Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնապահները պահանջներ ներկայացրեցին ՍԱՏՄ-ին. նրանք պատրաստ են ավելի մեծ թվով ցույցի դուրս գալ

Հունվար 17,2020 15:55

Անասնապահներն ու մսավաճառներն այսօր նորից բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ: Հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է, եւ անասնապահները պարտավոր են իրենց անասունների մորթը սպանդանոցում իրականացնել: Այս պահանջին դեմ են գյուղացիները. Նրանք վստահեցնում են՝ կառավարությունը պետք է բոլոր մարզերում բավարար քանակի սպանդանոցներ հիմնի, հետո գյուղացիներից պահանջի նման բան: Նրանք պատմեցին, որ սպանդանոցներ կան, որոնք շատ հեռու են համայնքներից եւ անասուններին տեղ հասցնելը մեծ ծախս է:

Սպանդանոցների անբարարար լինելու պատճառով, օրինակ, Արմավիրի մարզի տարբեր գյուղերի անասնապահների կենդանիները ժամանակին չեն մորթվում, սպանդանոցներում հերթեր են:

«Հերիք չի անասունին տեղափոխելու համար ենք փող տալու, մորթի համար ենք փող տալու, մի հատ էլ սաղ «զապչաստը» իրանց ա մնալու: «Զապչաստը»՝ ներքին օրգանները՝ թոքը, ջիգյարը, նույնիսկ պոչը: Մի պոչ էինք ուտում, էդ էլ են ձեռներիցս առնում»,-ասաց անասնապահներից մեկը:

Գյուղացիներն այսօր ասացին, որ սպանդանոցին դեմ չեն, բայց դրա պահանջը փուլ առ փուլ պետք է իրականացվի. «Թող էսօր մեզ չնեղացնեն, անասունի էդ տեղափոխման խնդիրը հանեն գյուղացու վզից, եթե սպանդանոցը տալիս են այն մարդկանց, որոնք հնարավորություն ունեն, թող նաեւ տեխնիկա օգտագործի, սպանդանոցն իր հաշվին վճարի գյուղացին հենց տեղում, ու ֆերմերը համաձայն կլինի դրան»:

Ֆերմերներից մեկն էլ ասաց. «Սպանդանոցն ունի ընդամենը 1 մեքենա, օրը 600 կիլոմետր պիտի քշի, որ մի քանի անգամ գնա-գա, չի անի, չի քշի, ես էլ պիտի ընկնեմ 2-3 հոգի մարդ գտնեմ, որ կարանանք անասունը տեղափոխենք: Էլ անասուն չենք պահի, եթե տենց է, կթողնենք կգնանք Ռուսաստան, ընդեղ լավ փող են տալիս անասուն պահողին»:

Ֆերմերներից մեկն էլ ասաց, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ քննարկելուց հետո առաջարկ է եղել. «Տեսչությունն ասաց՝բոլորին հնարավորություն ենք տալիս, որ իրենց ֆերմաների կողքը ունենան փոքր սպանդանոցները, ու կտանք էդ լիցենզիան, էդ 5-րդ ձեւը: Ես էլ ասեցի՝ իմ գյուղի ժողովուրդը ունի մի գլուխ անասուն, չի կարում տեղափոխի ուրիշ տեղ, ես կարա՞մ էդի իմ գյուղի մեջ սպանեմ: Ասեց՝ մտնելու ես հարկային դաշտ,արդեն բիզնես է կոչվում դա, ու եկամուտ պիտի մուծես»:

Անասնապահները պահանջ են դնում՝ ՍԱՏՄ-ն ժամանակ տա գյուղացիներին այդ փոքր սպանդանոցները հիմնելու համար, իսկ եթե տեսչական մարմինը չհամաձայնվի, երկուշաբթի օրը կառավարության շենքի մոտ ավելի թվով անասնապահներ կհավաքվեն ու կշարունակեն բողոքի ցույցը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031