Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնաբարո դուրսպրծուկ, ասֆալտին փռել». ատելության խոսքի սահմանները՝ ըստ Բորիս Նավասարդյանի

Փետրվար 20,2020 14:20

«Ատելության խոսքի քաղաքականացումը հարցի լուծում չի լինելու: Օրենքի կիրառումը միշտ է բարդ լինելու: Համոզված չեմ, որ մեր դատարանները պատրաստ են նման մարտահրավերներին համարժեք պատասխան տալուն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած՝ ատելության խոսքի քարոզը քրեականացնող օրինագծին՝ ասաց «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը: Նրա մտավախությունը հետեւյալն է. «Կարող ենք ունենալ դատարանների որոշումներ, որոնք կսահմանափակեն խոսքի ազատությունը»:

Բորիս Նավասարդյանը համոզված է, որ միայն օրենսդրական նախաձեռնությամբ հարցը չի կարող լուծվել. «Ամեն օրենսդրական կարգավորում, որը կախված է ատելության կամ բռնության խոսքի հետ, բարդ սահմանումների առաջ է կանգնած»: Ինչ վերաբերում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումների նպատակով ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբին՝ Բորիս Նավասարդյանը նշեց. «Պետք չէ ակնկալել, որ մի քանի շաբաթում հնարավոր է լավագույն լուծումներ գտնել: Չի բացառվում, որ որակյալ օրենսդրության համար մեկ-երկու տարի պետք կլինի: Այլընտրանքային ճանապարհներ են պետք»:

Առաջին այլընտրանքային ճանապարհը, ըստ Բորիս Նավասարդյանի, քաղաքական գործիչների վարքագծի հարցն է. «Հանրությունը սովորաբար հետեւում է նրանց, ովքեր հաջողության են հասել եւ կրկնում է նրանց վարքագիծը, օգտագործում նույն բառապաշարը: Նույն կերպ մարդիկ մտածում են, որ քրեական ենթամշակույթ կրողները, որոնք իրենց որոշակի բառապաշար եւ անբռնազբոս ելույթներ են թույլ տալիս, հաջողակներ են՝ պատգամավորներ, գործարարներ…»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունների՝ «ասֆալտին փռել», «ծեփել պատերին», վերաբերյալ Բորիս Նավասարդյանը համոզմունք հայտնեց, որ դրանք նպաստում են մթնոլորտի շիկացմանը. «Երբ մեջբերում են վարչապետի խոսքերից, որոշ դեպքերում խառնում են, թե ինչը կարող է գործնական իմաստ ունենալ: Եթե խոսքն ասֆալտին փռելու մասին է, ես պատկերացնում եմ, որ ոստիկանի հրահանգին չհետեւող վարորդին ոստիկանը կարող է եւ պառկեցնել: Բայց երբ բառեր են հնչում, որոնք չեն կիրառվում, դառնում են բոլորին վերաբերող արտահայտություններ, այդ թվում՝ քաղաքական հակառակորդներին»: Նիկոլ Փաշինյանի՝ «շնաբարո դուրսպրծուկ» արտահայտությունն էլ, Նավասարդյանի խոսքով, անընդունելի ձեւակերպում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829