Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Հոկտեմբեր 01,2019 23:44

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում, ունենալ այս հնարավորությունը՝ Ձեզ հետ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Կարծում եմ, որ այսօր իսկապես  Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի են ունեցել հատկանշական իրադարձություններ, մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտնում Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, և ես շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում Երևանում: Դա հիշարժան փաստ է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության համար: Անկեղծ ասած, ես գոհ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությունն այսպիսին եղավ: Իհարկե, դեռևս կա ժամանակ, ես հույս ունեմ, որ մեզ դեռևս կհաջողվի ԵԱՏՄ-ում արձանագրել այլ արդյունքներ ևս:

Եվ իհարկե, մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի,

Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաև շնորհակալություն հայտնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:  Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի:

Նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031