Լրահոս
Օրվա լրահոսը

Գանգրահեր տղային կրթելու նորօրյա «փիլիսոփայությունը»

Ապրիլ 24,2019 12:30

Այնքա՜ն բացահայտ է ձախողումը

Տեսնես 1923 թվականի՞ն էր Հայաստանի վիճակը ավելի ծանր, թե՞ այսօր՝ գրեթե 100 տարի անց, որ այն ժամանակ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը որոշեց հայ երեխաների համար ամսագիր տպագրել՝ «Պատկոմ»-ը (հետո՝ «Պատկոր», հետո՝ «Հոկտեմբերիկ, ավելի ուշ՝ «Պիոներ», իսկ հիմա՝ «Աղբյուր»)։

Մանկապատանեկան մամուլը սովորական մամուլից էականորեն է տարբերվում. նրա գործը երեխաների կրթությունն ու դաստիարակությունն է, իսկ մյուսներինը՝ պարզապես լրատվությունը։ Եվ այն ժամանակ նոր ստեղծվող հանրապետության այրերը, հիմնադրելով «Պատկոմը», երկրի զարգացման առաջնահերթություն էին հաստատում սերունդ կրթելն ու դաստիարակելը։ Եվ այդ գործը վստահեցին Եղիշե Չարենցին, Ստեփան Զորյանին, պատկառելի պետական այրերի, որոնք «Պատկոմի» խմբագրական խորհրդի առաջին անդամներն էին ու երազում էին գալիքի գանգրահեր տղայի մասին։

Բայց 1923 թվականից հետո ծանր օրեր էլի եղան՝ 1988-ի երկրաշարժ, երկրի փլուզում, հացի սղություն, ղարաբաղյան պատերազմ։ Ու մեր երկրի համար այդ ծանր պահին իշխանության մեջ դարձյալ գտնվեցին ընտրյալ այրեր, ովքեր 1990 թվականի դեկտեմբերի 27-ին հստակ օրենսդրական որոշում կայացրին արնաքամվող մանկապատանեկան մամուլը՝ «Աղբյուրը», «Կանչը», «Ծիծեռնակը» (այն ժամանակ այս երեքն էին), պետական հովանավորության տակ առնելու մասին։ Նրանք նույնպես գիտեին, որ մանուկների համար ամսագիր ու թերթ լույսընծայելը պետական գործ է, եւ մանկապատանեկան մամուլը սերնդի կրթադաստիարակչական գործում պետք է օժանդակի դպրոցին, քանի որ ուսումնական ծրագրերը, միեւնույն է, չեն կարող ընդգրկել կրթության ու դաստիարակության ողջ գունապնակը։

Մեր հայրենիքն այսօր էլ դժվար օրեր է ապրում, եւ փառք Աստծո, որ երկրի վարչապետը կրթությունը որպես առաջնահերթություն է շեշտում պետության զարգացման գործում: Իսկ, ահա, կրթության եւ գիտության նախարարությունում մանկապատանեկան մամուլի դերը կարծես թե այնքան էլ լավ չեն պատկերացնում, քանի որ այստեղ օրերս որոշեցին մանկապատանեկան մամուլի տպագրության խնդիրը գցել…… չզարմանաք… տենդեր-գնում-մրցույթի վրա։ Ու դատելով այն բանից, որ ԿԳ նախարարությունում ոչ մեկին ամենեւին չի հետաքրքրել, թե արդյո՞ք ապահովվել են մրցույթի այնպիսի չափանիշներ, որոնք կարող են բացառել, որ տենդերը շահի, օրինակ, ասենք, մանկավարժական կրթություն չունեցող մեկը կամ, ասենք, պարզապես բարձրագույն կրթություն չունեցող ինքնակոչը, ապացուցում է, որ այդ տենդերային-մրցութային «արդարությունը» պարզապես ցուցադրականություն է, նվազագույնը՝ երեխաների դաստիարակության ու կրթության գործին անտեղյակություն։ Եվ ԿԳ նախարարությունում մանկապատանեկան մամուլը տենդերով տպագրելու իշխող տենդը ի հայտ է բերում ծիծաղելի մի իրողություն. ամեն տարի այդ մրցույթը կարող են շահել պարզապես տպագրական հնարավորություններ ունեցող, միմիայն բիզնես նպատակներ հետապնդող, բայց երեխաների կրթության ու դաստիարակության գործից հեռու կամ այդ գործը սիրողական մակարդակով պատկերացնող պատահական մարդիկ: Հիշյալ տենդերում պարզապես բացակայել են կրթական, դաստիարակչական, գեղագիտական չափորոշիչները, ինչն էլ իր հերթին ցավալիորեն մատնում է, որ ԿԳ նախարարությունում մանկապատանեկան մամուլի համար պարզապես չունեն ռազմավարություն, սկզբունքային պահանջներ, եղած «ռազմավարությունն» էլ հանգում է միայն մի տխուր «փիլիսոփայության»՝ ով ավելի էժան (այսինքն՝ անորակ) ամսագիր կամ թերթ կառաջարկի երեխաներին: Բայց, ինչպես աշխարհում վաղուց համոզվել են, կրթությունը թանկ հաճույք է, ու ժլատը ի վերջո վճարում է կրկնակի, եւ, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, թանկից էժանը չկա։

… Բայց ինչպիսի՜ շռայլություն անցյալ դարի քսանական թվականներին, եւ ինչպիսի՜ կծծիություն մեր նոր օրերում, այն էլ երեխաների կրթության խնդրում։ Չեմ կարծում, թե Չարենցը «Պատկոմի» խմբագրական խորհրդի իր անդամության համար աշխատավարձ է պահանջել. նա երազում էր գալիքի գանգրահեր տղայի, մեր լավ գալիքի ոսկեհեր մանկան մասին ու նոր-նոր ոտքի ելնող երկրի ղեկավարների պես, իմանալով երեխաների կրթության ու դաստիարակության համար ամսագրի ստեղծման կարեւորությունը, ոչինչ չէր խնայում. ո՛ր ծնողն է խնայում իր զավակի կրթության համար։

Գրեթե հարյուր տարի անց անկախ եւ այլեւս ազատ Հայաստանի ԿԳ նախարարությունը, պատկերացնո՞ւմ եք, ուզում է, հնարավորինս էժան (ուրեմն եւ՝ անորակ) կերակուր (հոգեւոր) մատուցել Չարենցի գանգրահեր տղային եւ, մեղմ ասած, չմտածված, չափորոշիչներից զուրկ տենդերով ու իր միակ չափանիշով (ով ավելի էժան) գտել է գանգրահեր մանկանը իր նախընտրած էժան կրթության, էժան հացի մատակարարներին, որոնցից մեկի «ամսագիրը»՝ ինչ-որ թերթոն, նախարարը մի կողմ հրեց (հրաժարվելով հրաժարվեց) մոտ երկու ամիս առաջ իր մոտ կայացած հանդիպման ժամանակ: Հիմա նա իր աշխատակիցների վատ աշխատանքի կամ պարզապես աշխատել չկարողանալու պատճառով զավեշտալի իրավիճակում է հայտնվելու. ստիպված է լինելու ստորագրել իր իսկ ձեռքով իր սեղանից մի կողմ հրված, բայց էժանի փիլիսոփայությունը յուրացրած թերթոնը ֆինանսավորելու պայմանագիրը։ Հարգարժան նախարար, չեղյալ հայտարարեք այդ մրցույթը. դրա համար հիմնավորումներ-պատճառներ գտնելու ոչ մի դժվարություն չկա՝ այնքան բացահայտ է ձախողումը:

Իսկ դուք, հարգարժան օրենսդիրներ, վերջապես արձագանքեք այս խնդրով ձեզ ուղղված նամակներին. որեւէ մեկը իրավունք ունի՞ խնայելու ձեր հաստատած բյուջեով մանուկների համար տպագրվող պարբերականների գումարը, այսինքն՝ հանուն ոչ մի կերպ չարդարացվող խնայողության՝ թերակատարելու բյուջեն, անտեսելու օրենսդիր մարմնի որոշումը մանկապատանեկան երեք ավանդական պարբերականներին («Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ») պետական հովանավորության տակ առնելու վերաբերյալ։ Այսօր մեր երկրից բացահայտորեն միլիարդներ թալանած հայտնի դեմքերին օրենքի տառին համապատասխան են ուզում դատել։ Ինչպե՞ս է, որ մանկապատանեկան մամուլի ֆինանսավորման դեպքում անտեսվում է օրենսդիր մարմնի հատուկ որոշումը։

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

«Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր

«Առավոտ» օրաթերթ, 

23.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930