Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Միսկարյան. «Դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններ են, որի մեջ ԱԱԾ-ն իրավունք չունի մտնելու»

Մայիս 01,2019 17:23

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին ֆեյսբուքի իր էջում գրառման առնչությամբ ԱԱԾ-ից ստացած հերքման պահանջը խիստ մտահոգում է: Բայց մտահոգությունն իր համար չէ, այլ ԱԱԾ-ի:

Գարեգին Միսկարյանն ապրիլի 18-ին իր էջում գրառում էր կատարել. «Էն որ Վանեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։ Իսկ երեկ Միսկարյանը ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վ. Ենգիբարյանից ԱԱԾ ձեւաթղթով նամակ է ստացել, որով պահանջում են հերքել գրառումը, պնդելով, թե այն իրականությանը չի համապատասխանում: Ընդ որում, Վանեցյանի ներկայացուցիչը մեջբերում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, քաղաքացիական օրենսգիրքը՝ հղում անելով զրպարտությանը վերաբերող հոդվածը:

Վանեցյանի անունը սոցիալական ցանցում արծարծող Միսկարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գուցե կոնկրետ քաղաքացի Վանեցյանի համար այդ գրառումը հերյուրանք է, ու չնայած, որ ես ինձնից չեմ հորինել, դրանք շրջանառվում են եւ լրատվամիջոցներն են գրել, այնուամենայնիվ, ես Վանեցյանին, որպես քաղաքացի, փորձում եմ հասկանալ կամ հասկանում եմ, ու նրա հերքում պահանջելուն էլ նորմալ եմ վերաբերվում: Բայց որ դրան առնչվում է ԱԱԾ-ն, դա ինձ շատ խորը մտահոգության առիթ է տալիս, որովհետեւ սա, ըստ էության, քաղաքացիաիրավական հարաբերություններ են, որի մեջ ԱԱԾ-ն իրավունք չունի մտնելու»:

Միսկարյանը ֆեյսբուքի իր էջում հերքում է հրապարակել, որտեղ նաեւ ներկայացրել է գրառման հիմք եւ առիթ հանդիսացող «Հետք»-ի երկու հոդվածները Վանեցյանի ու նրա ընտանիքի բիզնեսի մասին:

Գարեգին Միսկարյանն ասաց, որ Վանեցյանը կարող էր էլի միջնորդել կամ իր ներկայացուցչի միջոցով հերքում պահանջել, բայց ոչ ԱԱԾ աշխատակցի, կամ գուցե դատարան դիմեր, եթե հերյուրանք կամ զրպարտություն է տարածվել եւ եթե հեղինակը չհերքեր կամ հիմնավորեր գրառման աղբյուրները:

Ուշագրավ է, որ Վանեցյանի ներկայացուցիչն այդ նամակում Գարեգին Միսկարյանին դիմում է՝ նշելով նրա կուսակցական պատկանելությունը: «Ես չէի ցանկանա դա կապել իմ քաղաքական գործունեության հետ, որքան էլ դա դժվար է չկապել: Հույս ունեմ, որ դա զուտ իրենց պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառ է: Հետագա իրենց քայլերից կերեւա՝ դա կապ ունի՞ իմ քաղաքական գործունեության հետ: Ցավոք չէի ուզի մեր ԱԱԾ-ն պրոֆեսիոնալիզմի առումով այսքան կաղեր, այն էլ իրավական հարթությունում, որտեղ իրենք բազմաթիվ գործեր են քննում՝ բազմաթիվ ուղղություններով՝ կոռուպցիոն, տնտեսական հանցագործություններ, կազմակերպված հանցագործություններ, գրեթե բոլոր ճյուղերով զբաղվում են, ու նման ցածր պրոֆեսիոնալիզմ իրավական հարթությունում, ինձ համար ուղղակի ցավալի է»:

Aravot.am-ի հարցին՝ եթե ԱԱԾ նամակով են հերքում պահանջում, արդյոք սա նման չէ ուժի ցուցադրության, Միսկարյանը պատասխանեց. «Դե, դա ինչպես եւ կուսակցական լինելու հանգամանքը շեշտելն, ինձ թվում է նույն հարթության մեջ է: Այսօր դժվար է ասել, թե՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նամակը, եւ արդյոք դա ունի իմ՝ քաղաքական կամ հանրային գործունեության հետ առնչություն»:

Մեր այն հարցին էլ՝ ԱԱԾ-ի նման վարքագիծը քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակում կամ ճնշում չե՞ք դիտարկում, պարոն Միսկարյանը պատասխանեց. «Կրկնեմ՝ եթե սա լիներ քաղաքացուց քաղաքացուն ուղղված հերքման պահանջ, դա կարելի էր նորմալ ընդունել ու նորմալ վերաբերվել: Բայց ԱԱԾ-ի միջամտությունը քաղաքացիաիրավական, քաղաքացիական հարաբերություններին… սա փաստ է, սա նույնիսկ մեկնաբանելու չէ»:

Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանին երբ ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց, Գարեգին Միսկարյանն ի պաշտպանություն Սանասարյանի գրառում էր կատարել: Հնարավո՞ր է նաեւ այդ գրառումը ԱԱԾ-ի նամակի համար շարժառիթ լինե՞ր, մեր այս հարցին ի պատասխան էլ Միսկարյանն ասաց.«Ես ամենաքիչը կցանկանայի, որ նման պատճառով լիներ, որովհետեւ դա կնշանակի, որ Դավիթ Սանասարյանին պաշտպանելը, մարդու՝ որի մեղքը ապացուցված չէ, արդեն դիտարկվում է վտանգ հատուկ ծառայությունների համար: Դա, հետեւաբար, մտահոգվելու տեղիք է տալիս: Բայց էլի ասեմ՝ հույս ունեմ, որ դա այդպես չէ, ընդամենը սա ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի Ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031