Անվտանգության տեսանկյունից լավ կլիներ, որ այդ փաստաթղթերը չհայտնվեին օտարերկրյա լրատվամիջոցի ձեռքին: Այս կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով BBC-ի աղմկահարույց հոդվածին, որտեղ հղում է արվում քննչական մարմիններից դուրս եկած որոշ գաղտնի փաստաթղթերին՝ մարտի 1-ի իրադարձությունների մասին: Գրիգորյանը նշեց. « Մեզ համար շատ կարեւոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի»:
Արդյոք վտանգավոր չէ, երբ կարեւոր փաստաթղթերի արտահոսք է լինում, այս հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ ընդհանրապես լուծված է այդ հարցը. «Գաղտնիության հետ առնչվում են բոլորը: WikiLeaks-ը դրա վառ օրինակն է, նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել էին լրատվամիջոցներում: Մենք ապահովագրված չենք, բայց աշխատում ենք, որպեսզի նվազագույնի հասցնենք վտանգը»:
Լրագրողների հարցին՝ բացառո՞ւմ է, որ այդ փաստաթղթերը իշխանության ներկայացուցիչների կամ որեւէ պաշտոնատար անձանց աջակցությամբ են հայտնվել BBC-ի տրամադրության տակ, Գրիգորյանը պատասխանեց. «Դրա համար պատասխանատու մարմինը պետք է հետաքննություն անցկացնի եւ հասկանա՝ ի՞նչ պատճառով է հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի ձեռքին»:
Անդրադառնալով Արցախում ՀՀ վարչապետի ելույթի որոշ մեկնաբանություններին, Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում փորձագետների որոշակի շրջանակ Փաշինյանի արցախյան ելույթի ուղերձները ճիշտ չի ընկալել, եւ Հայաստանը, ինչպես վարչապետն է հայտարարել, լինելու է Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ազատ ընտրությունների երաշխավորը. «Այս պահին քննարկվում է եւ համարյա վերջնական փուլում է ընտրական օրենսգրքի ընդունումը: Այդ ամբողջ գործընթացին մենք աջակցել ենք, որպեսզի ժողովրդավարական մեխանիզմներ ներդրվեն, որպեսզի անցկացվեն ազատ, արդար ընտրությունների Արցախում»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Արցախի Սահմանադրությունը փոխելու մասին Սամվել Բաբայանի նախաձեռնությանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Ընդհանրապես, կարծում եմ, որ քաղաքական նպատակներով Սահմանադրությունը չպետք է փոխվի։ Ես ինքս ամբողջ կյանքս պայքարել եմ որևիցե քաղաքական նպատակով սահմանադրական փոփոխությունների դեմ և կյանքում որևէ նպատակի համար երբևիցե չեմ աջակցի ու նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ»։
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների մասին հարցին էլ Գրիգորյանն ասաց. «Հայաստանի արդարադատության համակարգում կան խնդիրներ, որոնք լուծելու համար պահանջվում են նաև Սահմանադրական փոփոխություններ։ Այդ փոփոխությունների նպատակը արդարադատության համակարգում արդյունավետություն եւ բարձր մակարդակով աշխատանք ապահովելն է»:
Արցախում, ըստ Գրիգորյանի, լարված շրջան չի սպասվում, ամեն ինչ հանգիստ է. «Եվ ամբողջ քաղաքական գործընթացը, որը տրվել է Արցախում օգոստոսի 5-ի հանրահավաքով, գլխավոր ուղերձները տրվել են, մենք աջակցելու ենք ազատ եւ արդար ընտրություններին: Արցախի ժողովուրդն է որոշելու ով է լինելու Արցախի նախագահն ու ինչպիսին է լինելու խորհրդարանը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































