Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ին իրավապահների կողմից խոշտանգվածներից ոմանք այսօր դուրս են մնացել աջակցության ծրագրից այն պատճառով, որ ՀՔԾ-ն հիմնվում է 2008-ի դատաբժշկական եզրակացությունների վրա. «Ժամանակ»

Նոյեմբեր 19,2019 11:36

2008 թվականի մարտյան իրադարձությունների հետևանքով տուժածները, որոնք, կառավարության որոշման համաձայն, պետք է փոխհատուցում ստանային, փաստի առաջ են կանգնել։ Մարտի 1-ին իրավապահների կողմից խոշտանգված, մարմնական վնասվածք ստացածները, անգամ հաշմանդամ դարձածներից ոմանք այսօր դուրս են մնացել աջակցության ծրագրից այն պատճառով, որ Հատուկ քննչական ծառայությունը հիմնվում է 2008-ին եղած քրեական գործերով դատաբժշկական եզրակացությունների վրա, իսկ դրանով, ինչպես հայտնի է, 2008-ին տուժածներին իրական եզրակացություններ չէին տալիս, կամ վնասվածքները որակվում էին որպես թեթև։

ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանն «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իսկապես խնդիր կա, որը պետք է լուծել, բայց մի բան հստակ է, որ ՀՔԾ-ն ոչ մի դեպքում չի կարող հիմնվել 2008-ի իրավապահ մարմինների, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների վրա, քանի որ դրանք ակնհայտ անհիմն են եղել և չեն արտացոլել իրական վիճակը։ «Մենք 3 խումբ ունենք։ Մի խմբում նրանք են, ովքեր վնասվածքներ են ստացել, և դատաբժշկական կեղծ եզրակացություններ են կազմվել, որոնցով մեղմացվել է ստացված մարմնական վնասվածքների աստիճանը։ Երկրորդ խմբում նրանք են, ովքեր դիմել են, բուժօգնություն են ստացել և առաջին բուժօգնությունից հետո դուրս են գրվել։ Եվ երրորդ խմբում նրանք են, որ այդ օրերի մթնոլորտը հաշվի առնելով՝ ընդհանրապես չեն դիմել բուժօգնության, բայց մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Բնականաբար, 10-11 տարվա վաղեմության վնասվածքները գնահատել եղած փաստաթղթերով կամ դրանց չգոյությամբ, ես կարծում եմ, որ արդարացի չէ։ Այնուամենայնիվ, ՀՔԾ-ն պետք է հաշվի առնի, թե ինչ ժամանակաշրջանում են այդ դեպքերը եղել, ինչ բարքեր են եղել այդ ժամանակ և չհիմնվի այդ փաստաթղթերի վրա։ Ե՛վ ՀՔԾ-ն, և՛ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները պետք է կտրվեն 2008-ի իրականությունից և գտնեն այլ լուծումներ, քանի որ մարդիկ իսկապես ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց մեջ կարող են լինել և՛ միջին, և՛ ծանր աստիճանի»,-ասաց Խաչատրյանը՝ որպես օրինակ բերելով Անդրանիկի օրինակը, որը ծանր մարմնական վնասվածք էր ստացել մարտի 1-ին, կուրացել է, բայց 2008-ին նրա վնասվածքը գրանցվել է որպես միջին, և նա, որպես այս օրենքի շահառու, փոխհատուցում կստանա միջին ծանրության վնասվածքի համար։

Խաչատրյանը պնդում է, որ խնդիր կա իսկապես, ՀՔԾ-ն չպետք է հիմնվի 2008 թվականի եզրակացությունների վրա, բայց դա բնավ չի էլ նշանակում, որ անձի հայտարարությունը պետք է հիմք լինի ՀՔԾ-ի համար՝ նրանց փոխհատուցման շահառու ճանաչելու։ «Պետք է գտնվի մի մեխանիզմ, գործիքակազմ, որով հնարավոր կլինի իրականությունը վեր հանել։ Տեսեք, մենք Թալինից Գվիդոն անունով տուժած ունենք, որի դեպքում 2008-ին արձանագրվել է ճակատի սալջարդ, պատռվածք, բայց չի արձանագրվել այտոսկրի կոտրվածքը։ Հիմա պետք է հնարավորություն տրվի պարզելու՝ այտոսկրի կոտրվածք եղել է, թե ոչ, և արդյոք 21 օրից ավելի՞ է առողջությունը քայքայված եղել, թե՞ ոչ։ Իսկ այս դեպքում 21 օրից ավելի է եղել։ Բայց մի բան հստակ է, որ պետք է այնպես անել, որ այս փոխհատուցման իրական շահառուները օգտվեն դրանից»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կարելի է առաջիկայում քննարկել, թե ինչպես է հնարավոր անել այնպես, որ իրականությունը վեր հանվի։ Դա կլինի միջգերատեսչական հանձնաժողովի տեսքով, թե այլ մարմին, կարելի է քննարկել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930