Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ մեկի մտքով չանցնի մեզ կապել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ. ցույց՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման

Հոկտեմբեր 11,2019 17:20

«Մենք թե՛ ՀՀ կառավարությունից, թե՛ Միացյալ Թագավորության (ՄԹ) պառլամենտից պահանջում ենք, որ լինի հետաքննություն, ֆինանսատնտեսական հաշվեքննություն: Մեզ համար անհասկանալի է, որ Միացյալ Թագավորության դեսպանատունը պաշտպանում է օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Արմենիա» կազմակերպության շահերը՝ վտանգելով ՀՀ բնակչության առողջությունը և սեպ խրում ՀՀ-ի և Միացյալ Թագավորության ժողովուրդների բարեկամության մեջ»,-ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ այսպիսի հայտարարությամբ հանդես եկան «Համահայկական Ազգային Համաձայնության» անդամները՝ բողոքի նոտա հանձնելով՝ ուղղված ՄԹ պառլամենտին:

Բողոքի նոտան վերցրեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատակիցը:

Այնուհետև ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք՝ բողոքի նոտա հանձնելու ՀՀ կառավարությանը: Սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին հավաքն իրականացնել ՀՀ կառավարության դիմաց՝ հորդորելով ցույց անցկացնել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ, քանի որ Երևանի քաղաքապետարանն այդ տարածքում ցույց անցկացնելու թույլտվություն է տվել:

«Համահայկական Ազգային Համաձայնության» հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների խորհրդի համակարգող Աշոտ Աշոտյանն այս առիթով հայտարարեց. «Մեր ցույցը պիտի տեղի ունենար կառավարության շենքի առաջ, սակայն մեզ թույլ չտվեցին. ասացին, որ ֆանտանների մոտ լինի: Հիմա ֆանտաններին կփորձենք բացատրել մեր բողոքը: Հարգելի՛ կառավարության անդամներ, ֆանտաննե՛ր, որտեղ թույլ կտան, թեկուզ աղբարկղների մոտ, այդտեղ կանենք մեր ցույցը, բայց մենք հայրենիք չունենք վտանգելու: Վարչապետի գլխավոր արտահայտություններից է՝ մենք ենք տերը մեր երկրի, մենք դա շատ լուրջ ենք ընդունել, որոշել ենք կատարել այն ակցիան, որը կոչվում է՝ դեմ ենք Ամուլսարի շահագործմանը, հանցավոր «Լիդիան» կազմակերպության գործառույթներին, որը ոչ մի փորձ ու հնարավորություն չունի ՀՀ-ում, բացի պղտորելուց ու պղծելուց, որևէ բան անի: Մեր հայրենիքը չունենք վտանգելու որոշ իշխանիկների, նախկին իշխանավորների համար, որոնք հանցավոր համաձայնություն են կնքել «Լիդիանի» հետ»:

«Համահայկական Ազգային Համաձայնության» մտավորականների խորհրդի համակարգող Արթուր Բաբայանը նշեց, որ իրենց համար անհասկանալի է, որ ՀՀ կառավարությունը պաշտպանում է օֆշորային մասնավոր ընկերության շահերը՝ վտանգելով ՀՀ-ի բնակչությանը: Մենք պահանջում ենք անսալ ժողովրդի ձայնին, այլապես պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազում պնդումները, թե ՀՀ-ում կատարվել է հեղափոխություն և իշխանափոխություն՝ իրականում չեն համապատասխանում իրականությանը»:

Նա նշեց, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը միայն վեց ամսվա ընթացքում 55 ծրագիր է իրականացրել «Լիդիանի» համար. «Հարց է առաջանում՝ արդյոք Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատանքը ՀՀ-ում կայանում է «Լիդիանին» սպասարկե՞լը: Այդ նոտան պետք է փոխանցվի բրիտանական պառլամենտին, որ նրանք էլ հետաքննության պահանջով հանդես գան և բացահայտեն «Լիդիանի» ամբողջ գաղտնիքը: Շատ հավանական է, որ սա բորսայական խարդախություն է»:

Ցույցի մասնակիցները նշեցին, որ իրենք դեմ են բոլոր կառավարություններին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և նաև դեմ են Նիկոլ Փաշինյանի այսօրվա թիմին. «Իշխանափոխություն չի նշանակում չինովնիկական պաշտոններ, այլ երկրի հիմնական հարստությունների սեփականատիրություն: Որևէ ախմախի մտքով չանցնի մեզ կապել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ: Մեզ համար հայ ժողովրդի շահն է առաջնային»:

Ցույցի մասնակիցները հավաքի ավարտին բողոքի նոտան հանձնեցին նաև ՀՀ կառավարությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031