Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վարչապետը հայտարարեց, որ բանակից խուսափած տղաներին Հայաստան վերադարձնելու համար նոր լուծում են քննարկում

Մարտ 29,2019 23:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում ունեցավ Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Համայնքի ներկայացուցիչներից մեկը հորդորեց, որ Իսրայելի նման Հայաստանն էլ բանակ զորակոչի կանանց, որ նրանք էլ մասնակցեն երկրի պաշտպանության աշխատանքներին, որովհետեւ միայն Իսրայելի նման հզոր բանակ ունենալով մենք կարող ենք ավելի հզոր լինել, որ թշնամիները մեզ չնեղացնեն:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ մինչեւ կանանց բանակ զորակոչելը՝ մենք խնդիր ունենք կանանց հանրային, քաղաքական կյանքում ավելի ակտիվ ներգրավածություն ապահովելու. «Իհարկե, մենք այսօր կոռուպցիայի դեմ պայքարում շատ լուրջ հաջողություների ենք հասել, բայց, օրինակ, երկու օր առաջ Հայաստանում էլի դատավոր է ձերբակալվել՝ կաշառք վերցնելու պահին: Ես չեմ հասկանում էն մարդուն, ով այսօրվա Հայաստանում ապրում է ու փորձում է  կաշառք վերցնի ու մտածում է՝ կմարսի դա: Ես չեմ հասկանում, էդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, կամ գուցե նայում են, ասում են՝ սարքած է»: Վիեննայի հայերը հորդորեցին խիստ պատիժներ նշանակել: Փաշինյանն ասաց, որ կանայք շատ ավելի քիչ են հակված կոռուպցիայի, քան տղամարդիկ. «Այսօրվա ՀՀ-ում, ես հավատում եմ, որ ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ, հակված չեն կոռուպցիայի»:

Վիեննայի հայերից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող են անել բանակ չգնացած այն երիտասարդների համար, որոնք հեռացել են ժամանակին ՀՀ-ից,  բայց հիմա ուզում են վերադառնալ: Վարչապետը պատասխանեց, որ ուզում են մի լուծում գտնել, բայց վերջնական եզրահանգման չեն եկել, չեն գտել մի լուծում, որի մեջ 100 տոկոսով համոզված լինեն. «Այսօր Հայաստանում հետախուզվողների 90 տոկոսը ժամկետային զինծառայությունից խուսափելու հոդվածով են հետախուզվում: Մենք, որպես պետություն, որը հակամարտության մեջ է ներգրաված, պետք է շատ զգույշ լինենք, որ սխալ ուղերձ չհղենք եւ սխալ վերաբերմունք չցուցադրենք այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր որոշել են գնալ եւ ծառայել ՀՀ ԶՈՒ-ում: Ես ասում եմ բաներ, որ հանկարծ չասեն՝ հա, ձենդ տաք տեղիք է դուրս գալիս, կխոսաս, բա ի՞նչ կանես: Ես ասում եմ սա` մտավախություն չունենալով, որովհետեւ իմ որդին էլ ծառայում է զինված ուժերում: Բայց ես ընդունում եմ, որ պետք է գտնել ինչ-որ մի կարգավորման ձեւ: Էդ ամեն ինչի մեջ կան դեպքեր, որ մարդիկ չուզենալով են այդ իրավիճակում հայտնվել: Կարո՞ղ ենք արդյոք որոշակի չափանիշներով տարբերակել այն դեպքերը, երբ մարդիկ, անկախ իրենցից, հայտնվել են այդ իրավիճակում: Մենք քննարկում ենք, մի քանի տարբերակ իմ աշխատասենյակում քննարկվել է, եւ մենք խնդիր ունենք ոչ միայն լուծել էդ խնդիրը, այլ լուծել այնպես, որ բոլորս համոզված լինենք, որ ճիշտ լուծում տվեցինք այդ խնդրին, առաջարկենք լուծում, որը հնարավորինս բոլորիս կողմից ընդունելի կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031