Ռեժիսոր Շավի Սալայի «Գիեդանիի պորտը» (Մեքսիկա) հայ կինոհանդիսատեսին հասու է դարձել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Այն պատմում է Սապոտեկ հնդկացիական ցեղից սերող մի աղջկա` Գիեդանիի մասին, որը մոր հետ սպասուհու աշխատանքի է անցնում Մեխիկոյում՝ միջին դասի վերնախավին պատկանող մի ընտանիքում: Աղջիկը չի համակերպվում կարգուկանոնին: Ամեն ինչ փոխվում է, երբ նա ընկերանում է Կլաուդիա անունով մի ըմբոստ աղջկա հետ:
«Իմ ֆիլմը տրամագծորեն հակառակ է Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմին (նկատի ունի Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծի» արժանացած հայտնի ֆիլմը-Գ.Հ.): Տեսանկյունների տարբերություն կա: Սովորաբար նման ֆիլմերը ներկայացնում են բարձր խավի տեսակետը բնիկների վերաբերյալ: Օրինակ «Ռոմա» ֆիլմում ոչ թե բնիկների տեսանկյունն է ներկայացված, այլ ռեժիսորի հիշողությունները` իր մանկության վերաբերյալ: Իմ ֆիլմը լրիվ դրա հակառակն է»,-ասաց Սալան` զուգահեռներ տանելով երկու ֆիլմերի միջեւ` չհամաձայնելով, որ իր եւ Ալֆոնսո Կուարոնի ֆիլմերի միջեւ ընդհանրություններ կան:

Շավի Սալան հավելեց, որ Սապոտեկ հնդկացիական ցեղի հանդեպ հարազատություն է զգում, քանի որ ինքը Կատալոնիայից է. «Այն, ինչի միջով անցել եմ, իրենք էլ են անցել: Մենք մի հինգ տարի ապրել ենք այդ ցեղի հետ եւ հասկանում ենք նրանց խնդիրները: Երկուսս էլ ինքնության պահպանման խնդիր ունենք»:
Կարդացեք նաև
Ռեժիսորը հայտնեց, որ Գիեդանիի հերոսուհուն երկար է փնտրել եւ գտել է միայն 2 տարի անց. «Ինձ համար սցենարից հետո երկրորդ կարեւոր հարցը դերասանների հարցն է»:
Նշենք, որ Շավի Սալան Վալենսիայի Ալիկանտե քաղաքից է, Մեքսիկայի քաղաքացիություն ունի: Լրագրություն է ուսանել: Սցենարիստ է, ռեժիսոր և կինոպրոդյուսեր: Նրա «Հիջաբ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի: Սալայի 9 կարճամետրաժ ֆիլմերը բազմաթիվ միջազգային կինոփառատոնների են մասնակցել՝ ավելի քան 80 մրցանակ շահելով և միջազգային ճանաչում բերելով ռեժիսորին: «Գիեդանիի պորտը» Սալայի առաջին խաղարկային ռեժիսորական աշխատանքն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ռեժիսորի լուսանկարը` http://beamos.es կայքից


















































