Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Քրիստոսի տանջանքով սպանեց ու կթողնինք Ռուսաստանը վրեքս խնդա»․ Ջուլիետա Ղուկասյանի դուստր

Մարտ 19,2019 18:00

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդիեւին ռուսական 102-րդ ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը:

Փաստաբան Արայիկ Զալյանը դատարանին ներկայացրեց այն հիմնավորումները, համաձայն որոնց ծանր հանցագործության մեջ կասկածվող, կալանավորված ռուս զինծառայողը պիտի պահվի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում, ոչ թե ռուսական ռազմաբազայում։ Ըստ Արայիկ Զալյանի, ռազմաբազան անհասանելի է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որը չի կարողացել այցելել այնտեղ։

«Պատիժը պետք է լինի իրական, իսկ այս պայմաններում գտնվելով՝ պատիժը իրական չէ»,-ասաց Արայիկ Զալյանը։

Դատախազ Միհրան Մարտիրոսյանը, սակայն, ներկայացրեց իր առարկությունները՝ նշելով, որ Անդրեյ Ռազգելդիեւը ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի տարածքում՝ հայկական ու ռուսական կողմերի համատեղ գործողությունների արդյունքում։

«Այսինքն ռազմաբազայի տարածքից դուրս բերելն արդեն իսկ հակասում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանն», -ասաց դատախազը։ Ըստ նրա, չի եղել նման դեպք, որ մեր քննչական մարմինները ուզեն մուտք գործել ռազմաբազայի տարածք ու որևէ խոչընդոտ լինի։

Արայիկ Զալյանը, սակայն, նշեց, որ 102-րդ ռազմաբազայի տարածքը ևս հայկական տարածք է ու նկատեց, որ անհասկանալի է մնում, թե Ռուսաստանի Դաշնության ո՞ր օրենսդրությանն է հակասում ենթադրյալ հանցագործին ռազմաբազայի տարածքից դուրս բերելը։

Դատախազն ասաց, որ իր ձեռքի տակ չկա այն, սակայն, որպեսզի համոզվածություն լինի, կարող են դիմել ՀՀ գլխավոր դատախազության լրատվության վարչություն՝ տեղեկանալու, թե օրենսդրության որ նորմի խախտման մասին է խոսքը։

Ձայն խնդրեց Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանն ու ասաց․ «Ռուսական ռազմաբազայում չի եղել սպանությունը, ինչի պիտի պահվի ռազմաբազայի տարածքում, ի՞նչ իմանամ՝ արդյոք բռնված է։ Կուզենամ ստեղ լինի դատը, իմանամ սպանության պատճառն ինչ է, ո՞վ է կանգնած։ Սա դատախազության անունն է, դատարանինն էլ, որ Ռուսաստանը մեր վրա չխնդա, որ մենք հային կարող ենք դատենք, բայց Հայաստանը մի ռուսի չի կարող դատել, Քրիստոսի տանջանքով է սպանել, իմ խնդրանքս դա է, ուրիշ հեչ բան»։

Մերժումը լսելով՝ Անահիտ Ղուկասյանը բավական հուզական արձագանքեց՝ քննադատելով դատարանին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031