Տաճար կառուցած մարդը խորագրով հիշատակի երեկո տեղի ունեցավ Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։
Այն նվիրված էր Ակնալճի եզդիական սրբատեղիի հիմնադիր Միրզա Սլոյանին։
Նախ ներկայացվեց տեսաերիզ, որը պատմում էր նրա կյանքի տարբեր շրջանների մասին, ներկայացնում առանձնապես այն ամենը, ինչը առնչվում էր նրա՝ տաճար կառուցելու շարժառիթներին:
Հենց դա էլ նրան մղեց բռնել եւ գնալ տաճար տանող ճամփաներով:
Կարդացեք նաև
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն իր ելույթում ասաց, որ հավաքվել են հարգելու հիշատակը մի մարդու, ով խոր հետքեր է թողել առաջին հերթին իր ժողովրդի կյանքում. «Այդ ամենը արտահայտված է նրա «Տաճար տանող պատվի եւ արժանապատվության ճանապարհը» գրքում, որը լույս է տեսել այսօր եւ առաջին ընթերցողներն այս հիշատակի երեկոյի մասնակիցներն են»։
ՀՀ կառավարության անունից ելույթ ունեցավ ազգային փոքրամասնությունների եւ կրոնի բաժնի վարիչ Վարդան Ասցատրյանը: Նա բարձր գնահատեց Միրզա Սլոյանի գործունեությունը ազգային ինքնության պահպանման եւ հայ-եզդիական բարեկամության ամրապնդման գործում։
Հաջորդ բանախոսները եզդի ժողովրդի ներկայացուցիչներն էին՝ բժիշկ Ռզգան Շարոյանը, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, իրավաբան Ռուստամ Մախմուդյանը։ Նրանք կարեւորեցին այն գործը, որ սկսել էր իրենց ժողովրդի արժանավոր զավակը, որովհետեւ նա Ակնալճում ուզում էր տեսնել մի նոր Լալըշ, հոգեւոր կենտրոն, որը դեպի իրեն կձգեր աշխարհի տարբեր վայրերում ապրող եզդիներին։ Ասվածին «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային ավելացրեց, որ Միրզա Սլոյանը միշտ օգնության եւ աջակցության ձեռք է մեկնել դժվարության մեջ գտնվող իր հայրենակիցներին: Նա աջակցություն ցուցաբերեց հազարավոր մարդկանց, ովքեր մի կերպ փրկվել էին Շանգալի 2014 թվականի ցեղասպանությունից։
Այնուհետեւ ելույթ ունեցան Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը եւ նույն թեմի ավագ քահանա Արտակ Սիմոնյանը։ Սրբազան հայրը Միրզա Սլոյանին գնահատեց որպես իր ժողովրդի ազգային ինքնության պահապան հրեշտակ, ով այդ նպատակով տաճարներ էր կառուցում, հուշահամալիրներ ստեղծում։ Իսկ ավագ քահանան գնահատելով Միրզա Սլոյանի ազգապահպան գործունեությունը՝ կարեւորեց Միրզա Սլոյան-մարդ-անհատականությանը, որի համար առաջին տեղում էին համամարդկային արժեքները։
Ազամարտիկ Ռզգո Սարհանգյանը եւ շեյխ Ռզան ավելացրին, որ ամեն ազգ նման նվիրյալներ է ծնում 100 տարին մեկ, երբ մեկ անձի մեջ դրսեւորվում են բոլոր լավագույն արժեքները։ Նույնը պիտի հաստատեր նաեւ «Ռուսաստանի եզդիների կոնգրես» կազմակերպության նախագահ Սամվել Քոչոյին, որի կարծիքով՝ Միրզա Սլոյանի գործունեության ճիշտ արժեւորումը թույլ կտա կանգ չառնել, առաջ գնալ նրա նախանշած ուղղությամբ եւ հաստատակամությամբ։
Ողջ երեկոյի ընթացքում ցուցադրվում էին սյուժեներ Միրզա Սլոյանի մասնակցությամբ, ինչպես նաեւ կատարվում հայկական եւ եզդիական երգեր «Դիլան» անսամբլի, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանի կողմից։ Ներկաները նվեր ստացան Միրզա Սլոյանին նվիրված «Տաճար տանող պատվի եւ արժանապատվության ճանապարհը» գիրքը։
Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2019



















































