Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (European Commission against Racism and Intolerance-ECRI) հրապարակել է իր եզրակացությունները՝ Ադրբեջանի համար 2016թ. արված երկու առաջնահերթ առաջարկների իրականացման վերաբերյալ:
Առաջինը, ECRI-ն իշխանություններին առաջարկել էր պայմաններ ստեղծել անկախ քաղաքացիական հասարակության զարգացման համար: Այդ ուղղությամբ ECRI-ն նշում է որոշակի դրական իրադարձություններ՝ նախագահական հրամանը օտարերկրյա դոնորների համար դրամաշնորհների գրանցման գործընթացը պարզեցնելու վերաբերյալ, դրամաշնորհների գրանցման համար էլեկտրոնային ծառայությունների զարգացումը և կառավարության ու քաղհասարակության միջև սկսված երկխոսությունը:
Չնայած այդ դրական պահերին, շարունակվում են իշխանությունների կողմից սահմանափակող միջոցառումները, որոնք նպաստավոր պայմաններ չեն ստեղծում ոչ կառավարական կազմակերպությունների անկախ գործունեության համար: Որոշ դեպքերում դա հանգեցնում է նրան, որ այդ կազմակերպությունները չեն կարողանում վերսկսել իրենց աշխատանքը: Հաշվի առնելով դա՝ ECRI-ն եզրակացնում է, որ այդ առաջարկը չի կատարվել:
Երկրորդ, ECRI-ն իշխանություններին առաջարկել էր կատարել Եվրախորհրդին միանալու ժամանակ տված խոստումը՝ ընդունել օրենսդրություն այլընտրանքային զինվորական ծառայության մասին, ինչպես որ նախատեսված է Ադրբեջանի Սահմանադրության 76-րդ հոդվածով: Հանձնաժողովը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ նախաձեռնություն չեն իրականացրել նման օրենսդրություն ընդունելու վերաբերյալ, և այդ առաջարկը նույնպես համարվում է չիրականացված:
Կարդացեք նաև
Եզրակացությունները հիմնված են կառավարության պատասխանների և այլ աղբյուրներից տեղեկատվության հիման վրա: Դրանք վերաբերում են միայն առաջնահերթ առաջարկներին և ուղղված չեն Ադրբեջանում անհանդուրժողականության և ռասիզմի դեմ պայքարում իրադարձությունների բազմակողմանի վերլուծությանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































