Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի նոր էջն ու պատերազմի սպառնալիքը

Փետրվար 27,2020 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը՝ Ստեփանակերտում Հայաստան-Արցախ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում մասնակցեցին երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:

Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ: Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին: «Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրություններում։

Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը կարեւոր ուղերձ է Փաշինյան-Ալիեւ վերջին հրապարակային ելույթներից հետո: Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ վերջին շրջանում բավականին արդյունավետ աշխատանք է իրականացվել եւ այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ՝ «մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են»: Այնուհետեւ Փաշինյանը նկատել է. «Սա ամենեւին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միեւնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում եւ այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարեւորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է եւ առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում»:

Կարգավորման գործընթացում բոլոր դետալների շուրջ տարբեր պատկերացումները, փաստորեն, Փաշինյանը չի բացառում, թեեւ ընդգծում է Արցախի՝ որպես բանակցային կողմի ներգրավածության կարեւորությունը բանակցային գործընթացում: «Այս առումով, շատ կարեւոր եմ համարում, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձեւավորվում է, եթե չասենք ձեւավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն եւ կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերը եւ երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարեւորում եմ այն դիսկուրսը եւ քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձեւակերպվեց եւ այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ»,- նշել է Փաշինյանը:

Նրա փոխանցմամբ՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն անվտանգությունն է, որովհետեւ Արցախը եւ Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են եւ այստեղ մեր օրակարգը որեւէ ձեւով չի կարող տարանջատված եւ տարբերակված լինել:

Այնուհետեւ Փաշինյանը կարեւորել է ՀՀ եւ ԱՀ Զինված ուժերի մարտունակությունը եւ Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը: «Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019-ին, հսկայական միջոցներ է ձեռնարկել եւ հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաեւ կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը եւ հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա եւ ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է: Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության եւ ծառայության հեղինակության միջեւ: Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում բանակը բացարձակ եւ անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որեւէ քննարկում եւ որեւէ թեմա, որովհետեւ Հայաստանում եւ Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց, ցավոք սրտի, մենք ունենք այսպիսի մի երեւույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն, այնուամենայնիվ, որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը եւ մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը եւ այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»:

Փաշինյանն ընդգծել է, որ ԶՈՒ-ն մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը եւ երաշխավորն են, բայց այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել. «Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաեւ ժողովրդավարությունն այն կարեւոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի ՀՀ եւ ԱՀ անվտանգությունը»:

Գալով Արցախում կայանալիք համապետական ընտրություններին եւ ընդգծելով, որ Արցախում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, Փաշինյանն այսպես է հիմնավորել. «Արցախը եւ Ադրբեջանը երբեւէ որեւէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետեւ Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարեւան երկրում եւ այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը եւս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Եվ ես շատ կարեւոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի եւ Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ»:

Փաշինյանն իր խոսքում արձանագրել է մեր տարածաշրջանում անվտանգային լարված վիճակը, նկատելով, որ ավելի նոր սրացումներ են առկա, քան լուծումներ. «Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլեւ ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ գլոբալ անվտանգության ապահովման առումով: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի եւ Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են եւ մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը եւ մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարգային կարեւոր խնդիրն է եւ մեր համագործակցության կարեւոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք եւ իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա»:

Տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը Ստեփանակերտում Հայաստան-Արցախ Անվտանգության խորհուրդների համատեղ քննարկելով, թերեւս, Փաշինյանը ձգտում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել փխրուն հրադադարի եւ հնարավոր ռազմական գործողությունների բռնկման հավանականության առումով:

Ի դեպ, Արցախում ՀՀ եւ ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Ադրբեջանը պատասխանեց հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներով:

Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ԶՈՒ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթեւ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հովհաննիսյանը հավելել է, որ հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է: Ըստ տեղացիների՝ կրակոցները շարունակվել են նաեւ առավոտյան:

Փաշինյանի կողմից Արցախի վերաբերյալ վերջին գնահատականների ֆոնին, որ Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, եւ հայկական կողմի համար նպատակ է ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես նաեւ ուղերձը, որ ձեւավորվում է ղարաբաղյան բանակցային գործընթացի նոր բովանդակություն, կարող են հանգեցնել սահմանային որոշակի լարվածության մեծացման: Ադրբեջանական կողմը մշտապես հայկական կողմից դիրքորոշումների հստակ արձանագրման պարագայում դիմում է սադրանքների:

Հետեւաբար, հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների՝ թե՛ առաջիկա բանակցություններում, թե՛ գործընկերների հետ կուլիսային քննարկումներում, եւ թե՛ շփման գծում ու Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի հետ կապված:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829