Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է վարչապետ Փաշինյանի մատնանշած ներդրողը․ 44 հոգի արդեն գործազուրկ են

Ապրիլ 10,2019 23:53

«Շիրակ հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը, որը լուծարվեց կառավարության փետրվարի 1-ի որոշմամբ, ոչ մի ներդրողի այդպես էլ չգրավեց։ Պատճառն այն է, որ հեռուստաընկերությունը չունի եթերային թույլտվություն, ներդրողն այն պիտի գնի որպես գույք, ոչ որպես լրատվամիջոց, իսկ դա, բնականաբար, ձեռնտու չի լինի նրան։ Փաստն այն է, որ աշխատակիցների մեծ մասն այսօր գործազուրկի կարգավիճակում են։

Լուծարված լրատվամիջոցի տնօրեն Արթուր Ղանդիլյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր ղեկավարած ԶԼՄ-ի՝ ապրիլի 8-ից գործունեության դադարեցմանն ու 44 աշխատակիցների գործազուրկ մնալուն, ասաց․ «Միլիոններ են ներդնում, ինչ-որ ձեռնարկություններ են բացում, որ 15-20-50 հոգի աշխատատեղ ունենա, հիմա տարածքը կա, տեխնիկական միջոցները կան, մոնտաժված է ամեն ինչ, ցանկացած ժամանակ կարող է շարունակել իր գործունեությունը, 44 հոգին էլ պահեն իրենց աշխատատեղերը։ Բայց  թե ինչպիսի լուծում կլինի, չեմ կարող ասել, ես փորձում եմ այդ ուղղությամբ աշխատել, կունենա՞նք հաջողություն, եթերում կտեսնեք «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունը, կամ կարող է լինել մեկ այլ անվան տակ, եթե որևէ մեկը ուզի գնել, բայց քանի որ չկա եթերային թույլտվություն, ստացվում է, դառնում է որպես գույք, իսկ դա տվյալ պահին գրավիչ չէ գնորդին»,-ասաց Արթուր Ղանդիլյանը։

Մեր հարցին՝ մի՞թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ էին զեկուցել լրատվամիջոցի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին․ չէ՞ որ վարչապետը հայտարարեց, թե ներդրող կա,  որին այս ԶԼՄ-ն կհանձնեն օտարման կարգով և որի հետ պայմանավորվել են աշխատատեղերը պահպանել մի քանի տարի, Արթուր Ղանդիլյանն ասաց․ «Ո՛չ, վարչապետին սխալ չեն զեկուցել, վարչապետը ուներ հստակ  ինֆորմացիա, կային հետաքրքրվողներ, որոնք հետագայում հասկանալով, որ այն որպես հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն չի գործի, հետ կանգնեցին, անիմաստ դարձավ»։

Արթուր Ղանդիլյանն ասաց, որ աշխատակիցներից մի քանիսն արդեն  տեղափոխվել  են մայրաքաղաք, մի քանիսը հրավեր ունեն այլ լրատվամիջոցներից, տարբեր գերատեսչությունների լրատվական բաժիններից։

Նշենք, որ պետության կողմից 37, 5 միլիոն դրամը դեռ փոխանցված չէ, որի մեջ մտնում են  հունվար, փետրվար, մարտ ամսվա աշխատավարձերը, տույժ-տուգանքը, վերջնահաշվարկը, բաց թողնված արձակուրդային օրերի գումարը, արձակման նպաստը։

«Պետությունը թույլատրեց այս երկու ամիսը գործունեություն ծավալել, որոշումից հետո կարող էին բոլորին վճարել ու ազատ թողնել, բայց շարունակեցինք աշխատել մինչև ծանուցումների վերջը։ Որոշումը եղել է  հունվարի 31-ին, փետրվարի 7-ին հրապարակվեց, ես ստացա ծանուցում որպես գործադիր տնօրեն և աշխատակիցներին հենց նույն օրով ծանուցումներ տվեցի, երկու ամիս մենք կարող էինք աշխատել։ Ապրիլի 8-ին լրացավ երկու ամիսը, մենք ավելի շուտ էինք սպասում գումարին, բայց գործընթաց էր․ հույս ունեմ, որ ամենաուշը երկուշաբթի գումարը կփոխանցվի»,- ասաց Արթուր Ղանդիլյանը։

Նա խնդրի լուծման երեք ճանապարհ է տեսնում։

«Առաջին ճանապարհը, որն ավելի կարճ է և հստակ, հետևյալն է․ 2016 թվականին, երբ անցանք թվային հեռարձակման, մարզային այն հեռուստաընկերությունները, որոնք դուրս մնացին թվայնացումից, Ազգային Ժողովը լրացում կատարեց օրենքի մեջ և նրանց տրվեց ժամանակ մինչև նոր մուլտիպլեքսի ի հայտ գալը։ Իրենք կարող են աշխատել հին, անալոգային լիցենզիաներով մինչև դրա ի հայտ գալը, կարող են այդպիսի որոշում կայացնել։ Չնայած որ մենք՝ որպես հանրային հեռուստաընկերություն, չենք ունեցել լիցենզիա, եթե մենք ունենայինք լիցենզիա, կարող էինք օգտվել այդ օրենքից և շարունակեինք աշխատել։ Կարող են Ազգային ժողովում նախագիծ մտցնել, ստեղծվածը չքանդելու, չապամոնտաժելու համար «Շիրակում» պահել մասնավոր հեռուստաընկերություն, որը կշարունակի իր գործունեությունը, այս տարբերակով թույլատրեն մինչև նոր մուլտիպլեքսի ի հայտ գալը։

Երկրորդ տարբերակն այն է, որ 2021 թվականին հայտարարվելու է մրցույթ, այդ ժամանակ հեռուստաընկերությունը  մնացածի պես կմասնակցի, կշահի կամ չի շահի մրցույթը։

Երրորդ տարբերակը՝ կարող  է մինչև 2020 թվականը օրենսդրական փոփոխություններ լինեն և թույլատրեն մարզերում տեղական մուլտիպլեքսներ ձևավորվել, որտեղ մրցույթով կլինի, թե հայտ կներկայացնես, կթույլատրեն այդպես աշխատենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գ.Հ.Լ says:

    Շատ լավ են արել փակել են այդ ՀՀԿ-ի բարձրախոսը….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930