Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը կգան ԵՄ ներկայացուցիչները եւ կփառաբանեն Փաշինյանին, թե ինչ հոյակապ ժողովրդավարություն է հաստատել․ դա հենց փարիսեցիություն է»

Մայիս 03,2026 16:42 Share

«Ես ուզում եմ խոսել ոչ այնքան մամուլի մասին, որքան երեսպաշտության, կեղծավորության, փարիսեցիության մասին։ Ի՞նչ է երեսպաշտությունը՝ երբ որ դու շատ լավ գիտես ու տեսնում ես, թե ինչ է կատարվում, բայց անում ես պնդումներ, որոնք 180 աստիճանով հակասում են այդ իրականությանը։ Վաղը կգան Եվրամիության ներկայացուցիչները եւ կփառաբանեն Փաշինյանին, որ նա ինչ հոյակապ ժողովրդավարություն է Հայաստանում հաստատել։ Դա հենց փարիսեցիություն է»,- Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Նա նշեց՝ իշխանության բաժանման տեսության հիմնադիր Շառլ Մոնտեսքյոյի հայրենակիցները փառաբանելու են այն կառավարությունը, որտեղ դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանությունները որոշում են, թե ով ինչով պետք է զբաղվի Հայ Առաքելական եկեղեցում կամ ով պետք է կարգալույծ արվի, ով չպետք է կարգալույծ արվի։ Նրանք պաշտպանելու են այն կառավարությունը, որտեղ վարչապետի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հարուցվում են քրեական գործեր։

«ժողովրդավարությունը բազմաթիվ բնորոշումներ ունի, բայց մեկն այն է, որ դա ընթացակարգ է, որի միջոցով ապահովվում է ազատ մրցակցությունը։ Դա ամենամինիմալ պահանջն է ժողովրդավարության, որը ձեւակերպել է Յոզեֆ Շումպետերը։ Եվ Շումպետերի հայրենակիցները գալու են Հայաստան եւ գովերգելու են այն կառավարությանը, որն ընտրություններից երկու ամիս առաջ փոխում է Ընտրական օրենսգիրքը եւ որը բանտերում է պահում հիմնական ընդդիմադիր կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչներին։ Երբ ԵՄ ներկայացուցիչները ասում են՝ խեղճ Փաշինյան, հեսա Կրեմլն ու ռուսները նրան կուտեն, եկեք պաշտպանենք Փաշինյանին եւ այդպիսով նաեւ պաշտպանենք ժողովրդավարությունը, ես ասում եմ, որ դա երեսպաշտություն է, սուտ է, որովհետեւ Պուտինի գլխավոր աշակերտը Հայաստանում հենց Փաշինյանն է։ Երկուսն էլ ընտրությունները վեր են ածում ֆարսի, երկուսն էլ ստեղծել են կարծր ավտորիտար ռեժիմ։ Բայց մի դեպքում ԵՄ ներկայացուցիչներն այդ ռեժիմը տեսնում են, մյուս դեպքում չեն տեսնում։ Երկուսն էլ փորձում են մարգինալացնել իրենց ընդդիմախոսներին, մի դեպքում հայտարարվում են ինոագենտներ, մյուս դեպքում հայտարարվում են ռուսի շպիոններ, Կրեմլի ագենտներ եւ ռուսաստրուկներ։ Դրանք նույն ռեժիմներն են, սակայն մեկը մյուսից պետք է իբր պաշտպանվի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արամ Աբրահամյանի խոսքով՝ այս պայմաններում մամուլի աշխատանքը բնականաբար շատ բարդ է։ «Երբ իշխանության ներկայացուցիչներին որեւէ լրագրող անհարմար հարց է տալիս, նրանք այդ հարցերին չեն պատասխանում, սկսում են լավագույն դեպքում դասախոսություն կարդալ, թե ինչպիսին պետք է լինի ազատ լրագրողը եւ ինչպիսին պետք է լինի լրագրողների հարցը։ Վատագույն դեպքում սկսում են հարձակվել ու հայհոյել»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031