Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը ՀԱԿ ակտիվիստի ծեծի գործով հարցաքննվել է. Նա Փաշինյանին հորդորում է հասցեական խոսել ՀՅԴ-ի հասցեին, որ պատասխանեն

Հուլիս 25,2019 14:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ էր արձագանքել ՀՅԴ-ականների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ բռնությանը եւ դրան հաջորդած «Ես եմ ծեծել» ակցիային, որը կազմակերպել էին ՀՅԴ-ականները: Վարչապետն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՀՅԴ-ականներն այդ միջադեպի հետ կապված նշեցին, որ իրենք են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստին, ընդհանրապես մտահոգություններ կա՞ն սրա հետ կապված՝ Փաշինյանը պատասխանել էր. «Հիմա բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել: Սա ասում են այն ուժերը, ովքեր «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք: Էդ որ աչքով էին տալիս՝ բա զինված ուժերը, բա բանակը, իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, իրենք թալանել են իրավապահ համակարգը, թալանել են պետբյուջեն, թալանել են ամեն ինչ»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. «Ես չգիտեմ ում նկատի ունի վարչապետը: Դա ամենա…ոչ հասցեական, եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում, լավ կլինի ասի՝ նկատի ունեմ ձեզ, որ մենք կարողանանք պատասխանել, մանավանդ, որ 25 տարի ոչ միայն ՀՅԴ-ն իշխանության մեջ չի եղել, բանակի հետ ընդհանրապես առնչություն չի ունեցել: Մենք ազատագրական պայքարին մասնակցել ենք մեր ջոկատներով, մեր հնարավորություններով, մեր ուժերով եւ օգնել ենք, որպեսզի այսօր մենք ունենանք ազատագրված Արցախ: Եթե նկատի ունի ինչ-որ անձի, լավ կլինի անձնավորված խոսի: Անիմաստ հայտարարություն անելը ո՞րն է: Չեմ ուզում ասել, որ այդ հայտարարությունն անիմաստ է, բայց երբ առանց հասցեի բան եք ասում, նպատակը ո՞րն է: Ինչ վերաբերում է ծեծին, բանին՝ դատարկաբանություններ են դրանք: Իմիջիայլոց, ասեմ, ես հարցաքննվել եմ՝ որպես վկա, ժամանակը կգա, երեւի թե քրեական գործի շրջանակներում կներկայացվի: Համենայնդեպս, այն դաստիարակությունն ու արժեքային համակարգը, որը կրում են այն անձինք, ովքեր բռնություն են քարոզում, ովքեր պատրաստ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի գլուխը քարով ցխել, կամ սրբազանին վիրավորում, դատապարտում են, էդ մարդիկ ի՞նչ արժեքային համակարգ ունեն, որ մի հատ էլ մենք փորձենք ներկայացնենք իրենց՝ որպես եսիմ ինչ կարեւորության երեւույթներ էս երկրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031