Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը

Ապրիլ 03,2019 17:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Հնդկաստանի հայկական հարուստ մշակութային ժառանգության արժեքավոր կոթողներից է Մադրասի Հայկական կամուրջը, որն իր միջոցներով դեռևս 1726 թվականին կառուցել է ծագումով ջուղահայ վաճառական Պետրոս Ոսկան Վելիջանյանը, ով առավելապես հայտնի է Խոջա Պետրոս անունով։

Գեղատեսիլ բազմակամար կամուրջը եղել է Մադրասի տեսարժան վայրերից մեկը, որն իրենց կտավներում պատկերել են բազմաթիվ գեղանկարիչներ։ Դարեր շարունակ Հայկական կամուրջը հանդիսացել է Մադրասի երկու հատվածները կապող կարևորագույն օղակ և միայն 1966 թվականին դրա անմիջական հարևանությամբ կառուցվել է նոր կամուրջ։

Մադրասի Հայկական կամրջի պատմությունը լատիներեն, պարսկերեն և հայերեն արձանագրված է հուշաքարի վրա։ Սակայն, արձանագրության հայերեն հատվածը, որը փորագրված է հուշաքարի ստորին մասում, ժամանակի ընթացքում ամբողջությամբ բետոնապատվել էր։ Ամիսներ առաջ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը դիմել էր պատկան մարմիններին՝ թույլատրելու հուշաքարի վերականգնումը։ Դեսպանության խնդրանքով Չեննայում ՀՀ պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանի հովանավորությամբ հաջողվել է փրկել հուշաքարը՝ տեղադրելով այն պատվանդանի վրա։ Այդպիսով ապահովվել է ոչ միայն հուշարձանի հետագա պահպանությունը, այլև այն դարձել է առավել տեսանելի անցորդների համար։

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: