Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն անցնում է թույլատրելիի սահմանը. Զատուլինը պատասխանել է Բաքվի անպարկեշտ հիստերիային

Հոկտեմբեր 17,2019 23:15

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի Հայաստան և Արցախ այցից, Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովում ելույթից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպությունները, պաշտոնյաները և խորհրդարանականներն արդեն ավանդաբար սկսել են հետապնդումները, ընդհուպ մինչև սպառնալիքներ և ահաբեկումներ: Այս մասին ասվում է Զատուլինի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ամենի մեջ իրենց ներդրումն ունեն նաև Ադրբեջանի առանձին քաղաքացիներ, որոնք նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր են հնչեցնում համացանցում: Օրինակ՝ օգտատերերից մեկը գրել է, որ «նրան հենց պետք է գնդակահարել Ղարաբաղում , լավ է, որ մեր բանակն ունի նման տեխնոլոգիաներ»: «Հիստերիկ քարոզչության գագաթնակետն էլ այս շաբաթ Ադրբեջանի դեսպանության կողմից ՌԴ ԱԳՆ-ին պաշտոնական նոտա հղելն էր: Փաստաթղթում, որ ՌԴ ԱԳՆ-ից և Պետական դումայից պահանջում է «գործնական միջոցներ նախաձեռնել» Զատուլինի հանդեպ, որին դեսպանությունն անվանում է ոչ այլ կերպ, քան «քաղաքական գործիք իր հայ հովանավորների ձեռքում», շատ հետաքրքիր պնդումներ և զարմանալի բացահայտումներ կան: Սկսելով հարցից, թե պատգամավորն ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ Ռուսաստանը թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության անարդար լուծում, ըստ ամենայնի չիմանալով այս հարցի հստակ պատասխանը, հարևան երկրի դեսպանությունը ցուցում է տալիս մեր ԱԳՆ-ին, որ «լինելով իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ, Կ․ Զատուլինը պարտավոր է հավատարիմ մնալ վերոնշյալ պաշտոնական դիրքորոշմանը»»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով ադրբեջանցիներին հուզող այն հարցին, թե ով է ֆինանսավորել Զատուլինի այցն Արցախ, քաղաքական գործի մամուլի ծառայությունը գրում է, որ իրենք կփորձեն բավարարել Ադրբեջանի դեսպանության հետաքրքրասիրությունը, միևնույն ժամանակ կարտահայտեն իրենց կարծիքը: Նախևառաջ նշվում է, որ Զատուլինը Ստեփանակերտում կայացած միջազգային համաժողովին մասնակցել է Պետդումայի արտահերթ նիստերի արանքում և որևէ օգնություն կամ ֆինանսավորում չի ստացել: Զատուլինը համաժողովին գործուղվել է ԱՊՀ երկրների ինստիտուտի կողմից, որը ղեկավարում է 1996թ.: Բացի այդ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 հյուր՝ աշխարհի 30 երկրից, այդ թվում՝ ներկայացուցչական պատվիրակություններ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, որոնք ինչպես Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են: «Համաժողովից մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում հերթական անգամ ընդունել են ԱՄՆ սենատորների: Ադրբեջանական կողմին ենք թողում այն հարցը՝ ինչո՞ւ Ադրբեջանն իր պահանջները չի ներկայացնում ԱՄՆ-ին կամ Արեւմուտքի այլ երկրների, բայց սկանդալ է բարձրացնում Կոնստանտին Զատուլինի այցի շուրջ… Այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ Զատուլինը անցած 25 տարվա ընթացքում միևնույն կոչն է արել՝ հակամարտության խաղաղ կարգավորում, կտրականապես մերժելով ռազմական ցանկացած սադրանք, որին, ցավոք, դիմել է Ադրբեջանը 2016-ի ապրիլին՝ խախտելով հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմին և անձամբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին քաջ հայտնի է, որ տարիներ շարունակ Կ. Զատուլինը հանդես է գալիս հօգուտ ղարաբաղյան խնդրի փաթեթային լուծման, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության ճանաչում և շրջանների վերադարձ… Զատուլինը զենք չի բերում Ղարաբաղ և առհասարակ զենքի վաճառքով չի զբաղվում, նա հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին՝ անկախ նրանից, թե որտեղ է ելույթ ունենում՝ Մոսկվայում, Երևանում, թե Ստեփանակերտում»,-ասվում է հայտարարության մեջ:

Զատուլինի մամուլի ծառայությունը փաստում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի պաշտոնատար անձինք և քաղաքացիներն անցնում են թույլատրելիի սահմանը՝ պահանջներ ներկայացնելով Զատուլինին և Ռուսաստանի այլ քաղաքացիներին կամ կազմակերպություններին, որոնք կիսում են նրա կարծիքը, բացի այդ իրավունք են վերապահում Ռուսաստանի դիրքորոշումը ձևակերպել: «Մենք Ռուսաստանում, օրինակ, ճիշտ չենք համարում Ադրբեջանից արտասահմանցիների արտաքսման պրակտիկան, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, որոնք հայկական ազգանուն ունեն, մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազգային հերոսի կոչում շնորհելը, որը մի քանի տարի առաջ Հունգարիայում՝ ՆԱՏՕ-ի ուսումնական կուրսերին, քնած ժամանակ սպանեց իր հայ գործընկերոջը, կամ, օրինակ, 2016-ին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը Լեռնային Ղարաբաղ այցի համար, ինչը միջազգային սկանդալ առաջացրեց: Վստահ ենք, որ հայաֆոբիա քարոզող և տարածքները վերադարձնելու համար Ադրբեջանին պատերազմի կոչեր անող անձինք ծանր պատասխանատվություն են կրում հենց Ադրբեջանի ժողովրդի առաջ:

Շատ ցավալի է, որ Ադրբեջանի Հանրապետության հարգարժան դեսպանատունն իր բազմաէջանոց նոտայում մի բառ անգամ չի նշել՝ հօգուտ տարածաշրջանում խաղաղության, որի օգտին հանդես է գալիս Կոնստանտին Զատուլինը՝ հերթական անգամ գտնվելով Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031