«Օրբելի» կենտրոնում երեկ ԱԺ պատգամավորներ Հայկ Կոնջորյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, Տիգրան Ուրիխանյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից եւ Տարոն Սիմոնյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, ներկայացրին Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի կայացման վերաբերյալ իրենց մոտեցումները, անդրադարձան առկա խնդիրներին եւ առաջնահերթություններին:
Խորհրդարանական կառավարման համակարգում որպես փոխզսպող մեխանիզմ ընդդիմադիր քաղաքական ուժերի դերի եւ լծակների մասին Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքն անձամբ այսօր առկա իրականության իմաստով ԱԺ կառավարման արդյունավետության հետ կապված որոշակի վերապահումներ ունի: «Կարծում եմ, կարճ ժամանակ անց մենք կտեսնենք՝ արդյունավե՞տ է կառավարվում երկիրը, թե՞ ոչ: Ըստ իս, կա ընդամենը մեկ չափանիշ: Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի որակն է: Եթե մարդիկ կապրեն ավելի լավ, եթե գործազրկությունը կվերանա կամ էական տեմպերով կսկսի նվազել, եթե կձեռնարկվեն քայլեր, ասենք, Տրանսկովկասյան երկաթգծի վերաբացման ուղղությամբ, այնուհետեւ, մեր քաղաքացիները կնստեն գնացք եւ կսկսեն հասնել, ասենք, Աթենք, Բուխարեստ, Փարիզ կամ Լոնդոն, եթե կսկսեն աշխատանքները երկրորդ ատոմակայանի կառուցման, կամ գոնե նախագծման, եթե մենք կունենանք էլեկտրաէներգիայի բավարար պրոֆիցիտ եւ արտահանման հնարավորություն, օրինակ, առնվազն, ԵԱՏՄ, որտեղ կա չափազանց մեծ պահանջարկ եւ որին անդամակցելով ստացել ենք հնարավորություն միանալու շուրջ 170 հազար կիլոմետրանոց վերգետնյա էլեկտրական ցանցի: Ես խոսում եմ նաեւ պետական եկամուտների մասին: Այսինքն՝ նյութական բարիքների, որոնք կգան երկիր եւ մարդկանց լավ ապրելու հնարավորություն կտան: Եթե աղքատությունը կվերանա, կկասեցվի արտագաղթը, հուսալքությունը, որը քաղաքական գործընթացների արդյունքում եթե ամբողջությամբ չի չեզոքացել, ապա առնվազն մասամբ փոխակերպվել է հույսի եւ հավատի, դա արդեն կյանքի որակի մեջ պիտի երեւա: Եթե ամեն բան կլավանա, ուրեմն խորհրդարանական կառավարումը ճիշտ էր Հայաստանի Հանրապետության համար: Էլ չեմ ասում անվտանգության հետ կապված խնդիրները, ռազմավարական նշանակության մեր պրոբլեմները՝ Լեռնսյին Ղարաբաղի հակամարտություն, փակ սահմաններ, տարածաշրջանի յուրահատկություններ՝ Հայաստանի համար իր դժվարություններով եւ այլ: Եթե հարյուրավոր խնդիրները, որոնք չեմ հասցնի թվարկել, կլուծվեն կամ կսկսեն լուծվել, ուրեմն խորհրդարանը լավ է կառավարում, այդ թվում նաեւ ընդդիմությունը իր գործառույթներով: Իսկ եթե ոչ, ուրեմն խորհրդարանական կառավարումը վատ է եւ մեր քաղաքացիները հնարավորություն կունենան հանրաքվեով սահմանադրության մեջ եւ կառավարության կարգերի մեջ փոփոխություններ իրականացնելու:
Կրկնում եմ, ինքս ունեմ վերապահումներ, որովհետեւ չեմ կարծում, թե այն ճիշտ տարբերակ էր հիշյալ սահմանադրական բարեփոխում կոչվածով հանդերձ: Բայց, գուցե, տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում կյանքը Հայաստանում իրապես լավանա: Որովհետեւ եթե վերջ է դրվել այն ավանդույթների համակարգին, այն կրիմինալակոմպրոմատաֆինանսալծակային, բուրգին, որը ըստ էության պահում էր անսասանությունը նախորդ համակարգի, ապա դրան էլ պետք է գումարել արհեստավարժությունը, ընդ որում առանց որեւէ վերապահումի, մոտավորապեսականության եւ առանց շեղումների:
Ընդդիմության դերակատարումը խորհրդարանական կառավարման համակարգում բավարար չէ: Գործիքակազմը, որ այսօր ունի ընդդիմությունը, բավարար չէ, եւ հենց դրա համար նախանցած քառօրյա նիստում ես հարց տվեցի վարչապետին՝ ընդդիմությանը որոշ վերահսկողական մարմինները փոխանցելու վերաբերյալ, ինչի մասին երկար տարիներ խոսել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նա էլ համաձայնեց սկսել բանակցությունների գործընթաց:
Կարդացեք նաև
Շարունակում եմ վստահ լինել, ինչպես պնդել եմ երկար տարիներ, վերահսկող մարմինները պետք է գտնվեն ընդդիմության տնօրինման ներքո՝ ոչ թե մասնակի, այլ՝ ամբողջությամբ: Եվ դա հիանալի հնարավորություն կլինի օրվա իշխանությանը զգոնացնելու, սթափեցնելու, աջակցելու, նպաստելու: Ցանկացած իշխանություն եթե բացառում է ցանկացած ապօրինի երեւույթ ու գործունեություն, պետք է շահագրգռված լինի այլընտրանքային վերահսկողության մեջ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































