկտորը սուսուփուս հրաժարական տար, այլապես ոմանց նման կարժանանար քրեաիրավական բազմաթիվ բարդությունների: Արամ Սիմոնյանը դա մեզնից լավ գիտի և, իմանալով հանդերձ, հրաժարական չտվեց: Ավելին. ինքնավստահ հայտարարեց, որ իր վրա չեն կարող քրեական գործ սարքել:

Համաձայնվեք, որ նման հայտարարությունը մեր հետհեղափոխական օրերում ոչ թե ինքնապաշտպանություն է, այլ ընդհակառակը՝ մարտահրավեր, նաև համաձայնվեք, որ չափազանց մաքուր ու անբասիր պիտի լինես նման ինքնավստահ հայտարարություն անելու համար: Եթե նման հայտարարություն է անում, ուրեմն՝ «մի բան գիտի»: Եթե նման համարձակ հայտարարություն է անում, ուրեմն՝ հիմքեր կունենա: Համենայնդեպս, սա նաև նշանակում է, որ Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բազմաթիվ առումներով լավ է աշխատել:

Հիմա դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե Պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար պայքարում հաղթեին ջահել հեղափոխականները: Իրենց միջից որևէ երիտասարդի՞ պիտի Պետական համալսարանի ռեկտոր նշանակեին: Դժվարանում ենք պատկերացնել: Նաև դժվարանում ենք պատկերացնել, թե ինչպե՞ս պիտի ջահել ու սակավափորձ հեղափոխականները ղեկավարեին վաստակաշատ ու փորձառու մանկավարժներին ու գիտնականներին, որոնց մեծ մասի համակրանքը, փաստորեն, Արամ Սիմոնյանի կողմն էր:

Հնարավոր է նաև, որ ջահել հեղափոխականներն իրենց հաղթանակի դեպքում Արամ Սիմոնյանի փոխարեն ռեկտոր նշանակեին Արամ Սիմոնյանի սերնդակից իրենց նախընտրած մեկին: Եվ հնարավոր է, որ պարզվեր, որ Արամ Սիմոնյանը շատ ավելի լավ ռեկտոր է, քան՝ իրեն փոխարինելու եկածը:
Ինչևէ. տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Եվ կյանքը ցույց տվեց, որ ռեկտորի «նշանակման» լավագույն տարբերակը ոչ թե հեղափոխական, այլ, այնուամենայնիվ, առավել խաղաղ՝ խորհրդակցական տարբերակն է: Եվ լավ է, որ մեր Համալսարանում հենց այդ տարբերակը կայացավ: Ընդ որում՝ ինքնաբերաբար ու բնականաբար: Ըստ էության, մեզանում սա էլ կարելի է հեղափոխություն համարել:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031