Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզադպրոցի հետ մեթոդաբար խիստ դաժան են վարվել (ֆոտոշարք)

Օգոստոս 08,2019 17:25 Share
marzadproc

Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեական մարզադպրոցի ծայրահեղ անմխիթար վիճակը նոր տնօրինությանը, 1200-ից ավելի սաներին ու նրանց ծնողներին հարկադրել էր այսօր ահազանգել լրատվամիջոցներին՝ կապված առկա խնդիրների հետ:

Խորհրդային տարիներին այս մարզադպրոցն ունեցել է ստանդարտ չափերի հանդբոլի, բասկետբոլի երեքական բացօթյա դաշտ, երկու լողավազան (ջրացատկի եւ երեխաների համար): Ընդ որում, բասկետբոլի բացօթյա խաղադաշտերից մեկը եղել է փայտե ծածկույթով: Հիմա միայն դրանց հետքերն են մնացել, իսկ շենքային պայմանների 1500 քմ մակերեսով մեծ դահլիճը, որտեղ անգամ նետաձգության մրցումներ են անցկացվում, բասկետբոլի, հանդբոլի, ակրոբատիկայի, բռնցքամարտի դահլիճներն այնքան անմխիթար վիճակում են, որ դրանցից օգտվելը արդեն վտանգավոր է դարձել երեխաների համար:

Դրա փոխարեն նախկին իշխանությունների օրոք համալիր մարզադպրոցի հսկայական տարածքներն աստիճանաբար սեփականաշնորհվել, անհատույց օգտագործման են տրվել տարբեր անհատների եւ կազմակերպությունների, կամ թույլատրել են ապօրինի շինարարություններ իրականացնել: Մարզադպրոցում անգամ կուսակցության շտաբ է գործել:

Մասնավորապես, մեզ ցույց տվեցին մարզադպրոցի տարածքում՝ վարչական շենքին կիպ կառուցված մի շքեղ առանձնատուն, որը վեր է հառնել հանդբոլի բացօթյա խաղադաշտի տեղում:

Մարզադպրոցի նորանշանակ տնօրեն Դավիթ Ֆահրադյանը նշում է, որ առաջնահերթության կարգով տանիքի խնդիրը պետք է լուծել: Նրան այս պահին մարզադպրոցի կորսված տարածքներն այնքան էլ չեն հետաքրքրում: Առաջնայինը եղած շենքային պայմանները փրկելն է, իսկ մյուս խնդիրներին անդրադառնալը պատկան մարմինների գործն է:

«Մենք ուզում եւ սկսել ենք մեր միջոցներով նորոգումներ իրականացնել: Տնօրեն աշխատելուս չորս ամիսներին տնտեսել ենք 5 մլն դրամ եւ սկսել սանհանգույցների նորոգումը: Սակայն դա հարցի լուծում չէ: Նախնական հաշվարկներով տանիքը կարգի բերելու համար մոտ 50 մլն դրամ է հարկավոր, իսկ ընդհանուր առմամբ՝ շուրջ 400 մլն դրամ, ինչը հասկանալի է, մարզադպրոցը չունի: Դիմել ենք Շենգավիթ վարչական շրջանի նոր ղեկավարությանը, քաղաքապետարան: Խնդրին տեղյակ են եւ աջակցելու ցանկություն կա: Մենք այսօր մեր սաների ու նրանց ծնողների հետ բողոքի ակցիա չենք անում: Հասկանում ենք, որ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծելու համար ժամանակ է պետք: Մենք ցանկանում ենք, որպեսզի այսօրվա կառավարությունը նույնպես տեղյակ լինի մեր խնդրին եւ այս մարզադպրոցը դիտարկի որպես հրատապ, առաջնային հիմնանորոգման ենթակա կրթօջախ՝ նկատի ունենալով, որ սա միակ մարզադպրոցն է, որն ունի այսպիսի հսկայական բազա»,- ասաց Դավիթ Ֆահրադյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031