Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսալսողական մեդիան համակարգային ճգնաժամի մեջ է, եթե քայլեր չձեռնարկվեն՝ հանրային մուլտիպլեքսը մի քանի տարի հետո կվերանա. Տիգրան Հակոբյան

Մայիս 07,2026 15:40 Share

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը գործում է ազատ, անկախ, թափանցիկ եւ հաշվետվողական: Անցած տարի միայն հանձնաժողովի նախագահը եւ անդամները մոտ 128 հարցազրույց են տվել հայաստանյան եւ արտասահմանյան լրատվամիջոցներին: Այս մասին հայտնել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:

Խոսելով Հայաստանում գրանցված տեսալսողական մեդիայի ազատության վիճակի մասին՝ Տիգրան Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում տեսալսողական մեդիան ազատ է եւ անկախ՝ նկատի ունենալով միայն իշխանություն, պետություն եւ մեդիա հարաբերությունները:

«Հայաստանում մամուլն ազատ է, բայց եթե լինենք ավելի ճշգրիտ ու զգուշավոր արտահայտվենք, մեզ հասու չեն այն երեւույթները, որոնք կարող էին ստվերել կամ խանգարել խոսքի ազատությանը»,- արձանագրել է հանձնաժողովի նախագահն ու նշել, որ տարվա վերջին լիցենզավորված, հեղինակազորված բոլոր հեռուստաընկերություններին եւ ռադիոընկերություններին, ցանցային օպերատորներին, դիստրիբյուտորներին հարցում են ուղարկում՝ հասկանալու համար արդյո՞ք 2025 թվականի ընթացքում եղել են դեպքեր, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք, կուսակցությունները խոչընդոտել են իրենց բնականոն աշխատանքը, միջամտել խմբագրական կամ կադրային քաղաքականությանը: Հարցմանն ի պատասխան՝ որեւէ էական նշանակության բողոք չի ստացվել:

Տիգրան Հակոբյանի դիտարկմամբ տեսալսողական մեդիան համակարգային ճգնաժամի մեջ է, եւ եթե համատեղ ջանքերով քայլեր չձեռնարկվեն, ապա հանրային մուլտիպլեքսը մի քանի տարի հետո կվերանա: Նա խոսել է այդ խնդրի պատճառների ու լուծման ուղիների մասին:

Մեկ այլ խնդրի շրջանակում նշվել է, որ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող եւ կաբելային ցանցերով տարածվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հաճախ սպառողներին պարտադրում էին մեր հանրային ու պետական շահերին չհամընկնող տեղեկատվական օրակարգեր, որոնց դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար հանձնաժողովը կարգավորման գործիքակազմ չուներ:

«Մենք այս հարցին անդրադարձել ենք 2022, 2023, 2024 թվականներին եւ միայն ապրիլին ընդունվեցին օրենքի փոփոխություններ, որոնք հանձնաժողովին թույլ են տալիս որոշ չափով կարգավորել օտարերկրյա տեղեկատվական հոսքերը»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Ներկայացնելով թվային տվյալներ՝ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի դրությամբ եղել է 94 լիցենզավորված ընկերություն, որից 41-ը տեսալսողական մեդիածառայություն մատուցող, 53-ը՝ ցանցային օպերատոր: 2024 թվականի վերջում եղել է 63 գրանցված ցանցային օպերատոր: Մեկ տարում եղել է լիցենցիան հանձնած 10 կաբելային օպերատոր: «Մենք էականորեն նվազեցնում ենք անօրինական բովանդակությունը, այսինքն՝ հեղինակային իրավունքի պաշտպանության կարեւորագույն գործառույթ ենք կատարում եւ դրանով բարձրանում է հանրությանը մատուցվող ծառայությունների որակը»,- փաստել է զեկուցողը:

2025 թվականին հանձնաժողովը հարուցել է 84 վարույթ, որից՝ 74-ը սեփական նախաձեռնությամբ: Վարույթները հարուցվել են հեղինակային իրավունքների, գովազդի օրենսդրության խախտման, անչափահասների զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների առկայության, սարսափ ու ակնհայտ բռնություն, հայհոյանք ու գռեհկանաբանություն պարունակող բովանդակության հեռարձակման եւ այլնի համար:

2025 թվականին հանձնաժողովի որոշումների դեմ հարուցվել է 5 դատական գործ, դեկտեմբերի 31-ի դրությամբ վարույթում գտնվող դատական գործերի ընդհանուր քանակը եղել է 16: Հանձնաժողովի նախագահն այդ փաստը գոհացուցիչ է համարել՝ նշելով, որ մեդիա-կարգավորող մարմին հարաբերություններն այսօր բացառապես կարգավորվում են իրավական հարթության վրա:

Անդրադարձ է եղել նաեւ ոլորտում առկա մի շարք խնդիրների:

Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ:

Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031