Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի տիկին. «Ես երկու Արմեն Սարգսյան ունեմ»

Հոկտեմբեր 12,2019 16:24

«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանի և նրա թոռնիկ Սավաննա Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը: Նունե Սարգսյանը ներկայացրեց  գրքի ստեղծման պատմությունը և ընթերցեց հատվածներ գրքից: Երբ տիկին Սարգսյանը պատմում էր, այդ ընթացքում անընդհատ միջամտում էին ունկնդիր երեխաները: «Սավաննան ուր է»,- հարցրեց մի բալիկ: «Ինքն այսօր այստեղ չէ, բայց ձեզ ուղարկում է իր սերը, պաչիկները եւ  ափսոսանքը, որ այստեղ չէ»,-ասաց տիկին Սարգսյանը: Այնուհետեւ փորձեցին տեսահոլովակ ցուցադրել հեքիաթի անգլերեն տարբերակի շնորհանդեսի մասին:

Երբ էկրանին երեւացին առաջին կադրերը, տիկին Սարգսյանը ցույց տվեց Սավաննային, ասաց, որ կողքի փոքրիկ տղան էլ Արմեն Սարգսյանն է:

«Ես ունեմ մեծ Արմեն Սարգսյան եւ կրտսեր Արմեն Սարգսյան, նա իմ թոռնիկն է»,-ասաց  Նունե Սարգսյանը: Ապա հավելեց. «Կրտսեր Արմեն Սարգսյանը սիրում է նկարել եւ սիրում է ֆուտբոլ խաղալ, երկու ոտքով հավասարաչափ խփում է գնդակին»: Երեխաները տարբեր հարցեր էին ուղղում նախագահի տիկնոջը:

Օրինակ՝ Կառլոս անունով բալիկին հետաքրքրում էր, թե ինչպես էին հեքիաթի հերոսները հայերեն սովորել: «Հեքիաթ գրողը ինչ ուզի՝ կանի, ես եմ գրել այս հեքիաթը, ես ուզեցի, որ իրենք հայերեն խոսեն, դու էլ կարող ես հեքիաթ գրել ու ստիպել, որ կենդանիները քո գրքում խոսեն»,-ասաց Նունե Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը: Նա ասաց, որ տպավորված է Նունե Սարգսյանի գրքով. «Այս գրքում չկա ոչ մի բան, որ բոլոր մայրիկների հետ եղած չլինի… բոլորն ուզում են պատերին ու պաստառներին նկարել… Բոլորիս երեխաները պատերին նկարում են, բայց բոլորս չէ, որ սա նկատում ենք: Տիկին Սարգսյան, դուք սա խնամքով փոխանցել եք: Ես խնդրում եմ բոլոր ծնողներին՝ մի արգելեք ձեր երեխաներին պատերին նկարել… Իմ աղջիկը, որ ժամանակին նկարում էր մեր պատերին, հիմա սովորում է նորաձեւության ակադեմիայում»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031